Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ. ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ



ՕԴՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸՕրը շոգ է, աշխատանքային: Բայց Երեւանի «էրեբունի» օդանավակայանում  «ասեղ գցելու» տեղ չկա. նշվում է ռազմաավիացիոն ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը:  Քանի դեռ հանդիսավոր միջոցառումը չի մեկնարկել,  երեխաները մեծ ոգեւորությամբ զննում են ցուցադրված ուղղաթիռները: Իրար հերթ չտալով՝  պտտում են ղեկը, սեղմում այս ու այն կոճակը. վերջապես իրենց իսկական օդաչուներ զգալու  հնարավորություն ունեն:

Անձնակազմը շարվում է հանդիսավոր տողանի, ապա շարահրապարակ է բերվում զորատեսակի մարտական դրոշը: Ներկա են պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, վետերաններ:  Անձնակազմին ողջունում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Շնորհավորելով ռազմաավիացիոն ուժերի տոնի կապակցությամբ՝ նախարարն ընդգծում է՝ սեփական զինուժ ունեցող բոլոր ժողովուրդների համար ռազմական ավիացիան հպարտության եւ ոգեւորության աղբյուր է, նաեւ՝ սեփական երկրի պաշտպանվածության, մարտունակության եւ հզորության խորհրդանիշ. «Սա մի յուրատեսակ տոն է եւ առիթ՝ հետադարձ հայացք ձգելու, վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժեւորելու ունեցած ձեռքբերումներն ու սահմանելու նոր նշաձող՝ առավել նշանակալի ձեռքբերումների հասնելու համար: Այս տոնը  մեր ամբողջ հասարակության ուշադրությունը հրավիրում է այն մարդկանց վրա, որոնց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կազմավորվել է հայկական ավիացիան»: Նախարարն իր խոսքում հիշատակեց ռազմաավիացիոն ուժերի նվիրյալներին, վաստակած հանգստի անցած, բայց իրենց աջակցությամբ զորատեսակին թեւ ու թիկունք դարձած վետերաններին:

ՕԴՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸՎիգեն Սարգսյանն ընդգծեց ռազմական ավիացիան սնուցող երակի` մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի կարեւորությունն ու ասաց, որ ներկայումս զորատեսակի նվաճումների փոխանցիկ դրոշը երիտասարդների ձեռքում է. «Հպարտ եմ, որ համալսարանը կարելի է անվանել հետազոտական, քանի որ այսօր այնտեղ նախագծված եւ ստեղծված սարքերը համալրում են մեր ԶՈՒ կարիքները: Հավատով սպասում ենք թարմ գաղափարների, որոնք ծնունդ կտան զորատեսակի նորանոր ձեռքբերումներին»:

Ռազմական ավիացիոն համալսարանի չորրորդ կուրսի կուրսանտ Գագիկ Բեջանյանը նախարարին ու ներկաներին խոստանում է՝ «Հայկական երկնքում ապահովելու ենք ամուր պաշտպանություն»:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էլ վստահեցնում է, որ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց ծանրակշիռ ներդրումն ունենալ երկրի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում. «Այսօր մենք կարող ենք պատվով իրականացնել մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը՝ ապահովելով ցամաքային զորքերի աջակցություն, իրականացնելով որոնողափրկարարական աշխատանքներ, կատարելով զանազան բարդ առաջադրանքներ»:

Տոնը կրկնակի է դառնում մարտական բարձր առաջադիմություն ցուցաբերած զինծառայողների համար: Հրամանատարից մինչեւ շարքային պարգեւատրվում են մեդալներով ու պատվոգրերով: Ոմանց փոխարեն պարգեւներն ստանում են ընկերները, քանի որ րոպեներ անց նրանք պետք է թռիչքուղուց վեր բարձրացնեն տեխնիկան:

 

ՕԴՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸԱվիացիոն հրավառություն

Ավիացիոն զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վյաչեսլավ Վասկովսկին մի ձեռքում պահել է ռադիոընդունիչը, մյուսում՝ վեցամյա որդու՝ Վիկտորի թաթիկը: Հիշում է. ինքն էլ է առաջին անգամ երկինք բարձրացել 6 տարեկանում՝ հոր ուղեկցությամբ: Վստահ է՝ զինվորական օդաչուի գործը իրենց ընտանիքում շարունակելու է որդին: Իսկ ինքն անպայման խորհուրդներ է տալու, որովհետեւ մեր պայմանները լեռնային են, թռչելը՝ բարդ:  Ահա եւ առաջին ազդանշանը. հրամանատարը պետք է ղեկավարի ուղղաթիռների օդային շքերթը: Հայացքներն ուղղվում են երկինք:

