ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՓԱՌՔԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ. ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՆՐԱՆՑ ԿԱՐԻՔԸ…
Աֆրիկյան Սուդան հանրապետությունը վաղուց ջլատվում է քաղաքացիական պատերազմից. հազարավոր մարդիկ զոհվում են զինված ընդհարումների, քաղցի և ծայրահեղ դաժան կենսապայմաններում արագ տարածվող հիվանդությունների պատճառով: Արևմտյան Սուդանում գտնվող լեռնային Նուբայի բնակիչներն իրենց հողակտորի վրա ապրելու համար ամենօրյա դաժան փորձությունների են ենթարկվում: Թեև մենք խորքից չգիտենք, թե որոնք են այնտեղ ծավալվող ռազմական գործողությունների հիմքերն ու պատճառները, բայց որպես պատերազմ և տարբեր արհավիրքներ տեսած ժողովուրդ՝ մեզ ցավ է պատճառում մարդկային տառապանքը:
Հայերիս ձեռնարկած «Ավրորա» մրցանակաբաշխությունը համայն աշխարհում մարդասիրությունը մեկ անգամ ևս արժևորելու կոչ է, որ մեր երկրի մայրաքաղաքում միավորում է աշխարհի ամենամեծ մարդասերներին: Չէ՞ որ մարդասիրությունն է, որ ավելի, քան որևէ այլ մարդկային հատկանիշ, մեզ մոտեցնում է Արարչին… «Ավրորա» մրցանակաբաշխության շնորհիվ աշխարհը ևս մեկ անգամ լսեց Թոմ Քաթինա բժշկի և նրա գործած անօրինակ մարդասիրական առաքելության մասին…
Թոմ Քաթինա… հայտնի է նաև «Նուբայի Հիսուս Քրիստոս» անունով: Այս տարվա՝ 2017թ.-ի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչված ամերիկացի այս միսիոներ բժիշկը Սուդանի կառավարության և Սուդանի ազգային-ազատագրական շարժման միջև բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին անթիվ-անհամար մարդկանց կյանք է փրկել: Տարիներ շարունակ աշխատել է «Գթության մայր» հիվանդանոցում, որը միակ գործող հիվանդանոցն է ամբողջ տարածաշրջանում: Միակ բժիշկն է այստեղ, որ հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր: Նա հոգ է տանում Նուբայի ավելի քան 750,000 բնակիչների մասին: Թոմ Քաթինան անցած տարի նույնպես «Ավրորա»-ի հավակնորդների թվում էր, սակայն չէր կարողացել թողնել խնամքի տակ եղած հիվանդներին և գալ Երևան: Նա միայն ծայրահեղ դեպքերում է լքում իր հիվանդներին: «Ավրորայի» այս տարվա մրցանակաբաշխությանը ներկա լինելու համար Սուդանի լեռնային Նուբա բնակավայրի հիվանդանոցում Քաթինային փոխարինելու շտապեցին երեք հայ բժիշկներ՝ ռազմական վիրաբույժներ Հայկ Հովհաննիսյանը, Գևորգ Ոսկանյանը Հայաստանից, իսկ գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը՝ Քենիայից, որտեղ դարձյալ մարդասիրական առաքելությամբ աշխատում էր և հենց այնտեղից էլ միացել էր գործընկերներին՝ այսպիսով իրականացնելով Թոմ Քաթինային՝ այդ արտասովոր մարդուն հանդիպելու երազանքը:
Առաքելության մեկնող բժիշկների ընտրության հարցում որոշիչ եղան ռազմական ոլորտում աշխատանքի փորձը, անգլերենի լավ իմացությունն ու, իհարկե, մասնագիտական բարձր գիտելիքները:
Իսկ ինչո՞ւ էր հենց այս բժիշկներին բաժին ընկել մարդասիրական այս առաքելությունը…
