Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ



♦ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման համար հունվարի 1-ից մինչ  օրս  հավաքագրել է 2 մլրդ 250 մլն դրամ, որից 45 միլիոնը կամավոր նվիրաբերություններն են:

 ♦ Հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ նվիրաբերությունները կատարվել են Հայաստանից:

 ♦ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում կատարել է 162 միլիոն դրամի 16 հատուցում՝ 14 զոհված, 2 հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների: Գումարը փոխանցվել է պաշտպանության նախարարությունից հայտն ստանալուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում:

 ♦ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» նվիրաբերությունները կատարվել  են երեք եղանակով. հունիսի 30-ի դրությամբ 1000plus.am կայքի միջոցով հավաքագրվել է 8 մլն 844 հազ. 787 դրամ, բանկային փոխանցումների միջոցով՝  36 մլն 189 հազ. 301 դրամ և կարճ հաղորդագրության միջոցով՝ 252 հազ. դրամ:

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՊաշտպանության նախարարությունում հուլիսի 3-ին  նիստ էր գումարել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհուրդը: Այն վարում էր պաշտպանության նախարար, հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը: Խորհուրդը համալրված կազմով էր ներկայացել: Նոր  անդամը խորհրդարանական ընդդիմությունից է՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը: Առանց դեմ եւ ձեռնպահ ձայների ընդունվեց օրակարգը: Այնուհետեւ քննարկվեց հիմնադրամի ներքին աուդիտ իրականացնողի նշանակման հարցը: Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանն առաջարկեց ԿԲ ներքին աուդիտի գործառնական բաժնի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանի թեկնածությունը: «Արտակ Բաղդասարյանը տնտեսագիտության թեկնածու է, ավարտել է Ֆլետչերի իրավագիտության դպրոցը: Առաջարկում եմ, որ Բաղդասարյանն իրականացնի Հիմնադրամի ներքին աուդիտի գործառնությունները»,-ասաց Ավետիքյանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատեց առաջարկը:

Օրակարգում էր նվիրաբերությունների հավաքագրման հայեցակարգը՝ կամավոր վճարումների հավաքագրման նոր գործիքակազմով: Առայժմ նվիրաբերություն կարելի է կատարել երեք եղանակով՝ բանկային քարտով՝ աշխարհի ցանկացած կետից, բանկային հաշվից փոխանցումով եւ 1028 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով: Սակայն արդեն հուլիսի վերջից հնարավոր կլինի գումար նվիրաբերել վճարահաշվարկային համակարգերի՝ «Իդրամ», «Թելսել» եւ «Իզի փեյ» տերմինալների միջոցով: «Նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել, իրականացվում է ծրագրային ապահովում: Այն հնարավորություն կընձեռի մարդկանց 100 դրամից  մինչեւ 99 հազ. դրամ փոխանցումներ կատարելու»,- հայտնեց Վարուժան Ավետիքյանը: Համալրման մյուս տարբերակը տարին մեկ անգամ որոշակի թեմայով, ուղղվածությամբ ու կոչով բարեգործական համերգ կազմակերպելն է: Այն մշակութային միջոցառում լինելուց զատ հանրությանը հասու կդարձնի նաեւ հիմնադրամի գործունեությանը:

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ«Այժմ մենք բանակցում ենք ՌԴ բջջային կապի օպերատորների հետ, որ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները կարողանան կարճ հաղորդագրության միջոցով հիմնադրամին գումար փոխանցել»,-երրորդ տարբերակը ներկայացրեց գործադիր տնօրենը: Վիգեն Սարգսյանը արձագանքեց՝ այս մտահղացումն օր առաջ պետք է իրագործել: Առաջարկվեց նաեւ թողարկել Հիմնադրամի լոգոն եւ այն փակցնել տարբեր կազմակերպությունների ապրանքների վրա: Սպառողը, գնելով այն, լոգոյի վրա նշված գումարը կփոխանցի Հիմնադրամին: Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ` ապրանքների վրա պիտակներ փակցնելը վարչարարական մի շարք  խնդիրներ կառաջացնի: Սփյուռքի ներկայացուցիչներն էլ հայ համայնքներում հիմնադրամի գործունեությունը ներկայացնելու, ինչպես նաեւ եկեղեցիներում հանգանակությունների արկղեր տեղադրելու առաջարկներ են հնչեցրել: Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ գաղափարը վաղաժամ է. «Այն պետք է քննարկել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ»:

Առաջ քաշվեց նաեւ փոստային նամականիշերի եւ արժեկտրոնների ձեռքբերման միջոցով նվիրաբերումներ կատարելու տարբերակը: «Եթե հոգաբարձուների խորհուրդը նպատակահարմար գտնի ներդնելու այս մոտեցումը` «Հայփոստ» ՓԲԸ-ի ու Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ կհամաձայնեցնենք նամականիշերի թեմատիկան»,-ասաց Ավետիքյանը:

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆերկայացված տարբերակները Վիգեն Սարգսյանն ընդհանուր առմամբ ընդունելի որակեց, բայց. «Մեր առաջնահերթությունը պետք է լինի վստահությունը: Ներդրվող ցանկացած համակարգ պետք է բացառի որեւէ խախտում կամ չնկատված գումարի հնարավորություն: Պետք է գործեն վերահսկման հստակ մեխանիզմներ»: Խորհուրդն ընդունեց հայեցակարգի նախնական տարբերակն ու քննարկեց հիմնադրամի շահառուների համար փորձագիտական խմբի մշակած հատուկ գրքույկը` գումարը կառավարելու օգտակար խորհուրդներով:

Ուշադրության կենտրոնում էին նաեւ 1000plus.am կայքի կատարելագործման հարցերը: Գլխավոր էջում կուտակված գումարն արդեն առանձնացվել է ըստ հաշվիչների՝ պարտադիր եւ կամավոր. «Հավաքագրված 2 մլրդ 250 մլն դրամից կամավոր սկզբունքով հիմնադրամին վճարվել է ընդամենը 45 մլն դրամ, ինչը փոխհատուցումների մեկ քառորդն է: Ընդ որում՝ 4.2 մլն դրամը 1 շաբաթվա ընթացքում փոխանցվել է կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի անունով: Կինոռեժիսորի ընտանիքը նրա մահվանից հետո կոչ էր արել ծաղկեպսակների գումարը նվիրաբերել հիմնադրամին: Այս թվերը եւս մեկ անգամ ընդգծում են, որ  հիմնադրամը կամավորության սկզբունքով պարզապես չէր գործի»,-նշեց նախարար Սարգսյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ամեն անգամ անհատական նամակ է գրում դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի ընտանիքին. «Տեղեկացնում եմ, որ փոխանցվող գումարը հավաքագրվել է մեր ժողովրդի աշխատանքի արդյունքում, եւ որ սա մեր հասարակության վերաբերմունքն է այդ ընտանիքին»:

 ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


04/07/2017