Ավիացիոն տեխնիկայի ցուցադրությունն սկսվում է տրանսպորտային-մարտական ՄԻ-8 ուղղաթիռի թռիչքով: Այն ցուցադրության նախորոշված ուղի է բերում եռագույնը: Հաջորդը ՄԻ-24 մարտական ուղղաթիռների խումբն է, որը գծապատկերում է շեղանկյուն:  ՄԻ-24 ուղղաթիռը նախատեսված է ցամաքային զորքերի աջակցման համար: Ունենալով մեծ հարվածային հնարավորություններ, որը պայմանավորված է կառավարվող եւ չկառավարվող ավիացիոն հրթիռների առկայությամբ, կարող է ոչնչացնել հակառակորդի մարտական զրահատեխնիկա, կենդանի ուժ եւ այլն:  ՄԻ-24 ուղղաթիռները հընթացս վերադասավորվում են զույգ մարտակարգերի: Այս վարժությունը մեծ վարպետություն է պահանջում:  Զույգ մարտակարգերը կատարում են գրոհի նմանակում:

Այնուհետեւ ՄԻ-8 ուղղաթիռի անձնակազմի կողմից իրականացվող որոնողափրկարարական գործընթացի ականատեսն ենք դառնում: ՄԻ-8 ուղղաթիռը կախվում է մոտ 10-15 մ բարձրության վրա: Հատուկ վերամբարձիչի միջոցով կատարվում է «վթարված» ինքնաթիռի օդաչուի տարհանում: Մասնագետները շշնջում են՝ «գերբարդ հնարք է»:

ՕԴՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸՕդ է «մտնում» Յակ տիպի ինքնաթիռային եռյակը:  Այս ինքնաթիռներով են ապագա ռազմական օդաչուները ուսումնամարզական թռիչքներ կատարում: Եվ նորից բարձրագույն ցուցադրական պիլոտաժ: Առաջին կարգի օդաչու, փոխգնդապետ Արթուր Հակոբյանը Յակ-55 ինքնաթիռով կատարում է կիսաօղակ շրջադարձով, վերընթաց շրջադարձ, Նեստերովի օղակ, ուղղահայաց ութնյակ դեպի վար: Այնուհետեւ վեր է խոյանում, թռչում է գլխիվայր  ու կատարում վերընթաց գլորաթռիչք: Հիացական բացականչություններ են լսվում:

 

Ցուցադրության շրջանը ազատվում է, բայց ժամանակավոր: Հարավում արդեն երեւում է մոտեցող Լ-39 ինքնաթիռների քառյակը: Անցումից հետո իրականացվում է խմբի ցրում: Վարպետությունը ցուցադրելու հերթը առաջին կարգի ռազմական օդաչու, փոխգնդապետ Հարություն Զաքարյանինն է:  Վերընթաց ութաձեւ թռիչք, սահմանային վիրաժ, հորիզոնական գլորաթռիչք. առանձնակի հմտություն պահանջող հնարքներ են:  Էլեմենտներն էլ ավելի արտահայտիչ է դարձնում ուղեկցվող սպիտակ ծուխը: Ամենատպավորիչը, սակայն, «խմած օդաչու» վարժությունն է, երբ  ինքնաթիռը գետնից բարձր է ընդամենը 3-6 մետր: Բոլորն են լարվում:

Հերթը Սու-25 Կ-երինն է: Այս ինքնաթիռը մեկ տեղանի զրահապատ մինչձայնային գրոհային է: Մարտի դաշտում նախատեսված է  ցամաքային զորքերի անմիջական աջակցման համար: Խումբը իրականացնում է ցրում: Այնուհետեւ գնդապետ Ներսեսյան-փոխգնդապետ Բաբայան զույգը իրագործում է խմբային բարդ պիլոտաժ՝ զույգով անցնելով ժամում 650 կմ արագությամբ: Նախապատրաստվում են գրոհի, «հրթիռահարում են», «ռմբահարում» եւ զույգով վայրէջք են կատարում, ինչը, ասում են, անգամ փորձառուների համար է խրթին:

ՕԴՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸՄի-8 ուղղաթիռ է հայտնվում 1500 մետր բարձրության վրա: Հիմա դեսանտավորելու է պարաշյուտային ծառայության լավագույն մասնագետներին:  Օդում հերթով բացվում են դեսանտայինների՝ հովանոց հիշեցնող անկարգելները: Ահա եւ ամենավառը՝ ավագ ենթասպա Լարիսա Սարգսյանի պարաշյուտը:

Օդում ծածանվում են հայոց եռագույնն ու զինված ուժերի ավիացիայի դրոշը:

Ավիացիոն հրավառությունն ավարտված է: Ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատար, փոխգնդապետ Վիգեն Սարգսյանը բացում է ՄԻ-24 մարտական ուղղաթիռի դուռը: Ժպտում է ամբողջ դեմքով. «Արդեն որերորդ տարին է՝ թռիչքից հետո շրջվում եմ, նայում խցիկին ու ինքս ինձ ասում՝ քո կյանքի ամենաճիշտ ընտրությունն էր: Օդում ես տանն եմ»:

 

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/06/2017