ՇՆՈՐՀԱՎՈՐ 20-ԱՄՅԱԿԴ, 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ
Զորամիավորման ստեղծման տարեգրությունն սկսվել է դեռեւս 1989-90 թվականներին, երբ Արցախյան շարժմանը զուգընթաց, Ադրբեջանական ԽՍՀ-ից սպառնացող ռազմական վտանգը դիմագրավելու համար Հայաստանի հարավարեւմտյան սահմանները պաշտպանելու նպատակով ստեղծվեցին կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք 1990թ. սեպտեմբերի 20-ին կազմավորվեցին որպես առանձին վաշտեր եւ ընդգրկվեցին ՀԽՍՀ ՆԳ նախարարությանն առընթեր կազմավորված հատուկ գնդի կազմում:
1990-1994թթ. Հայաստանի հարավարեւմտյան սահմանները պաշտպանող զորամասերի զինծառայողները մասնակցել են սահմանային հատվածների պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին` ամենուրեք ցուցաբերելով արիություն եւ սխրանք: Զորամիավորումը կազմավորվել է 1997թ. հուլիսի 4-ին: Այս քսան երկար ու ձիգ տարիներին հասցրել է մեծ ձեռքբերումներ գրանցել: 2002թ. հունվարի 23-ին 4-րդ զորամիավորմանը հանձնվել է «Մարտական դրոշ», 2009թ. հունվարի 9-ին՝ 2008թ. տարվա մարտական պատրաստության, զորքերի ծառայության եւ զինվորական կարգապահության բարձր արդյունքներից ելնելով, պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժերի լավագույն զորամիավորում» պատվո դրոշով եւ «ՀՀ ՊՆ կոլեգիայի» փոխանցիկ դրոշով: 2009թ. զորամիավորումը կրկին ճանաչվել է լավագույն զորամիավորում, պարգեւատրվել է «ՀՀ ԶՈւ լավագույն զորամիավորում» պատվո դրոշով եւ «ՀՀ ՊՆ կոլեգիայի» փոխանցիկ դրոշով: 2014թ. հուլիսին զորամիավորման հրամանատարին է հանձնվել նաեւ զորամիավորման շտանդարտը՝ ռազմադրոշը:
4-րդ զորամիավորման առաջին հրամանատարն է եղել գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, այդուհետ՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Զորամիավորման ներկայիս հրամանատարն է գնդապետ Վալերի Քոչարյանը:
♦♦♦
Հուլիսի 8-ին Վայոց ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում, հանդիսավորությամբ նշվեց 4-րդ զորամիավորման կազմավորման 20-րդ տարեդարձը:
Զորահանդեսին ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, 4-րդ զորամիավորման նախկին հրամանատարներ` Արշալույս Փայտյանը, Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, մարզային իշխանության ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմի վետերաններ, երկրապահներ:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց զորամիավորման անցած ուղին, ձեռքբերումներն ու նվաճումները, նշեց, որ անձնակազմը մեծ պատասխանատվությամբ է իրականացնում հայրենի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը եւ վստահեցրեց, որ զորամիավորումը պատվով կկատարի իր զինվորական պարտքը ու մարտական պատրաստության առավել բարձր ցուցանիշներ կարձանագրի. «Այսօր պետք է ավելի ուժեղ լինենք, քան եղել ենք, սա է մեր առջեւ դրված հրատապ խնդիրը»:
Զորամիավորման անձնակազմին տարածաշրջանի բնակչության անունից շնորհավորանքի խոսք ասաց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը. «Մենք՝ վայոցձորցիներս, հանգիստ ենք եւ խաղաղ, որեւէ խնդիր չունենք, որովհետեւ 4-րդ զորամիավորման հզորությունը եւ ամրությունը մշտապես տեսնում ենք»,- շեշտեց նա:
Ներկաներին շնորհավորեց նաեւ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը. «Հայաստանի հարավարեւմտյան սահմանները պաշտպանող զորամասերի հենքի վրա ստեղծվելով՝ անցած երկու տասնամյակների ընթացքում փառավոր ուղի է անցել, բազմիցս ճանաչվել զինված ուժերի լավագույն զորամիավորում, դառնալով հայկական բանակի ամենամարտունակ զորամիավորումներից մեկը: Վստահ եմ, որ առաջիկայում եւս զորամիավորման անձնակազմը գնդապետ Վալերի Քոչարյանի ղեկավարությամբ կունենա նոր ձեռքբերումներ…»:
♦♦♦
…Հանդիսավոր երթով, ձիգ ու խրոխտ կեցվածքով անցնում էին զորամիավորման ստորաբաժանումները, եւ հաղորդավարը ներկայացնում էր յուրաքանչյուր ստորաբաժանման անցած ուղին, հրամանատարներին:
Զորահանդեսին հետեւող մարդկանց հայացքներում անսահման հպարտություն էր, աննկարագրելի ոգեւորություն: Տոնական տրամադրությունն ամենուր էր…
Զորամիավորման հատուկ նշանակության ջոկատի անձնակազմը կատարում էր ցուցադրական վարժություններ: Տղաների ճկունությունն ու ճարպկությունը հիացրել էր ներկաներին:
Փոխգնդապետ Ա. Մանուչարյան. զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ: -Արդիական սպառազինությամբ ենք զինված, թող մեր քաղաքացիները տեսնեն ժամանակակից տեխնիկան, մեր զինվորների պատրաստվածությունը եւ իրենց առավել պաշտպանված զգան»:
Մայոր Հ. Մակարյան. գնդի ինժեներական ծառայության պետ. -«Երկար տարիներ ծառայում եմ, մասնակցել եմ սահմանային կռիվներին եւ հիմա՝ որպես հաղթանակած բանակի սպա, չեմ կարող չխոստովանել՝ հզոր ենք, հզոր…»:
Ս. Աբգարյան. գումարտակի հրամանատարի տեղակալ. -«Վստահեցնում եմ հարյուր տոկոսով, որ մեր զինված ուժերը ունակ են ոչ միայն հակառակորդի ցանկացած ոտնձգություն կանխելու, հետ շպրտելու, այլ արժանի հարված տալու»:
-Հպարտությունս անսահման է, – վաշտի հրամանատար, կապիտան Զ. Հովսեփյանն է,- 22-23 տարի է` ծառայում եմ, հպարտությանս հուզմունք էլ է խառնված, հիշում եմ մեր անցած ճանապարհը, հիշում եմ մեր զոհված ընկերներին, նրանց թափած արյունը մեզ պարտավորեցնում է է՛լ ավելի ուժեղ լինել…
♦♦♦
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ պարգեւատրման արարողություն: Մի շարք զինծառայողներ մարտական բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով: Միջոցառմանը իր անզուգակական կատարումներով առանձնակի հմայք հաղորդեց «Զորական» համույթը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