«ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԾԱՌԱՅԵԼ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ». ՈՒԻԼՅԱՄ ԳԼԱԴՍՏՈՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ
20-րդ դարի վերջին տասնամյակ: Սեպտեմբերի 21: Պատմության մեջ այս տարեթիվը մեր ազգային եռագույնի երանգներով է գրված: Երկար դադարից հետո աշխարհի քաղաքական քարտեզ վերադարձավ Հայաստանը՝ մի ժամանակ աշխարհակալ տերություն, իսկ այժմ՝ մարդկային սրտի չափ փոքր երկիր. փոքր տարածքով, բայց տիեզերքի չափ մեծ իր պատմամշակութային ժառանգությամբ:
Հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, և մեկը մյուսի հետևից մեր քաղաքի սրտում հայտնվեցին տարբեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա, Գերմանիա, Չինաստան, Իրան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն ու շատ այլ երկրներ, որոնցից յուրաքանչյուրի հետ մեր ժողովուրդն ունի ուրույն պատմություն:
25 տարի առաջ իր անկախությունը վերագտած Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Հայ-բրիտանական միջպետական հարաբերությունների այս տարեդարձը նշանավորվեց յուրօրինակ միջոցառումներով:
Հայաստանոմ Միացյալ Թագավորության դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում դեռ օրեր առաջ տեղադրվել էր մի գեղեցիկ լուսանկար՝ 2015-ին Հանրապետության հրապարակում ՄԹ պաշտպանության նախարարության «Սալամանկա» և Հայաստանի Հանրապետության ՊՆ զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգից մի դրվագ: Աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Սալամանկա» նվագախումբն արժանացել էր նաև հայ հանդիսատեսի հիացմունքին ու բարձր գնահատականին: Իսկ իրենք՝ երաժիշտները, տպավորված էին Հայաստան կատարած իրենց այցով.
-Սա, ասես, կենդանի պատմություն է: Ուստի ուրախ ենք լինելու այստեղ և ներկայացնելու մեր աշխատանքը,- ասել էին նրանք՝ հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում:
Հունիսի 23-ին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբը ու բրիտանական բանակի շեփորահարները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նվագախմբերի, ՀՀ ԶՈՒ պատվո պահակախմբի հետ համատեղ բացօթյա համերգ ունեցան այս անգամ Ազատության հրապարակում: Համերգի կազմակերպիչներն էին ՄԹ և ՀՀ պաշտպանության նախարարությունները. այն կայացավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, պաշտոնատար այլ անձինք: Զինվորական նվագախմբերից բացի, համերգին մասնակցում էր նաև «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը:
Երկու երկրների զինվորական նվագախմբերը հանդես եկան յուրօրինակ ծրագրով՝ երաժշտական կերպարների միջոցով կերտելով հայ և բրիտանացի ժողովուրդների հարաբերությունների կենդանի պատմությունը՝ տարբեր մեր անցած ճանապարհներով, բայց միակամ ընդհանուր նպատակներում՝ պայքար համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում: Միջազգային անվտանգությունը պաշտպանելու համար ժամանակի հրամայական է դառնում մշակութային երկխոսության միջոցով ռազմական համագործակցությունը նոր ձևաչափի մեջ դնելը: Այս առումով, Հայաստանը լինելով քաղաքակրթության օրրաններից ու պաշտպաններից մեկը, հուսալի գործընկեր է յուրաքանչյուր երկրի համար:
Հայաստանի Հանրապետության ու Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա տարեդարձն առիթ է վերաարժևորելու մեր ժողովուրդների հարաբերությունները և գնահատելու առկա ներուժը: «Սալամանկա» զինվորական նվագախմբի, բրիտանական բանակի շեփորահարների, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զինվորական նվագախմբերի և «Երևանյան թմբուկների» համատեղ համերգը այդ ճանապարհի սկիզբն է:
Զինվորական նվագախմբերի համերգը մեկնարկեց երկու երկրների պետական օրհներգերի կատարմամբ: Նրանք ելույթ ունեցան նախ առանձին, ապա՝ համատեղ: Նվագախմբերի դիրիժորների ղեկավարությամբ նրանք կատարեցին անգլիական մեղեդի, հետո՝ մեր մայրաքաղաքի օրհներգը դարձած «Էրեբունի-Երևան»-ը:
Նշենք, որ «Սալամանկայի» ծրագրի առանցքը հույն հայտնի կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսի «Զորբայի պարն է», որը իրենց կատարմամբ Երևանում հնչեց արդեն երկրորդ անգամ: Վերջին տարիներին նրանց համերգների նշանավոր համարներից է նաև «Գահերի խաղը» հեռուստատեսային սերիալի երաժշտությունը, որը ուղեկցվեց բրիտանական բանակին բնորոշ յուրօրինակ քայլերթով: Իսկ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը հանդես եկավ ի՛ր ծրագրով՝ հիմքում էստրադային երաժշտություն և ավանդական պարերի տարրեր: Նրանց ելույթն ուղեկցվեց ՀՀ զինված ուժերի պատվո պահակախմբի գումարտակի դեֆիլեով՝ բարձր վարպետությամբ ցուցադրված գեղեցիկ հնարքներով:
Նվագախմբերի համերգն ավարտվեց: Իսկ Ազատության հրապարակում շարունակում էին ծածանվել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պետական դրոշները:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