Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ



ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔՀատվածներ գրքից

Սկիզբը՝ նախորդ համարներում

 Մարիամը երդում է տվել իր կյանքի մնացյալ օրերը ազգին մատաղ անել՝ գործած մեղքերը քավելու և վրեժը լուծելու համար: Նա Մանազկերտ է մեկնել՝ աշխատանք փնտրելու: Այդ ժամանակ ռուսական սպայակույտի և հայ կամավորական խմբերի հետ կապ պահպանելու և այլ հարցեր լուծելու նպատակով որոշվել էր Իգդիրում հայկական «շտաբ» հիմնել: Այդ շտաբում իբրև հետախույզ է աշխատել Մարիամը, որը քրդական տարազով ծպտյալ պտտվել է քրդական շրջաններում և լրտեսել: Նա առաջնակարգ հետախույզ է եղել. չի հոգնել երբեք, առավոտից երեկո գործել է մեծ եռանդով: Երբ անհրաժեշտություն է առաջացել վստահելի ու կարող հետախույզներ ուղարկելու Տարոնում գտնվող Ռուբենի և Կոմսի մոտ, բոլորի ուշադրությունը կենտրոնացել է Մարիամի և երկու տիգրանակերտցի երիտասարդների վրա: Նրանք հաջողությամբ են կատարել իրենց համար դժվար ու խիստ վտանգավոր առաջարկը: Ռուբենի և Կոմսի կարգադրությամբ Մարիամը Սասունում է մնացել, իսկ մյուս հետախույզները վերադարձել են ու ռազմական արժեքավոր տեղեկություններ փոխանցել: Իր ուխտին հավատարիմ՝ Մարիամը Սասունի մեջ շարունակել է սկսած գործը: Ընդհանուր նահանջի ժամանակ ժողովրդի բեկորները անտառի մեջ են ապաստանել, երբ հանկարծ թուրքերն ու քրդերը հարձակվել են: Երկու կողմերի բուռն հրաձգությունը դադարել է, երբ մութն ընկել է: Թշնամու կրած վնասներն ու զբաղեցրած դիրքերը ճշտելու համար անհրաժեշտ է եղել հետախույզներ ուղարկել: Առաջին կամավորը եղել է Տալվորիկի իշխանական տնից քաջ Գյուլեն: Նա, խոսք առնելով, ասել է. «Ես ծեր եմ, մեռնիմ ալ՝ բան չի պակսի»: Երկրորդ կամավորը Մարիամն էր: Նա լուռ ու մունջ ոտքի է կանգնել և Գյուլեին հետևել: Երկու կանայք ամբողջ շրջանը հետախուզել են և ոչ միայն լուր են բերել, որ թշնամին հեռացել է, այլև լքված զենքերն ու փամփուշտները հավաքել ու տեղափոխել են յուրայինների մոտ: Այս քաջասիրտ հայուհին զոհվել է 1915 թվականին Սասունի վերջին օրհասական կռիվներում՝ իր պարտքը կատարած ու խիղճը հանգիստ:

Մեր ժողովրդի անցյալի կենաց ու մահու պայքարում հերոս հայուհին, հայ կինն ու մայրը շատ դեպքերում քնքուշ էակից վերածվել են քաջ զինվորի, թևատարած արծվի՝ կյանքի գնով թևերը փռելով պաշտպանել են իրենց բույնն ու ձագուկներին: Նման մայրերից էր մշեցի հերոս ֆիդայի Իսմոն: Նա ծնվել է Մուշ քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Գոմեր գյուղում, որն ուներ ընդամենը 80 տնտեսություն: Գեղեցիկ աղջիկներին ու կանանց գոմերցիները դաշտ չեն ուղարկել, քանի որ հայուհիներին առևանգելու նպատակով հայկական գյուղերի մոտերքում վխտացել են թուրք և քուրդ բաշիբուզուկները: Գոմերցի Իսմոյի ընտանիքը բաղկացած էր 42 շնչից: Գերդաստանի հպարտությունը գեղեցկուհի Վարդիկն էր, որին առևանգել էր քուրդ աշիրապետ, մարդասպան Ալոն: Իսմոն տիրապետում էր ձիավարությանը և ամուսնու հետ, տղամարդու շորեր հագած, երկար ժամանակ Ալոյից վրեժխնդիր լինելու նպատակով հետապնդել էր նրան լեռներում ու ճանապարհների վրա: Իսմոյի ամուսինը՝ Մկրտիչը, սպանել էր Ալոյին և միացել Գևորգ Չաուշի խմբին: Նա պատվիրել ու խորհուրդ էր տվել Իսմոյին զգույշ լինել: Հաջորդ օրը Ալոյի վրեժը քրդերը լուծել էին Իսմոյենց գերդաստանից: Նրանք հարձակվել էին Գոմեր գյուղի վրա, այն ավերելուց հետո կոտորել էին Իսմոյենց գերդաստանը ու տունը հրկիզել:

