ՎԱՐՎԵԼԱՁԵՎԻ 10 ԿԱՆՈՆ
1. ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Քննադատությունը թշնամիներ վաստակելու անխուսափելի ճանապարհ է: Ուզում եք մենա՞կ մնալ: Քննադատե՛ք: Բայց դուք ոչ թե արդարության ջատագով կլինեք, այլ չիմացության զոհ: Քննադատելը վտանգավոր է, քանի որ այն իջեցնում է մարդու ինքնագնահատականը եւ վիրավորում ու վրդովում է նրա հոգին:
2. ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ՀԻԱՑԵՔ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ ԵՎ ԿՀԱՂԹԵՔ
Դուք շատ արագ կվաստակեք այն մարդու համակրանքը, որով անկեղծորեն հիանում եք: Սիրեք ձեզ եւ ձեզ համար դժվար չի լինի նշանակություն տալ յուրաքանչյուր մարդու: «Հիացմունքի արժանի են բոլորը, այդ թվում եւ դուք». սա ամենակարեւոր կանոնն է:
3. ՀԵՏԱՔՐՔՐՎԵ՛Ք ՄԱՐԴԿԱՆՑՈՎ
Ժամանակակից հասարակությունը դաստիարակում է եսասերների: Բոլորն ուզում են, որ իրենցով հետաքրքրվեն, բայց քիչ են այն մարդիկ, ովքեր ցուցաբերում են հետաքրքրություն դիմացինի նկատմամբ: Բարի ու կամեցող եղեք, ուշադիր լսեք ձեր զրուցակցին, նրան անունով դիմեք, խոսեք նրա հետ հետաքրքիր թեմաներից, իրականացրեք նրա փոքրիկ ցանկությունները, եւ դուք դեպի ձեզ կգրավեք նրան:
4. ՏՎԵ՛Ք ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅՆ, ԻՆՉ ՆՐԱՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ
Եթե ցանկանում եք ինչ–որ բան ստանալ, ապա դիմեք ոչ թե խնդրանքով, այլ օգնության առաջարկով: Նա, ով կարողանում է իրեն դնել դիմացինի տեղը եւ հետեւել այս կանոնին, կհասնի ամեն ինչի:
5. ԺՊՏԱՑԵ՛Ք
Մարդիկ սիրում են ժպտերեսներին: Ժպտում են երջանիկները: Իսկ ի՞նչ է պետք երջանկության համար՝ ընդամենը 7 կանոն:
♦ Ձեր գլխում թող լինեն «ճիշտ» մտքեր: Մենք այն ենք, ինչ մտածում ենք:
♦ Մի՛ վատնեք ուժ եւ ժամանակ թշնամիների վրա: Լավագույնը, որ կարող եք անել, մոռացեք նրանց գոյության մասին:
♦ Երախտագիտություն մի՛ սպասեք եւ մի՛ վիրավորվեք ապերախտներից: Մի՛ հավասարվեք. դուք նրանցից բարձր եք:
♦ Հաշվեք բարիքը եւ ոչ թե անհաջողությունները: Մի՛ տրտմեք կոշիկ չունենալու համար, քանի որ շատերը կյանքում նաեւ ոտք չունեն: Ուրախացեք ձեր ունեցածով:
♦ Մի՛ նմանակեք ուրիշներին. մնացեք ձեզ նման: Դուք առանձնահատուկ եք, դուք ունեք բազում առավելություններ…
♦ Եթե կյանքը ձեզ կիտրոն է տվել, դուք այն վերածեք հյութի: Նույնիսկ անհաջողությունը կարելի է վերածել հաջողության:
♦ Սեփական խնդիրների համար մտահոգվելու փոխարեն, ուրախություն պատճառեք մարդկանց:
6. ՍՈՎՈՐԵՔ ՁԵԶ ԴՆԵԼ ԴԻՄԱՑԻՆԻ ՏԵՂԸ
Կա մարդու վրա ազդելու միայն մեկ ձեւ. դրեք ձեզ նրա տեղը, հասկացեք` ինչու է նա այդպես վարվում եւ միայն դրանից հետո փնտրեք շփման եզրեր:
7. ԽՈՍՏՈՎԱՆԵՔ ՁԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ
Ընդունեք քննադատությունը: Արեք դա հանգիստ, առանց ավելորդ հուզականության, առանց ինքնախարազանման և ինքնանվաստացման: Ձեր ընդդիմախոսը պարզապես ասելու բան չի ունենա: Նման արձագանքի նա հաստատապես չի սպասում։
8. ԿՈՉԵՔ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԵՐԴ ԵՂԵՔ ԱԶՆԻՎ
Մարդու մեջ նկատեք լավը, և նա կդառնա ձեր ընկերը: Մարդիկ վերաբերվում են մեզ այնպես, ինչպես մենք վերաբերվում ենք նրանց: Այդպիսին է կյանքը: Փորձեք, թեկուզ հետաքրքրության համար, համոզել մարդուն, որ նա լավն է և ազնիվ: Ասացեք ձեր տանն աշխատող վարպետներին, որ նրանց մասին լսել եք՝ որպես քաղաքի ամենալավ վարպետների: Եվ նրանք իրենց բոլոր հնարավորությունները կներդնեն ձեր խոսքերն արդարացնելու համար:
9. ՀՐԱԺԱՐՎԵՔ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՏՈՆԻՑ
Ձեզ դո՞ւր է գալիս, երբ ձեզ հրամայում են: Ո՛չ, և դա ոչ մեկին դուր չի գալիս: Ճնշում գործադրելը արդյունավետ, բայց «մեկանգամյա» զենք է: Երեխան կենթարկվի, բայց հոգու խորքում քեն կպահի: Գնորդը կառնի պարտադրած ապրանքը, բայց այլևս չի վերադառնա: Աշխատակիցը կլսի բղավոցը, բայց կսկսի փնտրել այլ աշխատանք: Մարդիկ իրեր չեն: Բանականությունը, սիրտը և հոգին միշտ ընդվզելու են հրամայական տոնի դեմ:
10. ՍՈՎՈՐԵՔ ԳՈՎԱԲԱՆԵԼ և ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ
Որ կողմից էլ նայես, գովասանքը քննադատությունից լավ է: Քննադատությունից մարդիկ զայրանում են, գովաբանությունից` դառնում լավը: Այն երեխաները, որոնց փոքր ժամանակ չեն գովել, հակված են դեպրեսիաների և նեւրոզների, հաճախ գործը կիսատ են թողնում և չեն կարողանում գտնել իրենց տեղը կյանքում:
Պատրաստեց
ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Ռազմական