Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ



11-1-3ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանը հունիսի 23-ին հյուրընկալել էր  Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից ժամանած 163 պատանիների:

ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի պատանիների այցը ուսումնական հաստատություն ոգևորել էր ոչ միայն նրանց, այլև համալսարանի վերադաս հրամանատարությանը, դասախոսական կազմին, կուրսանտներին:

Մասնակիցներին ուղեկցում էին «Արի տուն» ծրագրի առաջին փուլի ղեկավար Գարիկ Լալայանը, Ռուսաստանի հայերի միության կրթական բաժնի պատասխանատու Կարինե Եսայանը, նախարարության աշխատակիցներ:

Ուսումնական հաստատության ակումբում նրանց ողջունեց  ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Պավել Պողոսյանը: Վերջինս իր խոսքում ներկայացրեց բուհի անցած ուղին՝ կարևորելով բանակ-հասարակություն կապը, հակաօդային պաշտպանության դերը զինված ուժերում, նրա կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Այնուհետև ներկաները դիտեցին փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմ՝ բանակի և հատկապես հակաօդային պաշտպանության վերաբերյալ, որից հետո նախատեսված էր շրջայց բուհի տարածքով:

Պատանիները բաժանվելով խմբերի՝ համալսարանի դասախոսների ուղեկցությամբ եղան ինքնաթիռների, ՄԻ-8 ուղղաթիռի վարժասարքերի լսարաններում, կրակային պատրաստության  վարժասրահում ծանոթացան կրակելու կանոններին, տեսական և գործնական գիտելիքներ ստացան համապատասխան մասնագետներից:

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի կրթական բաժնի պատասխանատու Կարինե Եսայանը մեզ հետ զրույցում, կիսվելով իր տպավորությունների, հայրենիք-սփյուռք, սփյուռք-բանակ կապերի մասին, ասաց.

-«Արի տուն» ծրագրի շրջանակներում իմ առաջին այցն է Հայաստան: Ամեն տարի ես երեխաներ եմ ուղարկում հայրենիք: Ստանալով հրավեր Սփյուռքի նախարարության կողմից՝ արագացված հայերենի  դասեր տալու «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, որոշեցի ինքս նույնպես մասնակցել ծրագրին: Հավաքեցի երկրամասային խումբ, 13-18 տարեկան, որի կազմում այնպիսի երեխաներ են, ովքեր կրթական համակարգում տարբեր փառատոների, մրցույթների, օլիմպիադաների հաղթողներ են: Նրանց խրախուսելու համար նախընտրեցինք լավագույն տարբերակը՝ մասնակիցը դարձնելով այս հրաշալի միջոցառման:

Սփյուռքի և պաշտպանության նախարարությունների համագործակցության շնորհիվ սփյուռքում ապրող երեխաները  ծանոթանում են բանակային կյանքին՝ ճիշտ պատկերացում կազմելով հայ զինվորի առաքելության մասին: Սփյուռքում ապրող երիտասարդների շրջանում խթանում ենք հայկական բանակում ծառայելու մտայնությունը:

«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸՍփյուռքում բնակվող երեխաների համար հայրենիքի հետ կապված ամեն ինչ հետաքրքիր է և կարևոր: Հրայր Շահինյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասից է: Բազմիցս եղել է հայրենիքում, բայց այս ձևաչաձով առաջին անգամ է:

-Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Միշտ ցանկացել եմ լինել զինվորների կողքին և շատ բան իմանալ մեր բանակի մասին: Երկու տարի հետո վերադառնալու եմ, որ ծառայեմ մեր բանակում:  Ծրագրի շնորհիվ մենք եղանք այստեղ և շատ բան իմացանք օդաչուների, թռչող սարքերի և առհասարակ բանակի մասին: Ես երջանիկ եմ, որ հայ եմ և անպայման պիտի զինվոր դառնամ,- ասում է Հրայրը:

Հրայրի նման շատերը հայրենիքի պաշտպան դառնալու խոստում տվեցին:

Մասնագետներից ստանալով գիտելիքներ, ծանոթանալով ռազմական ավիացիայի գաղտնիքներին, մի քանի ժամ շարունակ լինելով զինվորական միջավայրում՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցները բարձր տրամադրությամբ, մեծ տպավորություններով հրաժեշտ տվեցին  ռազմաավիացիոն համալսարանի անձնակազմին՝ ուղևորվելով Կոմիտասի անվան պանթեոն…

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Բանակ և հասարակություն


29/06/2017