Ամուսնու քույրը՝ Սանամը, որն ավարտել էր Մշո օրիորդաց դպրոցը, լավ տիրապետում էր թուրքերենին: Նա Իսմոյին և երեխաներին հագցրել է թուրքի շորեր և որպես թրքուհիներ՝ նրանք փախուստի են դիմել:

42 հոգանոց գերդաստանից 5 հոգի էր փրկվել՝ Սանամը, Իսմոն, դուստրը՝ Ռեհանը (5 տարեկան), կրտսեր որդին՝ 3-ամյա Համբարձումը և 40 օրական Առաքելը:

Փրկված գոմերցիները, ինչպես ամբողջ Մուշն ու Սասունը, ապաստանել էին փրկարար Անդոկ լեռան վրա: Քաղցած, անհույս, յաթաղանի սարսափներն աչքերի մեջ, Իսմոն ու Սանամը մի կերպ երեխաներին հասցրել էին Անդոկի մութ անտառները: Կանանց փոքր խմբով, երեխաների հետ հաց ճարելու նպատակով, երբ մի անգամ իջել էին ավերված գյուղերը, նրանց վրա հարձակվել էին զինված ասկյարները: Ոսկի որոնելու նպատակով նրանք քրքրել էին կանանց մազերը, հագուստը, գեղեցիկ աղջիկներին բռնաբարել էին, ուշաթափվել էր գեղեցկուհի Սանամը, Ռեհանը վախից փակել էր աչքերը և անշնչացել:

Ասկյարներից մեկը հարձակվել էր Իսմոյի վրա: Վերջինս փորձել էր պաշտպանել երեխաներին, սակայն ասկյարը գնդակահարել էր փոքրիկ Համբարձումին հենց մոր գրկում: Ուշագնաց Իսմոն արթնացել էր փոքրիկ Առաքելի լացից: Ուշքի գալով՝ նա Ռեհանի, Սանամի և փոքրիկ Առաքելի հետ բարձրացել էր Անդոկ, որտեղ դիրք գրաված ֆիդայիները իրենց պաշտպանության տակ էին վերցրել անզեն բնակչությանը: Իսմոն այստեղ փոքրիկ Առաքելին թողել էր Սանամի պաշտպանությանն ու զենքը ձեռքին՝ ֆիդայիների հետ մարտադաշտ ելել:

Ամեն անգամ թուրքի կամ քրդի նշանի տակ առնելիս աչքերի առաջ կանգնել էր արնաշաղախ որդին՝ Համբարձումը, որի մատաղ կյանքի փոխարեն հաշվել էր թշնամու զոհերի թիվը: Ինքնապաշտպանական մարտերին մասնակցելուց հետո, երբ լուր էր հասել, որ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Իսմոն երեխաների և Սանամի հետ իջել էր Մուշ, ապա ռուսական զորքի հետ բռնել էր Նախիջևանի ճանապարհը: Նորից անասելի դժվարություններ, ծանր վիճակ, սով, համաճարակ: Ծանր հիվանդություններից ապաքինված Ռեհանին նկատել էր ռուսական կայազորի պետը, որի օգնությամբ երեխան ուղարկվել էր ապահով վայր՝ բուժվելու: Ճանապարհի փորձությունների մեջ նա կորցրել էր երկրորդ երեխայի հետ կապող վերջին օղակը և մնացել էր միակ որդու` Առաքելի հետ: Այդ օրերին թուրքերը գերել էին Սանամին: Վերջինիս թուրքերենի իմացության շնորհիվ հաջողվել էր փախուստի դիմել և հետագայում ապաստան գտնել Բուլղարիայում:

Իսմոն մարտական փորձ ուներ: Նա ստանձնել էր անպաշտպան կանանց ու երեխաների քարավանի ավագությունը: Անքուն, անհանգիստ շրջում էր նրանց մեջ, հուսադրում դիմանալու մինչև Արաքսի փրկարար ափ հասնելը:

Երկար դեգերումներից հետո Իսմոն իր փոքրիկ խմբով միացել էր Անդրանիկ զորավարի հետևից գնացող գաղթականությանը: 1918 թ. նրանք հասել էին Դիլիջան: Գաղթականության հետ էր նաև մեծ հայդուկապետ Սերոբի կինը՝ հերոսուհի Սոսեն: Շուտով լուր առնելով, որ Վանի և Վասպուրականի գաղթականությունը Պարսկաստանով գալիս է Ռուսահայաստան, սակայն շրջապատված է թուրքական զորաբանակներով, որոնք անխնա կոտորելու էին նրանց, նա իր զորքով և գաղթականների մի մասով հետ էր դարձել նորից Նախիջևան: Թշնամուն խաբելու և նրան խուճապի մատնելու համար գաղթականների մեջ եղած բոլոր երիտասարդ կանայք և աղջիկները Անդրանիկի կարգադրությամբ զինվորական հագուստ էին հագել և ձի նստել: Իսմոն, որ վաղուց էր տիրապետում ձիավարության օրենքներին, փոքրիկ Առաքելին կապել էր մեջքին, յափնջին գցել էր ուսերին ու ձի նստելով՝ մտել էր առաջավոր զորաբանակի մեջ: Անդրանիկի այդ ջոկատն անաղմուկ գրավել էր Ջուլֆայի կամուրջը: Համարձակ գրոհով նրանք գրավել էին նաև Խոյը, սակայն առաջանալ չէին կարողացել, ստիպված նահանջել էին: Արագընթաց վազքի ժամանակ Իսմոյի ձին ծառս էր եղել, արձակվել էին մեջքի կապերը, և երեխան ընկել էր ջրափոսը: Հնարավոր չէր եղել հապճեպ կանգնել, իջնել ու բարձրանալ: Սպիտակ ձիավորը՝ զորավար Անդրանիկը, նկատելով զինվորական հագուստի տակ ծպտված կնոջը, ակնթարթորեն գետնից վեր էր բարձրացրել մանկիկին ու մեկնել նրան: Ջուլֆայից ու Նախիջևանից հասել էին Գորիս ու Էջմիածին: Իսմոն Առաքելին՝ Հախվերդյանների տան միակ ճրագին, սովից և համաճարակից փրկելու համար հանձնել էր Գյումրիի շվեդնորվեգական որբանոց, մինչև կարողանար գլխավերևում ծածկ ունենալ: 1927 թ. Իսմոն երեխային ետ էր վերցրել: Վերջինս սասունցի Առաքել Հախվերդյանն էր: Հերոսուհի ֆիդայու կյանքն ավարտվել է 72 տարեկանում: Հախվերդյանները այժմ շարունակում են Արևմտյան Հայաստանում զոհ գնացած 42 հոգուց բաղկացած Իսմոյի մեծ գերդաստանի նոր տոհմածառը՝ հակառակ թուրք և քուրդ ոճրագործների հայաջինջ ծրագրի:

Շարունակելի

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Հոգևոր-մշակութային


22/06/2017