Նուբայի լեռներ մեկնած բժիշկներն այնտեղ աշխատել են Թոմ Քաթինայի ռեժիմով` 24 ժամ, յոթ օր սկզբունքով: Շաբաթական երկու անգամ շուրջօրյա վիրահատությունների օր էր նշանակված: Մյուս օրերին կատարում էին համայցեր, վիրակապումներ և հիվանդների ընդունելություն: Մեկ ամսվա ընթացքում հայազգի բժիշկները մոտ 30 վնասվածքաբանական, գինեկոլոգիական և կրծքային վիրահատություններ են իրականացրել, վիրահատել են հրազենային վիրավորումով երկու հիվանդի: Արմինե Բարխուդարյանն այդ ընթացքում 20 ծնունդ է ընդունել:
ԿԿԶՀ կրծքային վիրաբուժության բաժնի պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանին վաղուց՝ մինչև այս իրադարձություններն էի ուզում հանդիպել. լսել էի նրա մասնագիտական և մարդկային բարձր որակների մասին: Արցախյան ազատամարտի մասնակից է, 23 տարի է, ինչ ծառայում է ՀՀ զինված ուժերում:
Գևորգ Ոսկանյանը դեռ բժշկականի ուսանող էր, երբ հանրակացարանում մի դեպք պատահեց, որն էլ նրան ուղիղ մարտադաշտ տարավ: Արկի պայթյունից ծանր վիրավորված երիտասարդի քույրը վախեցած եկել, և, որպես բժշկականի ուսանողի, խնդրել էր, թե` ինչով կարող է օգնել եղբորը: Ցնցումների մեջ՝ երիտասարդը վերապրում էր պատերազմական վերջին իրադարձությունները և անընդհատ խոսում էր: Գևորգին այդ օրվանից հանգիստ չէր տալիս այն միտքը, որ ինքն իր համար նստած է Երևանում, իսկ այնտեղ` կռվի դաշտում… Շուտով ընկերների հետ հայտնվեց Շահեն Մեղրյանի հատուկ նշանակության «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում: Նրա հետ էր նաև բժշկականի ուսանող Վահե Բաղդասարյանը, որ այս պատերազմում հերոսանալու էր, և որի անունով Գևորգը հետագայում իր որդուն էր կոչելու:
Ռազմի դաշտում արդեն Գևորգը հասկացել էր, որ քաղաքացիական բժիշկները ռազմական փորձի կարիք ունեն: Հետախուզական գործողությունից հետո ականի պայթյունից ջոկատի տղաներից մեկը զոհվել էր, երկուսը ծանր վիրավոր էին… Այդտեղ էր, որ առաջին անգամ ստիպված էր վիրավորների հետ միայնակ գիշեր անցկացնել: Կամո Հարությունյանը, որ ավելի փորձառու էր, գնալու էր օգնություն բերելու: «Հիշում եմ, թե ինչպես կասկածով նայեց ինձ. արդյոք կմնա՞մ: Այդ հայացքը մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս. և՛ պարտավորեցնող, և՛ ուժ տվող հայացք էր: Նրա մեկնելուց հետո սկսեցի վիրակապել ընկերներիս: Նրանցից մեկը կրծքավանդակի, մյուսը՝ գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել: Վախենում էի ինչ-որ բան սխալ անել… Այդ միտքը տանջում էր: Հենց այդ պահին էր, որ սկսեցի մտածել՝ ա՛յ, եթե ռազմական բժիշկ լինեի՜…»: Պատերազմից վերադառնալով` Գևորգն ընդունվեց Բժշկական համալսարանի` նոր բացված ռազմաբժշկական ֆակուլտետ:
«Յուրաքանչյուր մարդ, որ անցել է պատերազմի բովով, խաղաղության առաջամարտիկ է դառնում: Անկախ նրանից՝ հաղթել ենք, թե ոչ, բոլորս էլ պատերազմի դաշտում անդառնալի կորուստներ ենք ունենում,- ասում է բժիշկը,- բայց որպես ռազմական բժիշկ` պատերազմը ինձ մեծ ուժ և հաստատակամություն տվեց: Անգամ տարիներ անց, երբ մեր բժշկական ծառայության այսքան երկար ճանապարհ եմ անցել, հաճախ այն ժամանակվա փորձը որոշիչ դեր է խաղում իմ գործում»: Այս փորձառությունը Գևորգին օգտակար եղավ նաև հիշյալ առաքելությանը մասնակցելիս: «Սուդանում թոքի վիրահատություն եմ արել և հայտնվել եմ մի վիճակում, երբ համապատասխան սարքավորումներ չունենալու պայմաններում ստիպված էի արագ կողմնորոշվել: Փա՜ռք Աստծու, վիրահատությունը հաջող անցավ:
