Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔՆ ԻՄ ԸՆԿԵՐՆ Է



ԶԵՆՔՆ ԻՄ ԸՆԿԵՐՆ ԷՇարքային Վահան Ավետիսյանն է նկարներում: Ավելի ճիշտ՝ Վահանն է ու իր զենքը՝ Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը: Ծառայության ընթացքում նրանք մի միասնություն են դարձել, անբաժան ընկերներ են: Վահանն ասում է՝ «զենքն իմ կեսն է»: Հերթական գործուղման ժամանակ շրջում էինք դիրքում, իսկ նա իր ազատ հերթափոխի ընթացքում մաքրում էր գնդացիրը՝ այնքան խնամքով, այնքան մանրակրկիտ, որ պարզապես հնարավոր չէր ուշադրություն չդարձնել:

-Զենքը մշտական խնամք է պահանջում, յուրաքանչյուր դետալ հարկավոր է լավ մաքրել: Պետք է այնպես պահել, որ մարտի դաշտում այն չխափանվի: Հիմա սահմանի՝ մեզ վստահված տեղամասում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Սակայն ամեն պահի հակառակորդը կարող է դիմել սադրանքների: Հենց այդ ժամանակ էլ զենքս պետք կգա, անվրեպ կխոցի թշնամուն: Դրա համար էլ հիմա շատ ուշադիր եմ, ի վերջո, նաև իմ զենքից է կախված թե՛ իմ, թե՛ ծառայակից ընկերներիս անվտանգությունը,- ասում է Վահանը:

ԶԵՆՔՆ ԻՄ ԸՆԿԵՐՆ ԷՄեր կարճատև զրույցից հետո շատ չէր անցել, երբ Վահանին հանդիպեցինք խրամաբջիջներից մեկի մոտ: Արդեն անցել էր դիտորդի իր պարտականությունների կատարմանը՝ սաղավարտը գլխին, զրահաբաճկոնով և զենքը ուսին…

-Դիտարկումն իրականացնում ենք սահմանված տեղամասերում, զգոն ենք, հակառակորդին մեր գործողություններով հասկացնում ենք, որ յուրաքանչյուր շարժ մեր հսկողության տակ է: Իսկ եթե փորձեն որոշակի գործողություններ կատարել, կծանոթանան «ընկերոջս» հետ,- ժպտալով, բայց վստահ ասաց Վահանը:

Ի դեպ, Վահանի եղբայրն էլ է ծառայում նույն զորամասում, տանկիստ է: Մյուս եղբայրն էլ առաջնագծում է: Կարելի է ասել՝ ընտանիքով ծառայում են: Անտրտունջ, նվիրված՝ արժանանալով խրախուսանքների:

Մարտական հերթափոխը հանձնելուց հետո հրամանատարի հրամանով Վահան Ավետիսյանը բարեխիղճ ծառայության համար մեկնեց արձակուրդ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Ազգային բանակ


29/06/2017