Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ Է ՀԱՍՈՒՆԱՑՆՈՒՄ



ՊԱՏԵՐԱԶՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ Է ՀԱՍՈՒՆԱՑՆՈՒՄՀանդիպումս էջմիածնեցի Արայիկ Միրզոյանի հետ է:

Նա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր, հրետանավոր:

 Մտքումս հարցեր, հարցեր ու էլի հարցեր են պտտվում: Ճանապարհ եմ ընկնում Արայիկին տեսնելու: Նա ինձ սպասում էր սրճարանում: Մոտենում եմ, բարևում: Զարմանում եմ, որ երիտասարդը ծառայող է եղել:

Բարև, – քմծիծաղ է տալիս:

Զրույցն սկսելուց առաջ բացում եմ նոթատետրս և մտածում՝ նախապես կազմած հարցերս կտամ: Սուրճ եմ առաջարկում: Մինչ կբերեն պատվերը, հարցնում եմ.

Քանի՞  տարեկան ես,-ինձ թվում է՝ 17 հազիվ կլինի, արտաքինից այդպես է երևում

-21 տարեկան եմ:

Ի՞նչ կասես ապրիլյան պատերազմի մասին: –Հարցը տալիս եմ և իսկույն զղջում: Թվում է՝ պարզունակ ու անհիմն է հարցս: Լռություն է տիրում, և հանկարծ արցունքոտվում են երիտասարդի աչքերը.

Մեկ տարի է անցել, և մեկ տարի է՝ ինչ զորացրվել եմ,- փորձում է հուզմունքը թաքցնել,- մի բան կարող եմ ասել՝ մինչ պատերազմը, հավատա՛, չեմ գիտակցել ծառայելու, ընկեր լինելու, նվիրվելու, անմնացորդ կողքինիդ պաշտպանելու կարևորությունը: – Ավելի է լրջանում. – 2016թ. մարտի  31-ին մեր մտքով անգամ չէր էլ անցնում, որ նման բան կարող է պատահել, բայց պատահեց

Արայիկին նայողն իսկապես չի պատկերացնի, որ նա սահմանին է եղել: Սեղանից վերցնում է բջջային հեռախոսն ու սկսում է մտերմաբար նկարներ ցույց տալ ինձ:

Նայի՛ր, մենք ենք՝ այստեղ մեր հրետանին է, ընկերներս,- աչքերում ժպիտ ու վառվող կրակ եմ տեսնում,- լուրջ եմ ասում, երբ սկսվեց խառնաշփոթը, մենք մի ընտանիք դարձանք: Մինչ այդ, հրետանային դիվիզիոնի ավագ սերժանտ էի, ջոկի հրամանատար, միայն այդքանը: Իսկ դժվար պահին եղբայրներ դարձանք:

Նայելով փոքրամարմին, նիհար և մազածածկ դեմքով երիտասարդի աչքերին, որոնք այնքան ասելիք ունեն, հարցնում եմ.

Ի՞նչ դրվագ կամ իրավիճակ կարող ես պատմել, որ տպավորվել է քո մեջ:

Սկզբում տաքտաք էինք: Բան չէինք հասկանում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեց մղձավանջը: Հրետանային դիվիզիոնի անձնակազմը մեկ մարդու նման կանգնեցինք` կազմ ու պատրաստ: –Վերցնում է սուրճի գավաթը և իսկույն վայր է դնում: – Կրակում էր թշնամին, վազվզոց էր շուրջը, անկանոն խառնաշփոթ ու աղմուկաղաղակ: Թվում էր՝ ֆիլմ էի դիտում 3D անիմացիայով,- ժպտում է,- բայց, դե ինչ ֆիլմ, իրականություն էր: Մենք մոռացանք ամեն ինչ: Մեկ ափսեից չորս հոգով ուտել, քնել կողք կողքի, բաց երկնքի տակ՝ սա է սրբությունն ինձ համար: Ինչքան էլ պատմեմ, կան բաներ, որ իմն են: –Ձեռքը մոտեցնում է սրտին:- Նման դժոխքի մեջ ունենալ հարազատ մարդիկ` իսկական հարստություն է

Մի պահ լռություն տիրեց: Արայիկը կրկին վերցրեց սուրճի գավաթը, մոտեցրեց շուրթերին, բայց էլի վայր դրեց:

Այդ դժոխքից մի պայծառ բան մնաց,- ժպտում է, ես լուռ լսում եմ, չեմ ընդհատում նրան. –մեր հրետանային դիվիզիոնը ոչ մի զոհ չտվեց:Պայթյունների և այդ քաոսի ձայնը մինչ օրս ականջներումս է: Երկու օրում մեր կյանքը փոխվեց: Պատերազմը ժամանակից շուտ է հասունացնում:

Լսում եմ 21-ամյա երիտասարդին, և ինձ թվում է՝ նրա հասունությունը, լրջությունը կարծես ֆիզիկական տվյալներին համահունչ չլինեն:

Ի՞նչ տվեց և վերցրեց պատերազմը քեզանից,- հարցնում եմ:

Լռում է, փորձում խնամքով թաքցնել հուզմունքը, բայց չի ստացվում: Զգացմունքներն այլևս կառավարել չի լինում:

Մի քիչ դժվար կլինի պատասխանելը:-Կրկին լռություն:- Այդ օրերին հասկացա, որ պատերազմում բոլորը եղբայրներ են:  Կրակոցների մեջ չես էլ մտածում և անգիտակցաբար գնում ես առաջ՝ չիմանալով անգամ՝ ինչ է սպասվում քեզ առջևում: Մինչ քառօրյան, ես օր եմ սպանել բանակում, իսկ հետո սկսվեց իրական կյանքը: Զինվորը, սպան դառնում են մի դեմք: Եվ կարևոր էլ չէ  հրամանատարիդ ուսադիրների աստղերի քանակը, պաշտոնը: Կարևորը կյանքն է

Գրեթե երկու ժամ լսում էի Արայիկին: Ինչքան լսում, այնքան հարցեր էին առաջ գալիս, չչարաշահելով նրա համբերությունը՝ փորձում եմ եզրափակել զրույցը:

Արայի՛կ, կյանքում հանդիպող դժվարություններն այսօր ավելի հե՞շտ են թվում:

Զորացրվելուց հետո ես որոշեցի կրթություն ստանալ: Այսօր հնարավորությունս թույլ է տալիս: Պետությունը վճարում է ուսմանս վարձը. – գրպանից հանում է զինգրքույկն ու ցույց է տալիս գրությունը, որտեղ նշված է ապրիլյան պատերազմին մասնակից լինելու փաստը:

Արայիկը զգացմունքային լինելով՝ ինձ էլ ստիպեց հուզվել: 21-ամյա նախկին հրետանավորը այսօր էլ պատրաստ է ռազմաճակատ գնալու.

Կարծում եմ` ապրելակերպս կարող է փոխվել, բայց բանակի, զինվորի, պատերազմի մասին կարծիքս՝ երբեք: Այսօր էլ պատերազմը չի ավարտվել, այսօր էլ տղերքն այնտեղ են, զոհվում են…,- լռում է նորից, մտովի տեղափոխվում Հայոց արեւելյան սահմաններ

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Ազգային բանակ


22/06/2017