Առաջին անգամ Թոմ Քաթինայի հայացքին հանդիպելով` զգացի նրա մեծ նվիրումն իր գործին: Ամեն առավոտ 5:30-ին նա իր օրն սկսում է եկեղեցում աղոթելով: Եկեղեցին էլ մեր պատկերացումներից հեռու մի բան է՝ մետաղական կիսածածկ կտուրով մի պարիսպ: Այնտեղ, առավել քան երբևէ, հստակ զգացի, որ եկեղեցին տաճարը չէ, այլ մարդիկ են, որոնց հայացքները ճշմարիտ հավատով ուղղված են առ Աստված: Երբ փորձում ես վերլուծել Քաթինայի գործողությունները, հասկանում ես, որ գերմարդկային ուժ է հարկավոր՝ անելու այն, ինչ նա անում է ամեն օր: Իր նուբացի կնոջ` Նասիմայի հետ, որը «Գթության քույր» հիվանդանոցի բուժքույրերից է, Քաթինան ապրում է կենցաղային տարրական պայմաններից զուրկ խրճիթում` կարիճների և օձերի հարևանությամբ, ռմբակոծության ամենօրյա վտանգի տակ և անձը մոռացած՝ ծառայում է Նուբայի խեղճ, կարիքավոր ժողովրդին: Շփումը Քաթինայի հետ ինձ համոզեց, որ նախկինում իմ կատարած մարդասիրական բոլոր քայլերը ոչինչ են այն ամենի համեմատ, ինչն այս աշխարհի մեծ մարդասերներն են անում»,-պատմում է Գեւորգ Ոսկանյանը:
Աֆրիկյան հեռավոր այս գյուղում Գևորգը ապշանքով տեսել է, որ յուրաքանչյուր տան մեջ՝ մի քանի քառակուսի մետրի վրա, 17-20 հոգանոց ընտանիք է բնակվում: Ըստ տեղի բնակչության կրոնական համոզմունքների՝ որքան Աստված պարգևում է, այնքան էլ երեխա պետք է ունենան: Կատակել է, թե` «հերթո՞վ եք քնում»: Հետո է հասկացել՝ բոլորը չէ, որ ծածկի տակ են քնում: Բժշկի համար ամենադժվարը եղել է ծայրահեղ աղքատ, քաղցած, ծարավ, հիվանդ երեխաներին տեսնելը:
Բժշկի խոսքերով՝ հայկական իրականության մեջ էլ այսպիսի օրինակներ շատ ունենք, երբ մեր զինվորները, սպաները իրենց կյանքով և մահով են ապացուցում, որ սովորական մարդիկ չեն: «Նրանցից շատերը հիմա էլ համեստորեն ծառայում, իրենց դիրքերն են պահում… Իրական հերոսները փառքի կարիք չունեն,- ասում է բժիշկը,- այդ մե՛նք կարիք ունենք իմանալու, ճանաչելու և նրանց օրինակով վարակվելու: 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններն ապացուցեցին, որ ոչ միայն պատրաստված, այլև ոգով ամուր զինվորականների և ռազմական բժիշկների նոր սերունդ ունենք»:
Սուդանը ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժական բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Հայկ Հովհաննիսյանի առաջին առաքելությունը չէր. հայկական խաղաղապահ բրիգադի կազմում մասնակցել է Աֆղանստանի խաղաղարար երկու առաքելությունների:
«Պատերազմական թատերաբեմում գտնվող Նուբայի բնակիչների համար անվտանգության որևէ երաշխիք գոյություն չունի,- պատմում է Հայկը:- Նրանց ապագան անորոշ է: Սուդանում մենք թեև պատերազմական գործողությունների, ռմբակոծությունների ականատես չեղանք, բայց հասկացանք, որ երբ սկսվում է ռմբակոծությունը, այստեղ պաշտպանվելու միջոց գրեթե չկա. մարդիկ պատսպարվում են փոսերում, որ մեր՝ այնտեղ գտնվելու վերջին օրերին սկսել էին թարմացնել` հուսալով, որ ռումբերը կշրջանցեն իրենց»: Մի շարք հիվանդություններ լեռնային Նուբայում սոցիալական ծանր պայմանների հետևանք են. «Այնպիսի հիվանդություններ տեսանք, որ մեզ մոտ` Հայաստանում, չեն հանդիպում,- ասում է Հայկը,- նաև այնպիսիք, որ այստեղ էլ կան, բայց տարածվածությունը Նուբայում անհամեմատ մեծ է` ՁԻԱՀ-ը, հեպատիտները, ոսկրային հիվանդությունները, տուբերկուլյոզը»:
