Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐՔԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՀՄՈՒՏ ՍԱՆՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐՈՎ



ԶՈՐՔԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՀՄՈՒՏ ՍԱՆՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐՈՎԱրդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում անցկացվում են սանհրահանգիչների և բուժակների դասընթացներ:

Ուսումնական կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվում է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում: Կենտրոնում ուսուցանում են կանխարգելիչ բժշկություն, կանխարգելիչ բուժօգնություն, առօրյա բժշկություն և մարտական պայմաններում կազմակերպվող բուժօգնություն: Յուրաքանչյուր տարի ուսումնական ծրագիրը կազմակերպվում է երկու փուլով` դասընթացներին համապատասխանաբար ներգրավվում են ամառային և ձմեռային զորակոչերի շրջանակում առաջնագծի զորամասերը համալրած այն նորակոչիկները, որ ունեն բժշկական միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն: Մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով հաճախակի կենտրոն են այցելում ԱՄՆ ռազմաբժշկության դպրոցի ներկայացուցիչները: Դասընթացներն անցկացվում են հայ-ամերիկյան համատեղ ջանքերով ստեղծված սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական ձեռնարկով:

ԶՈՐՔԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՀՄՈՒՏ ՍԱՆՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐՈՎՀուլիսի 30-ին Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում ավարտական հավաստագրեր հանձնվեցին սանհրահանգիչների պատրաստման դասընթացների հերթական՝ երկրորդ հոսքի ուսումնական փուլը բարեհաջող ավարտած բուժանձնակազմին: Ուսումնական կենտրոնի շարահրապարակը մարդաշատ էր. շրջանավարտներին շնորհավորելու և ավարտական վկայականները հանձնելու էին եկել  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանը: Կենտրոնում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Պաշտպանական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, հրավիրյալ հյուրեր և նորաթուխ սանհրահանգիչների հարազատները:

Հանդիսավոր միտինգի սկզբում, շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտած սանհրահանգիչներին, կենտրոնի պետ, բուժծառայության մայոր Հարություն Հովհաննիսյանն ասաց. «Այսօր զինված ուժերը կհամալրվեն արհեստավարժ նոր սանհրահանգիչներով: Մեր ունկնդիրների ստացած փորձն ու գիտելիքները նրանց ջանքերով կփոխանցվեն նաև մյուս զինծառայողներին, որպեսզի բանակում բոլորը քաջատեղյակ լինեն առաջին բուժօգնության, մասնավորապես` ինքնօգնության և փոխօգնության հիմունքներին»:

ԶՈՐՔԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՀՄՈՒՏ ՍԱՆՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐՈՎՊարոն Հովհաննիսյանը շնորհավորեց և  իր երախտագիտությունը  հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Պաշտպանական համագործակցության գրասենյակի անձնակազմին` բարձր գնահատելով դասընթացների կազմակերպման գործում նրանց դերակատարումը:

Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, շնորհավորելով նորավարտներին, ասաց. «Այսօր  մեր ուսումնական կենտրոնում տոնական օր է: Այստեղից ծառայության է մեկնելու լուրջ գիտելիքներ ստացած և մարտական բուժակի մասնագիտական հմտություններին հստակ տիրապետող սանհրահանգիչների անձնակազմը: Վստահ եմ, որ ուսումնառության ընթացքում ձեր կատարած ծանր աշխատանքը կտա իր արդյունքները: Իսկ բուժաշխատողի համար, իհարկե, առաջնահերթ նպատակը մարդկային կյանքի փրկությունն է»:

Գնդապետ Խաչատրյանը հպարտությամբ նշեց, որ այս դասընթացներն ավարտած զինանձնակազմն արդեն իսկ հստակ փաստերով ապացուցել է իր արհեստավարժությունը: Հիշատակեց ամիսներ առաջ տեղ գտած սահմանային միջադեպի մասին, երբ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով լրագրողների մեքենան կրակահերթի տակ էր ընկել, ծանր վիրավորում էր ստացել օպերատորը: Բուժակների և սանհրահանգիչների ջանքերով հաջողվել էր փրկել վիրավորի կյանքը: «Կատարված աշխատանքը թե՛  բանակային զորամիավորումների հրամանատարների, թե՛ զորամասերի հրամանատարների, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների կողմից գնահատվեց որպես բարձր արհեստավարժություն: Շնորհակալություն եմ հայտնում թե՛ դասավանդող անձնակազմին և թե՛ մեր շրջանավարտներին, շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս»:

Այնուհետև մեկնարկեց վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը, որից հետո երիտասարդ սանհրահանգիչները ցուցադրական վարժությունների միջոցով ներկայացրին իրենց գիտելիքներն ու հմտությունները:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտպանական համագործակցության գրասենյակի պետ, մայոր Ջոն Ֆրիելը մեզ հետ հարցազրույցում ուրախությամբ նշեց. «Սա շատ կարևոր աշխատանք եմ համարում: Դասընթացները, որոնց կազմակերպմանը մեր մասնակցությունն ենք ունեցել, այսօր արդեն իրենց զգալի նպաստն են բերում ՀՀ ԶՈՒ սանհրահանգիչների կարողությունների կատարելագործման աշխատանքներում: Պետք է ասել, որ բավականին լավ ծրագիր է մշակվել մեր հայ գործընկերների կողմից: Եվ մենք այսօր շատ հպարտ ենք՝ այստեղ լինելով և աշխատանքի արդյունքները տեսնելով»:

ԶՈՐՔԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՀՄՈՒՏ ՍԱՆՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐՈՎՅուրի Սարգսյանը դասընթացների գերազանցիկներից է: Մեծ ոգևորությամբ երիտասարդը նշում է. «Այս ուսումնական կենտրոնում ստացած մեր գիտելիքները պարզապես  անհնար է ստանալ քաղաքացիական կյանքում: Մինչև զորակոչվելս սովորել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում: Այնտեղ ուսումնառության երկու տարիների ընթացքում դեռ չէի հասցրել գործնական գիտելիքներ ձեռք բերել, իսկ այստեղ գործնական հսկայական փորձ ձեռք բերեցի: Սա իրոք մեծ փորձառություն էր  ինձ` ապագա բժշկիս  համար»:

ԶՈՐՔԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ ՀՄՈՒՏ ՍԱՆՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐՈՎԿրտսեր սերժանտ Մարիամ Խաչատրյանը ՀՀ զինված ուժերում է 2016 թվականից: Ծառայում է զորամասերից մեկում` որպես վաշտի սանհրահանգիչ: «Այս կենտրոնում ուսումնառությանս ընթացքում նոր գիտելիքների ու գործնական հմտությունների հսկայական շտեմարան ձեռք բերեցի: Ամենակարևորը` թե ինչպես պետք է ինձ դրսևորեմ ռազմադաշտում, ինչպես խուճապի չմատնվել ու ճիշտ գործողությունների հերթականությամբ հնարավորինս շատ կյանքեր փրկել: Ամերիկյան ուսումնական այս համակարգը մեծ մասամբ միտված է գործնական գիտելիքներ և հմտություններ հաղորդելուն: Հիմա արդեն ավելի ինքնավստահ վերադառնում եմ զորամաս` մեծ եռանդով ու գիտելիքների պաշարով լծվելու ծառայությանս»:

Ստանալով ավարտական վկայականները՝  դասընթացի մասնակիցները վերադարձան իրենց զորամասերը` արդեն որպես արհեստավարժ, որակավորում ունեցող սանհրահանգիչներ, շարունակելու զինծառայությունը զինված ուժերում:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Ռազմական


06/07/2017