ՄԱՏՈՒՌՆ ՕԾՎԵՑ
4-րդ զորամիավորման կազմավորման 20-ամյակի առթիվ Եղեգնաձորում տեղի ունեցավ մատուռի օծման արարողություն: Մատուռի կառուցման մտահղացումը եղել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանինը` մեկ տարի առաջ իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին: Զորամիավորման մատուռ ունենալու որոշումը ոգեւորել էր զինծառայողներին, եւ նրանք միահամուռ մեծ խանդավառությամբ աջակցեցին կառուցման գործին…
Եվ, ահա, օծվում է մատուռը: ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ավարտելով սուրբ արարողությունը, նշեց, որ ամեն անգամ նման միջոցառումներին մեծ բերկրանք է ապրում: Նա շնորհավորեց զորամիավորման զինծառայողներին, մաղթեց նրանց անվտանգ ծառայություն Աստծու եւ Սուրբ Գրիգոր Տաթեւացու հովանու ներքո եւ զորամիավորման հրամանատարին հանձնեց Սուրբ Գրիգոր Տաթեւացու սրբապատկերը: Գնդապետ Վ. Քոչարյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց մատուռի կառուցման աշխատանքներում ընդգրկված զինծառայողներին` խրախուսելով պատվոգրերով եւ միանվագ գումարներով: «…Մատուռը հնարավորություն կընձեռի բավարարելու զինծառայողների հոգեւոր պահանջը, այն իր խորհրդով կլինի պահապան եւ ուղեկից բոլոր բարդ իրավիճակներում»,- ասաց հրամանատարը: Նա շնորհակալական ջերմ խոսքով ներկայացրեց զորամիավորման հոգեւոր սպասավոր Գալուստ քահանա Սահակյանին, որ պատվախնդրությամբ եւ մեծ եռանդով մասնակցել էր մատուռի կառուցման կազմակերպման աշխատանքներին: Նա եւս պարգեւատրվեց պատվոգրով: Պատվոգրի արժանացան նաեւ մի շարք քաղաքացիական անձինք, ովքեր տարբեր բնույթի աջակցություն էին ցուցաբերել մատուռի կառուցման գործում:
Իսկ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պարգեւատրվեց «ՀՀ ՊՆ 4 ԲԿ. 20-ամյակ» հուշանվերով: Ի դեպ, արարողության ընթացքում հնչում էր հոգեւոր երաժշտություն Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու երգչախմբի կատարմամբ (ղեկավար` Նազելի Սարգսյան):
Մատուռի օծումից հետո ներկաները Եղեգնաձորի մշակույթի տանը մասնակից եղան մեկ այլ միջոցառման` նվիրված ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության ստեղծման 20-ամյակին, որ կազմակերպել էին զորամիավորման գնդերեցներ Գագիկ սարկավագ Հակոբյանը, Արսեն սարկավագ Մաթեւոսյանը, Իշխան սարկավագ Գեւորգյանը` Գալուստ քահանա Սահակյանի ղեկավարությամբ: Երաժշտական կատարումներից եւ շնորհավորանքներից հետո զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն ընթերցեց վերոնշյալ գնդերեցներին պատվոգրերով պարգեւատրելու` զորամիավորման հրամանատարի հրամանը: ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էլ մի խումբ սպաների պարգեւատրեց «Օրհնության գիր»-ով:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Հոգևոր-մշակութային