ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
4-րդ զորամիավորման N զորամասում տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն՝ ուղղված կարգապահության և ծառայության անվտանգ կազմակերպման խնդիրներին:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը, բացելով խորհրդակցությունը, ասաց, որ հասունացել էր նման միջոցառում իրականացնելը: Անհրաժեշտ է ժամանակին նկատել թերությունները, դաստիարակչական աշխատանքները իրականացնել նպատակային, ուղղորդվել ուսուցման, դաստիարակության սկզբունքներով, ուսուցանել երիտասարդ սպաներին, նպատակաուղղված աշխատանք տանել հատկապես պայմանագրային զինծառայողների հետ, նպատակային աշխատանք իրականացնել սերժանտական կազմի հետ, քանի որ նրանք են սերտորեն առնչվում զինվորների հետ, ավելի լավ տիրապետում իրավիճակին»:
Ելույթով հանդես եկավ կայազորային քննչական բաժնի քննիչ Հ. Հայրապետյանը` ներկայացնելով քննվող գործերի ընթացքը: Նա նշեց, որ դեպքերը հիմնականում արդյունք են օրվա կարգացուցակի խախտման: Սպաներին հորդորեց ավելի ուշադիր լինել պարտականությունների կատարման մեջ:
Ելույթներով հանդես եկան նաև սերժանտներ Եփրեմյանը, Վարդանյանը, Հարությունյանը, Աբգարյանը: Առաջարկ եղավ, որ սերժանտական կազմը հիմնականում ընտրվի զորամասի արդեն երկար ծառայած և փորձառու զինվորներից:
Զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սեդրակյանը ընդհանուր անդրադարձ կատարեց տիրող մթնոլորտին, ներկայացրեց առաջադրված խնդիրները: Վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է կարգապահության և ծառայության անվտանգ կազմակերպման և իրականացման ուղղությամբ:
Զորամիավորման հրամանատարը ամփոփեց հավաք-խորհրդակցությունը, տվեց մի շարք ցուցումներ:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում