ԲԱՆԱԿԻՆ՝ ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐ
2017թ ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերն անցկացվում են ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում (Մոսկովյան 5) յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին՝ ժամը 10։00-ից 18։00-ը: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:
Հունիսի 26-ին հանձնաժողովի առաջին նիստն էր: Հանրապետության մարզերից տարբեր մտահոգություններով եւ բողոքներով հանձնաժողովին են դիմել զորակոչիկների ծնողներն ու հարազատները:
-Այս պահի դրությամբ ստացել ենք 35 դիմում-բողոք, նիստի ընթացքում կքննարկվի 25-ը,- նշում է հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը,- անցյալ զորակոչին քննարկվել է 110 դիմում-բողոք: Դիմումներում հիմնականում առողջական բնույթի խնդիրներ են շոշափվում:
Դիմում-բողոքները քննարկվում են զորակոչիկների եւ նրանց հարազատների մասնակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս լիարժեքորեն խորամուխ լինելու խնդրահարույց հարցերում, լրացուցիչ տեղեկատվություն ստանալու:
Ներկայանում է առաջին դիմումատուն. Քրիստինե Ավետիսյանի որդին՝ զորակոչիկ Ա. Պողոսյանը, տեսողության հետ կապված խնդիրներ ունի, վիրահատվել է աջ աչքի կեռատոկոնուսի պատճառով: Դիմումատուն պնդում է՝ որդու ձախ աչքում եւս առկա է կեռատոկոնուս, եւ անհրաժեշտ է վիրահատություն: Սակայն ծնողի ներկայացրած փաստաթղթերում բացակայում է մասնագետի վերջնական ախտորոշումը: Հանձնաժողովը հետաձգում է որոշում կայացնելը՝ ժամանակ տալով ծնողին ներկայացնելու ակնաբույժի եզրահանգումը: Զորակոչիկ Էդուարդ Մելքոնյանն էլ մենակ է ներկայացել հանձնաժողովի նիստին: Էդուարդը հետազոտվել է Գ. Լուսավորիչ ԲԿ-ում, երկկողմանի երկայնակի 3-րդ աստիճանի հարթաթաթություն ախտորոշմամբ: Երիտասարդը համոզված է, որ իր ոտնաթաթերի ձեւափոխության հետ կապված հետազոտությունը լիարժեք չէ, եւ համաձայն չէ ընդունված որոշման հետ, խնդրում է վերանայել:
Հանձնաժողովի նիստին ներկայացած Վարդան Գալստյանն էլ խնդրում է կրկին հետազոտել որդուն՝ Արգիշտիին. ծնկի շրջանի ցավերը հանգիստ չեն տալիս որդուն: Ա. Գալստյանը ճանաչվել է զինծառայությանը պիտանի սահմանափակումով: Հայրը նշում է նաեւ, որ մյուս տղան այս պահին ծառայում է առաջնագծում, ինքն էլ անձամբ ապրիլյան քառօրյայի մասնակից է:
-Ես դեմ չեմ ՝ որդիս պետք է ծառայի, բայց միայն առողջ լինելու դեպքում:
Նիստի ընթացքում պարզվում է, որ նորակոչիկն այլ խնդիր էլ ունի, որը դիմում- բողոքի մեջ նշված չէ, եւ անհրաժեշտ է մասնագետի եզրակացությունը: Նորակոչիկն ուղարկվում է լրացուցիչ հետազոտության:
…Հանձնաժողովի անդամներն ուշադիր լսում են բոլորին, ապա մանրակրկիտ հիմնավորումներով բացատրում, մանրամասն ու մատչելի պարզաբանում: Արվում է հնարավորը, որ բանակը համալրվի առողջ զինվորներով, որ խնդիր ունեցողները չհայտնվեն բանակում: Հանձնաժողովի նպատակը զորակոչի գործընթացի նկատմամբ հասարակության վստահության մթնոլորտի ամրապնդմանը նպաստելն է:
Հանձնաժողովի աշխատանքները թափանցիկ են, բաց լրատվամիջոցների համար:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Ազգային բանակ