Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ



ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲՀուլիսի 1-ին Կոտայքի զինվորական կոմիսարիատի բակում առանձնահատուկ աշխուժություն էր. վաղ առավոտից սկսվել էր զինակոչիկների հոսքը: Նրանց արդեն սպասում էին զորակոչային բաժնի սպաներն ու բուժհանձնաժողովը՝ Կոտայքի զինվորական կոմիսար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ընդունման սենյակում զինակոչիկներից յուրաքանչյուրն ստանում էր իր անձնական գործի թղթապանակը և ներկայանում բուժհանձնաժողովի բժիշկ-մասնագետներին:

-Կենտրոնական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկները նորից բժշկական հետազոտություն են անցնում,  ստուգվում է նրանց զարկերակային ճնշումն ու ջերմությունը,-ասում է  ավագ բժշկուհի Նունե Ավետիսյանը,- մեր բոլոր մասնագետները վերջին անգամ մանրազնին քննում են երիտասարդներին: Հանձնաժողովի բոլոր բժիշկների առջև խնդիր է դրված՝ միայն առողջ զորակոչիկներով համալրել մեր բանակի շարքերը: Մեծ ուշադրություն է դարձվում նաև զինակոչիկների բարոյահոգեբանական վիճակին: Նշեմ, որ տղաներն ամուր են, բոլորը բարձր տրամադրությամբ և մարտական ոգով են մեկնում բանակ:

Այդ ընթացքում բակում զինակոչիկներին անհամբեր սպասում են նրանց հարազատները: Ոմանք իրենց երկրորդ կամ երրորդ որդուն են ճանապարհում բանակ: Սմբատ Սերոբյանը նրանցից մեկն է:

-Ճանապարհում ենք մեծ ուրախությամբ. Փա՜ռք Աստծու, առողջ որդիներ ենք մեծացրել,- անթաքույց հպարտությամբ խոսում է զորակոչիկ Դավիթ Սերոբյանի հայրը: Երկու ավագ որդիներս բարեխիղճ և օրինակելի ծառայության համար խրախուսվել են, ծառայությունից պատվոգրերով,  շնորհակալագրերով են տուն վերադարձել: Վստահ եմ, որ Դավիթս էլ է լավ ծառայելու, նույնիսկ՝  մյուս տղաներիցս ավելի լավ, քանի որ եղբայրներն անընդհատ նրա հետ կիսվել են իրենց փորձով, կարևոր խորհուրդներ են տվել:

Դավթի մասին խոսում են նաև ընկերները. «Շատ համարձակ, ուժեղ տղա է,  միշտ մեր մեջքին կանգնած է եղել: Վստահ ենք, որ զորամասում էլ լավ կդրսևորի իրեն, լավ բանակային ընկերներ ձեռք կբերի»,- ասում են տղաները և հավելում, որ ամսի 17-ին էլ բանակ մեկնելու իրենց հերթն է:

ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲԲակում հավաքված ծնողներից շատերն առաջին անգամ են բանակ որդի ճանապարհում: Նրանք  մի քիչ հուզված են, շփոթված, բայց բոլորն էլ քաջ գիտակցում են երկրի պաշտպանության գործում իրենց որդիների առաջիկա առաքելության դերն ու նշանակությունը: Մայրը, քույրը և մորեղբոր ամբողջ ընտանիքը եկել են ճանապարհելու զինակոչիկ  Հրաչ Մուրադյանին: Մորեղբորորդին՝  դպրոցահասակ Արենը, որ առավոտվանից ջերմում է, պնդել էր, որ գա, ճանապարհի զարմիկին: Հպարտությամբ զինվորական վերնաշապիկ էր կրում. «Բոլոր տղաները 18 տարեկան դառնալով՝ գնում են բանակ,- պատրաստակամ բացատրում է Արենը,- հիմա Հրաչն է գնում, հետո էլ ես կգնամ: Դրա համար էլ այսօր զինվորի նման եմ հագնվել»:

Իսկ զորակոչիկի մայրը՝ Նաիրան, խոստովանում է. «Սա այն օրերից է, երբ դժվարանում ես  զգացմունքներդ խոսքերով արտահայտել»: Նրան օգնության է հասնում եղբայրը, որ Արցախյան պատերազմի  տարիներին ծառայել է սահմանամերձ զորամասերից մեկում.

-Եթե համեմատենք այն տարիների հետ, ծառայության որակն այժմ անհամեմատ բարձր է: Իհարկե, յուրաքանչյուր ժամանակաշրջան իր դժվարություններն ունի, կարևորը, որ խաղաղություն լինի երկրում, որ մեր երիտասարդներն այլևս լայնածավալ պատերազմ չտեսնեն:

Հրաչը շուտով ինքն է մոտենում հարազատների խմբին և սկսում ոգևորել մորը. «Մա՛մ ջան, տրամադրությունս շատ բարձր է, մարտական: Դու  հանկարծ չտխրես, հանգի՛ստ եղիր, ամեն ինչ լավ է լինելու: Դա ե՛ս եմ քեզ ասում»:

Զինակոչիկ Սուրեն Հարոյանին բարի ծառայություն մաղթելու են եկել ընկերներն ու հարազատները: Սուրենի տատիկը՝ տիկին Ռիտան, ասում է. «Աղջիկ թոռ չունեմ. փոխարենը՝ ութ տղա թոռ ունեմ: Բոլորին էլ իրենց ժամանակին բանակ ենք ճանապարհելու: Սուրենս ամենամեծն է՝ մեր առաջին զինվորը»: Սուրենի քեռին՝ Չոբանյան էմիլն էլ բարեմաղթում է.  «Ցանկանում եմ, որ մեր Սուրենը հայրենիքին արժանի զինվոր լինի: Մեր այսօրվա բոլոր զինակոչիկներին, ի դեմս Սուրենի, անամպ երկինք, խաղաղություն ու անփորձանք ծառայություն եմ մաղթում»:

Զինկոմիսարիատի բակում կանգնած ավտոբուսը շուտով շարժվում է: Կենտրոնական հավաքակայան ուղևորվելուց առաջ զինակոչիկներն այցելում են Աբովյան քաղաքի սբ. Հովհաննես եկեղեցի, որի բակում մարզպետարանի և քաղաքապետարանի ուժերով նրանց համար տոնական միջոցառում էր կազմակերպված:

Իսկ մինչ այդ՝ եկեղեցում զինվորի օրհնության կարգ է անցկացնում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Սրբազանը: Արարողությունից հետո նա քաջալերանքի խոսքեր ասաց զինակոչիկներին և բոլորին Նոր Կտակարաններ հանձնեց: Հետո արդեն տղաները, մի-մի մոմ վերցնելով, առանձնացան եկեղեցում՝ Աստծու հետ մտերմիկ, ի սրտե զրույցի:

Եկեղեցու բակն այդ օրը հատկապես մարդաշատ էր. միայն զորակոչիկներն ու նրանց հարազատները չէին, որ մասնակցում էին միջոցառմանը:

Եկեղեցու այցելուները օրվա հանդիսավոր արարողությանը մասնակցելու և զինվորներին բարեմաղթանքներով բանակ ճանապարհելու համար միանում էին հավաքվածներին:

Միջոցառման մեկնարկին  Կոտայքի փոխմարզպետը, Աբովյանի քաղաքապետը, զինկոմն ու միջոցառմանը ներկա մյուս հյուրերը շնորհավորեցին զինակոչիկներին և անփորձանք ծառայություն մաղթեցին՝  հույս հայտնելով, որ երկու տարի անց  նրանք դարձյալ կհավաքվեն նույն տեղում և նույնպիսի բարձր տրամադրությամբ կնշեն տղաների վերադարձը:

Այնուհետև մեկը մյուսի ետևից օրվա խորհրդին համապատասխան ռազմահայրենասիրական գեղեցիկ կատարումներ հնչեցին:

Եկեղեցու դիմաց մի գեղեցիկ զույգ եմ նկատում՝ զորակոչիկը՝ դեռատի մի աղջկա գրկած: Այնքան էլ նման են իրար: Հմայված եկեղեցու ֆոնին գծագրված այս գեղեցիկ ու խորհրդանշական պատկերով՝ մոտենում եմ:

-Քույրի՞կդ է,- հարցնում եմ զգուշորեն, գրեթե վստահ հարցիս բացասական պատասխանին: Առանց իրարից բաժանվելու, ժպտալով ինձ են նայում ու օրորում գլուխները: Դե, իհարկե, սիրած աղջիկն է, սխալվել հնարավոր չէ: Զինակոչիկ Արամ Ալոյանն է, որ մի ձեռքով իր սիրած  աղջկան ամուր գրկած՝ մյուս ձեռքը բռունցք արած, ճոճում է գլխավերևում՝ խրոխտ հայրենասիրական երգի հնչյունների հանգույն: Ներկայանալով՝ ասում եմ.

ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ-Կարելի՞ է ձեզ լուսանկարել:- Երիտասարդներն առանց ավելորդ սեթևեթանքի համաձայնում են: Տղան ավելի ամուր է գրկում իր սիրածին՝  պատրաստ իր մեջ ալեկոծվող զգացմունքները ցույց տալու բոլորին ու հատկապես՝ աղջկան: Շուտով գալու է բաժանման դժվար պահը: Չեմ ուզում խանգարել նրանց. հեռանում եմ՝ բարի ծառայություն մաղթելով Արամին և մտքումս հարատևություն ու ամրություն ցանկանալով գեղեցիկ զույգի զգացմունքներին:

Հետո արդեն մեկը մյուսի ետևից եկեղեցու բակում ուրախ շուրջպարի են բռնվում բոլոր հավաքվածները՝ ծնողներ, զորակոչիկներ, մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու պատահական անցորդներ, որոնք իրենց հերթին ուզում են ոգևորել նորաթուխ զինվորներին ու մասնակից լինել օրվա խորհրդին: Զորակոչիկ Դավիթ Սերոբյանին հարազատները համոզում են «պարահրապարակ» դուրս գալ: Հաճելի է դիտելը, թե ինչպես է Սերոբյանների ընտանիքը խրոխտ քոչարիի բռնվել եկեղեցու բակում: Բոլոր կողմերից օրհնանքի ու բարի վերադարձի ցանկություններ են հնչում…

Ահա այսպես ենք ազգովի մեր տղաներին բանակ  ճանապարհում: Այդ օրը և հետագա օրերին, վստահաբար, եկեղեցի այցելող ամեն մարդ իր աղոթքներում կհիշի նաև մեր երկրի սահմանները պաշտպանող քաջերին: Բարի՜ ծառայություն, տղանե՛ր:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/07/2017