Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՆՈՒՑԱԳԻՐՍ ՍՏԱՑԱ



ԾԱՆՈՒՑԱԳԻՐՍ ՍՏԱՑԱ-Բանակ գնալուս ծանուցագիրը վերջապես ստացա: Մի երեք-չորս անգամ եկել էի զինկոմիսարիատ էդ թղթի կտորի հետեւից, ինձ ասում էին՝ խի ես շտապում, տղա՛ ջան, քո հերթն էլ կհասնի: Ես էլ կապիտանին ասացի, որ սիրած աղջիկ ունեմ, անհետաձգելի գործեր կան, բա չիմանամ գնալուս օրը, որ հասցնեմ ամեն ինչ: Ես կիսատ-պռատ բաներ չեմ սիրում,- ուրախ-ուրախ պատմում է զինակոչիկ Տավրոս Հակոբյանը:

-Պտուղը ծառից հեռու չի ընկնում, իսկը հոր տղեն է, համարձակ, անվախ,- ասաց քիչ հեռու կանգնած ալեխառն մազերով տղամարդը եւ մատնացույց արեց Տավրոսի հորը:

Խոսք ու զրույցից իմացա, որ Տավրոսի հայրը՝ Մասիսը, կռվել է «Սպիտակ արջի»` Կարո Քահքեջյանի ջոկատի շարքերում, այնուհետեւ, երբ ստեղծվել է կանոնավոր բանակը, որպես պայմանագրային է անցել ծառայության:

Հոր տրամադրությունն էլ է բարձր:

ԾԱՆՈՒՑԱԳԻՐՍ ՍՏԱՑԱ-Տավրոսն իմ մինուճարն է: Նրա նման կարելի էր տասն էլ ունենալ…Էնքան գնաց-եկավ, վերջը ծանուցագիրը տվեցին: Զինկոմիսարիատի աշխատողներն ասում են` տղայիցդ պրծում չկա, նենց է շտապում, կարծես հարսանքավորները գնացին, ինքը մնաց,- ժպտալով ասաց հայրը:- Մի հատ էլ լավ քեֆ կանենք ու կճանապարհենք բանակ, թող գնա հայրենիքը, մեզ, իրա հողն ու ջուրը պաշտպանի:

-Որտե՞ղ կցանկանայիր ծառայել,- հարցնում եմ Տավրոսին:

-Հենց առաջնագծում,- առանց երկմտելու պատասխանեց նա:

Հետո իմացա, որ ակնարկիս հերոսի մայրը ծնունդով Արցախից է, իսկ Տավրոսը ամուր թելերով է կապված Արցախ աշխարհի հետ…

ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Ազգային բանակ


06/07/2017