ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼ
Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։
Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ գործընկերներին ներկայացնելով Աֆղանստանում և ընդհանրապես տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման՝ Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաև առաջարկել է որոշակի լուծումներ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակներում։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։
Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ՀՀ համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է եղել նաև գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձևաչափի վերաբերյալ։
Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Մ. Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։
Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպել է մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է փորձագետների հարցերին, ինչպես նաև ծանոթացել նրանց իրականացրած վերջին հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին։