ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՌԱԶՄԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին սպան նշանակվել է ռազմանավի հրամանատար: 2012թ. ապրիլից «Պորտլենդ» ֆրեգատի հրամանատարությունը կստանձնի 39-ամյա Սառա Ուեսթը:
Սառա Ուեսթը մաթեմատիկական կրթություն է ստացել, ապա ավարտել է «Բրիտանիա» թագավորական ռազմածովային քոլեջը: 1995թ. անցել է ծառայության ռազմածովային ուժերում:
Մինչև նոր պարտականություններին անցնելը Ուեսթը կմասնակցի ռազմանավի հրամանատարների հատուկ դասընթացներին:
4900 տոննա ջրատարողությամբ «Պորտլենդ» ֆրեգատը ջրարկվել է 1999թ.: Նախատեսված է հակառակորդի սուզանավերի դեմ պայքարելու, նաև այլ խնդիրներ կատարելու համար: Նավի անձնակազմը շուրջ 200 հոգի է:
Նշենք, որ կանանց թույլատրվել է ծառայել բրիտանական նավատորմում 1994թ., ներկայումս ռազմածովային ուժերի ծառայողների 10 տոկոսը կանայք են: Սակայն մինչ այժմ գործում են որոշ սահմանափակումներ: Օրինակ` նրանց չեն ընդունում ծառայության սուզանավերում, որպես ջրասուզակ և ծովային հետևակային:
Խորագիր՝ Նորություններ