ՈՒՍ ՈՒՍԻ ՏՎԱԾ…
Զորահավաքակայանում ենք: Հանրապետական հավաքակայանի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը նշում է, որ կազմ ու պատրաստ են նորակոչիկներին դիմավորելու. նախապատրաստական բոլոր աշխատանքները լիարժեք կատարված են:
Շուտով տարածքային տարբեր զինկոմիսարիատներից ավտոբուսները զորահավաքակայան են բերում նորակոչիկների առաջին խմբերին:
Տղաների տրամադրությունը բարձր է, ծանոթանում են, ընդհանուր ընկերներ գտնում: Հարություն Բադալյանը Խարբերդից է, ավագ եղբայրը՝ Գոռը, ծառայում է սահմանային զորամասերից մեկում: Հարությունն ասում է՝ միեւնույն է, թե ուր կգնա, նախընտրած վայր չունի՝ «Ուր էլ գնամ, իմ հայրենիքի մի հատվածն եմ պաշտպանելու, ուրախ եմ ծառայելու իմ երկրին»: Նորայր Դավթյանը Ավան վարչական շրջանից է. «Ծառայություն է, կգնանք կծառայենք, հետ կգանք… խաղաղ չէ մեր հողը, ու հատկապես հիմա հայրենիքը զինվորի կարիք ունի: Ապրիլյան պատերազմի մասնակից շատ ընկերներ ունեմ…», «Ես էլ ապրիլյան կռվին մասնակցած շատ ընկերներ ունեմ, իրենք ամուր պահեցին հողը, հիմա մեր հերթն է»՝ Էջմիածինցի Արմեն Առաքելյանն է միանում զրույցին:
Ստեփան Հովակիմյանն Աշտարակի երիտասարդ երկրապահներից է, զինվորական այբուբենին քաջատեղյակ է բանակ եկել, եղբայրն էլ առաջնագծում է: Ստեփանը որոշել է զինվորական դառնալ: Աշտարակի Լեռնահովիտ գյուղից Արամայիս Կարապետյանն էլ որոշել է տանկիստ դառնալ:
Մալաթիա-Սեբաստիա տարածքի զինակոչիկների զորակոչի խմբի պետ Խաչիկ Ադամյանը նկատում է. «Ոգին տեղն է, տրամադրված եկել են ծառայության: Մեր տարածքում զուռնա-դհոլով ճանապարհեցին հայրենիքի պաշտպաններին, եկեղեցի էլ գնացին՝ օրհնություն ստանալու: Վստահ եմ՝ լավ կծառայեն»: Նորակոչիկներից մեկն էլ ժպիտով հավաստիացնում է՝ «Կգաք մեր չաստ, կհամոզվեք»: Ներկայանում է՝ Նարեկ Մարտիրոսյան՝ Մալաթիայից. «Երեք եղբայր ենք, ավագ եղբայրս՝ Վարդանը, ծառայում է առաջնագծում, շատ կցանկանայի եղբորս մոտ ծառայել»:
Բայց մինչ ծառայության մեկնելը տղաները դեռ պետք է վերջնական բուժզննում անցնեն: Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բ.ծ. մայոր Վ. Էլիզբարյանը նշում է, որ ունեն համապատասխան մասնագետներ, ամեն ինչ արվում է, որ հիվանդ, առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները չհայտնվեն բանակում:
Բուժզննում անցնելուց հետո տղաները շտապում են համազգեստ ստանալու: Ի դեպ՝ նախորդ զորակոչից հանդերձավորումն իրականացվում է հավաքակայանում: Հանդերձարանում փորձում են զինվորական համազգեստն ու մեկմեկու ոգեւորում, սրամտում:
Գոտին էլ ամրացրին, կոշիկի քուղերն էլ կապեցին ու ուղղվում են եւ ժպտալով նայում հայելուն. հայելու միջից արդեն զինվորն է ժպտում… Բարեւ, զինվորի երկու տարվա կյանք…
Էսպես հանդերձավորվելուց հետո դեպի ճաշարան, էլ դրսից սնունդ չի բերվելու, անհրաժեշտություն չկա, չի թույլատրվում, նոր կարգ է. հենց առաջին օրվանից զորակոչիկները կստանան պարենային բավարարում, երկար ճանապարհ գնացողների համար էլ մինչեւ զորամաս կհատկացվեն սննդի փաթեթներ:
-Մոր պատրաստած ճաշերին չի հասնի, բայց դժգոհ չենք, լավ էլ ախորժակով ուտում ենք,- նկատում է էջմիածինցի Խաչիկը:
Ավագ ենթասպա, ճաշարանի պետ Արթուր Առուստամյանը ներկայացնում է «զինվորական մենյուն»՝ ոսպով ապուր, սպաս, հնդկաձավարով, մակարոնով փլավներ, տապակած խոզի միս, հավ…
Մնում է միայն ասել՝ բարի ախորժակ…
-Բանակային առաջին կալորիաները ստանալուց հետո գնում ենք վիճակահանության սենյակ:
Վիճակահանության սենյակում մեկիկ-մեկիկ մոտենում են համապատասխան թմբուկներին ու հանում թղթերը, որտեղ նշված է ծառայավայրը ու բարձրաձայն կարդում:
Ամեն ինչ տեսանկարահանվում է ծնողների համար:
Սպասասրահում ծնողներն աչքներն էկրանից չեն կտրում…
Գալիս է օրվա ամենահուզառատ, ամենադժվար պահը՝ ծնողները պետք է հրաժեշտ տան որդիներին: Զինվորական համազգեստով տղաների մեջ դժվարանում են գտնել իրենց որդիներին… գրկախառնություն, թաց աչքերով ժպիտներ, հայրերի զսպված հուզմունք՝ հպարտության հետ խառնված: Զգացողությունների խառնաշփոթ է:
Բարի ծառայություն, զինվո՛ր, բարի վերադարձ, տղա՛ս…
Հասմիկ Սարգսյան. «Երկրորդ որդիս՝ Վահանս է գնում, մեծս՝ Համլետը, հյուսիսարեւելյան հատվածում է ծառայում, երրորդ որդիս էլ մյուս տարի կզորակոչվի: Մայրական սիրտս միայն մի բան է ցանկանում՝ խաղաղություն…»:
-Իմն էլ երրորդ զավակն է,- Էջմիածնի Ծիածան գյուղից Հակոբն է, հինգ տղա ունի,- ավագ որդիս ծառայել վերադարձել է, երկրորդ որդիս բանակում է: Ծառայող զավակներիս միշտ այս խորհուրդն եմ տալիս՝ լսեք հրամանատարներին, անկեղծ ու մաքուր եղեք ընկերների հետ:
Աստված մեր երեխեքի՝ հայրենիքի զինվորների հետ…
♦♦♦
Զորակոչի ընթացքին հետեւելու էր եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Շտաբի պետը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցի, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի, բարձրաստիճան այլ սպաների հետ շրջեց հավաքակայանում, զրուցեց զորակոչիկների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ:
Գեներալը զինվորներին խորհուրդ տվեց համարձակ լինել, ուժեղ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, լավ ծառայել, ապա բարի ծառայություն մաղթեց զորակոչիկներին՝ ասելով՝ կհանդիպենք զորքերում:
♦♦♦
…Հավաքակայանում թնդում է երգ-երաժշտությունը, պարող տղերքից իրենց պարային հնարքներով հետ չեն մնում զորակոչիկները: Պարում են խրոխտ, ձիգ, իսկ հավաքակայանի դարպասներից այն կողմ հարազատներն են…
Ուս ուսի տված, առյուծի նման
Ետ բերենք հողն ու փառքը հայության…
Ուս ուսի տված մեր զինվոր տղերքը կգնան պաշտպանելու հողը հայրենյաց…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում