ՆԱՏՕ-Ն ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թուրքիան չի կարող օգտագործել բալիստիկ հրթիռների արձակման մասին ՆԱՏՕ-ի ունեցած հետախուզական տվյալները, եթե ռազմաօդային ուժերի համար գնի ռուսական կամ չինական արտադրության զենիթահրթիռային և հակահրթիռային համակարգեր:
Այդ մասին դաշինքի ներկայացուցիչները նախազգուշացրել են Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որը ԶՀ և ՀՕՊ համակարգերի մատակարարման մրցույթ է անցկացնում: Նախնական տվյալներով, թուրքական կողմն առայժմ հրաժարվել է չինական և ռուսական առաջարկները դուրս հանել մրցույթի ցանկից:
ՆԱՏՕ-ի զինվորականների գնահատմամբ ռուսական և չինական համակարգերն անհամատեղելի են Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզական միացյալ ցանցի հետ:
Մինչդեռ որոշ մասնագետների կարծիքով դաշինքում իրականում փորձում են թույլ չտալ կարևոր տեղեկատվության արտահոսք, ինչը կարող է տեղի ունենալ արտասահմանյան սարքավորումները ՆԱՏՕ-ի չափանիշներով պատրաստված տեխնիկային միացնելու դեպքում:
ԶՀ և ՀՕՊ համակարգերի մատակարարման մրցույթը Թուրքիան անցկացնում է 2009թ., գնումների համար նախատեսվում է ծախսել առնվազն 1 միլիարդ դոլար: Մրցույթին մասնակցում են ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունները PAC-3 Patriot, ռուսական «Ռոսօբորոնէքսպորտը» Ս-300, չինական CPMIEC-ը HQ-9, եվրոպական Eurosum կոնսորցիումը SAMP/T Aster 30 համակարգերով:
Մրցույթի հաղթողը կհայտարարվի մինչև 2012թ. սկիզբը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան