8 ԶՈՀ` 10 ՕՐՈՒՄ. ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին գերատեսչության վարչական համալիրում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նախարարը հիշեցրեց. դեռես ապրիլին «Ազգ–բանակ» համաժողովի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր 3 տարվա ընթացքում լուծել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության հարցը: Սակայն կառավարությունը որոշում կայացրեց ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից որոշակի գումար փոխանցել ՊՆ հաշվին, ինչն էլ հնարավորություն կտա մինչև տարեվերջ ամբողջությամբ լուծել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային, անօթևանության, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության հարցը. «Տարիներ շարունակ ունեցել ենք կուտակված հերթագրում: Եվ այդ հերթում են անգամ 1992-94 թթ. զոհվածների ընտանիքներ և՛ Երևանից, և՛ մարզերից: Իմ գնահատականով՝ ծրագրին պակասում էր թափանցիկությունը, նաև՝ հերթի ընթացքին առցանց հետևելու հնարավորությունը»,-մանրամասնեց Վիգեն Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ հաջող իրականացման դեպքում հաջորդ տարի կկարողանան անդրադառնալ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության խնդրին:
Նախարարը հայտարարեց, որ Ազգային ժողովի 4 խմբակցությունների հետ մանրամասն քննարկել է «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը: Կարծիքները հիմնականում սատարող էին: Այժմ անցկացվում են սոցհարցումներ, սկսվել է մարզային քննարկումների փուլը: Շտկումներն ու առաջարկները նախարարությունը կներառի ծրագրերում. «Կարծում եմ` մինչեւ հուլիսի կեսերը կամփոփենք հանրային քննարկումների արդյունքները եւ կկայացնենք ծրագրերն իրականացնելու–չիրականացնելու մասին վերջնական որոշում: Օգոստոսին կներկայացնենք կառավարություն, իսկ սեպտեմբերի սկզբին` Ազգային ժողով` լիագումար նիստում քննարկելու համար»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով մի քանի օրից մեկնարկող ամառային զորակոչին, նախարարը տեղեկացրեց` կլինեն նորամուծություններ: Ժամանելով հավաքակայան` զորակոչիկը միանգամից անցնելու է բանակային սնունդի: Այլեւս տնից սնունդ բերելու կարիք չի լինելու եւ թույլ չի տրվելու. «Հավաքակայանում կիրականացվի համապատասխան սպասարկում, նաեւ` զորակոչիկը կստանա ճանապարհային սննդի փաթեթ»,-տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը: Նա կոչ արեց հասարակությանը զորակոչի արդար եւ արդյունավետ կազմակերպման խոչընդոտների ու խախտումների դեպքերի մասին ահազանգել 1-28 հեռախոսահամարով:
Յուրաքանչյուր զորացրվող զինվորի տուն էլ կայցելի սոցիոլոգ` մանրամասն մշակված հարցաթերթիկով: Վերջինս վեր կհանի զորամասում առկա խնդիրները` մարտական հերթապահությունից մինչեւ մարդկային փոխհարաբերություններ: Հարցումը լինելու է անանուն, բայց կամրագրվի զորամասի համարը. «Տվյալները հավաքագրվելու են, եւ սեպտեմբերին կարողանալու ենք զորամաս առ զորամաս տեսնել պատկերը: Բաց տվյալները կներկայացնեմ հասարակությանը, իսկ զգայուն տեղեկատվության հիման վրա կկատարենք եզրահանգումներ` բարձրացնելով զինված ուժերի կառավարման արդյունավետությունը»:
Պատասխանելով Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարված զենքի վերաբերյալ հարցին` Վիգեն Սարգսյանը նշեց, որ բացասաբար է վերաբերվում սպառազինության մատակարարմանը, քանի որ Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է, որտեղ բացակայում են ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները, իսկ ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին ու վերլուծության չենթարկվող խնդիրներով. «Ռուսական, թուրքական, իսրայելական կամ այլ սպառազինություն նոր ու մեծ ռիսկեր է ստեղծում, որովհետեւ անհնար է կանխատեսել, թե ով եւ ինչ որոշում կկայացնի այդ երկրում ցանկացած պահի: Եթե Հայաստանում որեւէ պաշտոնյա ասի, որ շատ ոգեւորված է, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ՝ անկեղծ չի լինի»:
Վիգեն Սարգսյանը կարեւորեց Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը. «Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մեր ծրագիրը, որը ռազմավարական գործընկերությամբ պայմանավորված՝ ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է: Մենք բավարարված ենք, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում: Դա հավակնոտ ծրագիր է, որը պարբերաբար ընդլայնվում է: Եվ այն խնդիրները, որ բարձրաձայնում ենք Ռուսաստանի հետ երկխոսության ժամանակ, շատ ավելի երկարատեւ եւ կայունացնող են, քան ուղղակի զենքի մատակարարումն է»-շեշտեց նախարարն ու հավելեց, որ վերջին շրջանում շարունակվում են զենքի մատակարարումների ուղղությամբ աշխատանքները:
Նախարարը գրեթե համոզված է՝ լայնածավալ պատերազմ չի սկսվի, քանի որ Ղարաբաղի հարցը այդպես չի կարող լուծվել. «Մեծ ռիսկ կա, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի տնտեսական վնաս: Մտածված դիմել նոր պատերազմի՝ կլինի անմտություն: Այդուհանդերձ, չեն բացառվում տարբեր սադրանքների, թիրախային հարված հասցնելու հնարավոր վտանգները, էսկալացիան»:
Իսկ հակառակորդի վերջին նախահարձակ գործողություններից հետո ձեռնարկվել են պատժիչ քայլեր. «Հաստատված տվյալներով՝ 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 8 զոհ է տվել: Չհաստատված տվյալներով՝ զոհերի թիվն ավելին է: Այդ 8 զոհերը դեռևս հուղարկավորված չեն, ու ադրբեջանական մամուլում այդ մասին որևէ հրապարակում չկա», – նշեց նախարարը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում