ՌԱԶՄԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Սպաների արհեստավարժ գործունեությունում առանցքային դեր է խաղում ենթակաների հետ բազմաբնույթ ուսումնադաստիարակչական աշխատանքը, անձնակազմի և նրա զինվորական գործունեության նախապատրաստման գործընթացի ղեկավարումը:
Ռազմամանկավարժական բարոյագիտության շատ ու շատ դրույթներ իրենց հաստատուն տեղն են գտել ԶՈւ կանոնագրքերում, դիրեկտիվ փաստաթղթերում, հրամաններում:
Կանոնադրական պահանջների ընդհանրացված վերլուծությունը ցույց է տալիս, որ սպայի բարոյագիտական դրսևորումները արտացոլվում են.
ա) անհատական-պաշտոնական նորմերում,
բ) տարբեր աստիճանակարգի զինծառայողների հետ սպայի փոխհարաբերությունների համակարգի բարոյաիրավական կարգավորումների ոլորտում,
գ) դաստիարակչական ներգործության տարբեր մեթոդների ու միջոցների, կարգապահական իրավունքների կիրառման ոլորտում:
Սպայի արհեստավարժ գործունեության ինքնատիպությունը սահմանում է առանձնահատուկ նպատակներ ու խնդիրներ, բարոյական պահանջներ և գործունեության շարժառիթներ, դրա կազմակերպման ու խթանման ձևեր, գնահատման ու կարգավորման առավել խիստ չափանիշներ:
Սպայի գործունեության բարոյագիտական հարցերն իրենց արտացոլումն ու հստակ դրսևորումն են գտնում մանկավարժական ներգործության մեթոդներում, միջոցներում, հնարքներում: Այս պարագայում գործունեության հիմնական «գործիքներ» են`
♦ գրագետ, կրքոտ, համոզիչ, բարձրարժեք բարոյական խոսքը,
♦ ճարտասանության պարզությունը, հստակությունը,
♦ ուսուցանվողներին փոխանցվող տարաբնույթ արհեստավարժ զինվորական, հոգեբանամանկավարժական և այլ գիտելիքները,
♦ ձևավորված հմտությունները, կարողություններն ու սովորույթները:
Սպայի ռազմամանկավարժական բարոյագիտության էությունն ու առանձնահատկությունները բացահայտվում են դրա ֆունկցիաներում, որոնցից կարելի է առանձնացնել.
Կարգավորող ֆունկցիա – ապահովում են բարոյական գիտակցության, բարոյական վարքի և գործողությունների, ռազմամանկավարժական գործունեության ողջ բնագավառի փոխհարաբերությունների բարոյագիտական կարգավորումը:
Դաստիարակչական – դրա կիրառմամբ դաստիարակչական ոլորտ են բերվում որոշակի բարոյական նորմեր, սովորույթներ, ավանդույթներ, բարքեր, վարքագծի համընդհանուր ընդունված ձևեր, որոնք անմիջականորեն ազդում են զինծառայողների բարոյական ներուժի ձևավորման ու զարգացման վրա:
Ճանաչողական – ինչը առնչվում է հասարակական և անհատական գիտակցությունում բարոյական հայացքներին, գնահատականներին, պահանջներին, տարբեր բարոյական արժեքներին:
Ռազմամանկավարժական բարոյագիտությունը, կառուցվածքային առումով, ներառում է բարոյական պահանջների, սկզբունքների և նորմերի երեք հիմնական, իրար հետ փոխշաղկապված, հարաբերական ինքնուրույնությամբ խմբեր:
Առաջին խումբը կապված է սպայի բարոյական գիտակցության հետ և ներառում է.
♦ բարոյական հայացքները, համոզմունքները և դիրքորոշումները,
♦ այն դրդապատճառները, որոնք ընկած են նրա գործունեության հիմքում,
♦ զինծառայողի հանդեպ հարգանքը,
♦ իր ենթակաների գործողությունների և արարքների ու իր իսկ գործունեության բարոյական պատասխանատվության զգացումը:
Երկրորդ խումբը կապված է փոխհարաբերությունների համակարգի հետ, որում ներառված է սպան:
Դրանում անչափ կարևոր են նաև.
♦ կոլեկտիվ, խմբային կարծիքի, տվյալ անձնակազմում գերակայող տրամադրությունների մշտական ու համակողմանի ուսումնասիրումը,
♦ զինվորական անձնակազմի բարոյահոգեբանական համախմբմանն ուղղված մշտական ու խորապես գիտակցված գործունեությունը,
♦ բոլոր օգտակար ձեռնարկումներին, նախաձեռնություններին ակտիվ աջակցությունը,
♦ անհանդուրժողականությունը զինծառայողների փոխհարաբերություններում ամեն տեսակի շեղումների հանդեպ:
Երրորդ խումբը ներկայացվում է տարբեր մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ դրսևորվող հստակ գործողություններում սպայի վարքագծով:
Սպայի վարքագիծը առանձնապես տեսանելի է մանկավարժական նրբազգացության պահպանման կարողությունում ու դրա դրսևորման աստիճանում:
Սպայի մանկավարժական տակտը արտացոլում է բարոյական հարաբերությունները ենթակաների ու շրջապատող սուբյեկտների հանդեպ, ինքնատիրապետումը ուսումնադաստիարակչական աշխատանքների ժամանակ:
Սպայի մանկավարժական տակտը ներառում է հետեւյալը.
♦ պահանջկոտություն առանց կոպտության ու անձնական արժանապատվության նվաստացման,
♦ շփման պարզություն, բնականություն,
♦ սկզբունքայնություն,
♦ ուշադրություն և զգոնություն` առանց դրանց ընդգծման,
♦ ենթականերին ուսուցանելու և դաստիարակելու կարողություն առանց ընդգծելու սեփական գիտելիքների առավելությունը:
Սրանք նպաստում են ռազմամանկավարժական գործընթացների արդյունավետությանն ու որակին, հետևաբար նաև` բարելավում կրթական համակարգի ուսումնադաստիարակչական գործընթացը:
Սպայի ռազմամանկավարժական գիտելիքների արդյունավետ ներդրումը ենթադրում է.
♦ դաստիարակության նպատակների ու խնդիրների ամբողջականության որոշում, պարզաբանում, առաջադրում:
♦ արհեստավարժ բարոյագիտական դաստիարակության մեթոդների, միջոցների, ձևերի համակարգի ստեղծագործական կիրառում, դրանց օպտիմալ հարաբերակցության ընտրություն` հաշվի առնելով յուրաքանչյուր սպայի զարգացման մակարդակն ու առանձնահատկությունները, նրա կենսագործունեության ծառայողական և մանկավարժական պայմանները:
♦ հարաբերությունների և փոխհարաբերությունների համակարգի, մանկավարժական բարոյագիտության նորմերին համապատասխան գործողությունների և վարքագծի, ռազմամանկավարժական բարոյագիտության նորմերի ու պահանջների պահպանման ժամանակ բոլոր կատեգորիաների սպաների կողմից անձնական օրինակի ցուցաբերում:
ՄԱՐԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
փոխգնդապետ
Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Ռազմական