Քաթինայի բացակայությամբ տեղի բնակչության ու բուժանձնակազմի հետ իրենց փոխհարաբերությունների առաջին օրերի մասին բժիշկն ասում է. «Մեզ սկզբում չէին վստահում: Եթե մի փոքր շեղվում էինք իրենց համար սովորական դարձած մեթոդներից, զարմանում, տարակուսում էին: Բայց երբ տեսան արդյունքները, հետզհետե փոխըմբռնում ձևավորվեց: Երբ արդեն վերադառնալու էինք, ասում էին. «Չի՞ լինի՝ մեզ մոտ մնաք»: Բաժանումը դժվար էր»:
Ընտանիքի, զավակների կարոտի սուր զգացումը մեղմել են նուբացի երեխաների հետ շփումները: Նրանց մասին խոսելիս բժշկի դեմքը քնքշանք է արտահայտում:
«Սկզբում մեզանից վախենում էին, քանի որ այդ կողմերում հազվադեպ կարելի է սպիտակամորթ մարդու հանդիպել: Հետո արդեն մեր բոլոր հանդիպումները հատուկ արարողության վերածվեցին: Օրվա մեջ երբ էլ մոտներով անցնեինք, «կաուաջա»` «սպիտակ մարդ» գոռալով, հերթով գալիս, ափով «թխելով»՝ ողջունում էին»:
Արմինե Բարխուդարյանի հետ խոսելիս զգացի, որ բժշկի առնականություն պահանջող առաքելությունը կրում է մեծ համեստությամբ ու սիրով: Նա շատ քիչ է խոսում: Տղաները կողքից օգնության են հասնում. Գևորգ Ոսկանյանը պատմում է, թե ինչպես մի անգամ Արմինեն ծննդկանի կյանքը փրկելու համար սեփական արյունն է ներարկել, երբ հարազատները հրաժարվել են այդ անել: Նրբակազմ, կապուտաչ բժշկուհին սրտի խոր ցավով է հիշում Նուբայի սովահար երեխաներին.«Դժվարությամբ եմ հիմա սեղան նստում. աչքիս առաջ անընդհատ նրանց պատկերն է»:
Արմինեն պատմում է, որ կեսարյան վիրահատությամբ ծննդաբերած ծննդկանի ամուսինը, ինչպես հետագայում է պարզվել, տեղի ռադիոյի աշխատակից է: «Հաջորդ օրը առավոտյան, ի զարմանս ինձ, բնակիչները հերթով մոտենում, սեղմում էին ձեռքս. բոլորն արդեն տեղյակ էին բարի լուրին: Իսկ ծննդկանի ամուսինը մի փոքր սրտնեղած էր, որ տղա է ծնվել: Կուզենար երեխայի անունը Արմինե դնել»:
Մեր բժիշկներն այս առաքելությունը հերոսություն չեն համարում, այլ՝ մեծ պատիվ: Անհրաժեշտության դեպքում չեն հապաղի, կրկին կմեկնեն երկրագնդի տարբեր թեժ կետեր` կարիքի մեջ գտնվողներին նեցուկ լինելու: Նրանք ասում են, որ «Ավրորան»՝ որպես անօրինակ նախաձեռնություն, մեր ազգի վաղվա օրը վառ տեսնելու հույսեր արթնացրեց, «գթություն արտահանող» երկրի կարգավիճակ տվեց մեր ժողովրդին…
Իրենց այս առաքելության ընթացքում նրանք առաջնորդվում էին նանսենյան՝ «Ուրիշի դժբախտություն չի լինում» կարգախոսով՝ չիմանալով, որ Հայրենիքում իրենց է սպասում նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալը, որ օրերս նրանց հանձնեց Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԽԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Ռազմական