ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏ
Զորավարը պետք է գնահատի զորքերի դասավորությունը եւ մշակի համապատասխան գործողությունների ծրագիր: Խոսելով տեղակայման (դասավորության) մասին` նկատի ունեմ, որ նա պետք է հաշվի առնի տարածքի բոլոր առանձնահատկությունները եւ գործի դրանց համապատասխան:
Ռազմական գործողությունները միշտ հիմնվում են խորամանկության վրա: Երբ դուք պատրաստ եք հարձակման, ձեւացրեք հակառակը` իբրեւ թույլ եք:
Կատարելով տարբեր գործողություններ, անհրաժեշտ է ստեղծել անշարժության պատրանք: Մոտենալով թշնամուն՝ տպավորություն ստեղծեք, թե հեռու եք, եւ հակառակը` լինելով հեռու, ստիպեք թշնամուն մտածել, որ ձեր բանակը մոտ է: Թշնամուն ծուղակը գցեք եւ հարվածեք, երբ նրա ուժերը ջլատվում են: Պատրաստ եղեք գրոհելու, նույնիսկ, երբ թշնամին պաշտպանված է բոլոր կողմերից: Հապաղեք միառժամանակ, եթե թվում է, թե հակառակորդը ավելի ուժեղ է:
Եթե թշնամու զորավարը դյուրաբորբոք է եւ անհավասարակշիռ` գրգռիր նրան:
Եթե նա բարձր ծագում ունի եւ մեծամիտ է` խրախուսիր նրա գոռոզությունը եւ ինքնահավանությունը:
Եթե թշնամին զորքը բերել է բարձր ռազմական պատրաստականության` աշխատիր ջլատել նրա ուժերը:
Եթե հակառակորդի մարտիկներին պատել է ռազմական ոգին` խժդժություններ մտցրու նրանց շարքերում:
Գրոհիր թշնամուդ, երբ նա պատրաստ չէ` հանկարծակիի բերելով նրան:
Ահա հաղթանակի եւ ռազմավարի փառքի բանալին: Այս գործողությունները բազմիցս ապացուցվել են փորձով:
Այսպիսով, եթե մարտից առաջ կատարված նախնական գնահատականը հաղթանակ է խոստանում` նշանակում է բանակիդ վիճակի մանրակրկիտ զննումը ցույց է տալիս դիրքերիդ գերադասելի լինելը թշնամու նկատմամբ:
Իսկ եթե նախնական գնահատականը կանխատեսում է պարտություն, ապա` քո հաշվարկներով պակաս ռազմավարական առավելություն ունես, քան հակառակորդդ: Որպեսզի հաղթես, անհրաժեշտ է մանրակրկիտ կշռադատել եւ հաշվարկել:
Հաղթանակի հնարավորությունները ավելի քիչ կլինեն, եթե կանխավ մանրամասն չհաշվարկես բոլոր ուժեղ ու թույլ կողմերդ:
Օգտագործելով առաջարկվող գնահատման մեթոդը` հնարավոր է առավել ճշտությամբ կանխատեսել յուրաքանչյուր ճակատամարտի արդյունքը: