ՂՈՒԿԱՍԸ ՏՈՒՆ ԳՆԱՑ…
Իմ լավ ընկերը՝ Ղուկասը, երեւանյան իր բազմաթիվ վերելքներից ու անկումներից հետո, ի վերջո, վերադարձավ Ուջան ու հիմա հայրենի հարկի տակ իր «բույնն է շինում»… Ի՛ր Քարաշարը։ Նա ժամերով, օրերով կարող է պատմել իր նոր տան ամեն քարի ու սյան մասին։ Ղուկասի նոր տան պատուհանից երեւում են իր մանկության շաղոտ դաշտերը, իր ծնողների հանգստարանը, իր հայրական տունը, եղբայրների, հորեղբոր տղաների կառուցած տները… Ղուկասի տունը կդիմանա փոթորիկներին, կդիմանա ժամանակի փորձությանը, կդիմանա, որովհետեւ Ղուկասի տան շաղախը հազար տարվա է, որովհետեւ Ղուկասի տունը չորս կողմից պաշտպանված է իր եղբայրների, հորեղբոր տղաների, հարազատների տներով։ Որովհետեւ Ղուկասն իր տունը կառուցում է այն տան կողքին, որտեղ ծնվել է…
Այս տողերը ես գրել եմ ինքնակենսգրական բնույթի իմ ակնարկներից մեկում ու նվիրել սիրելի ընկերոջս՝ Ղուկաս Սիրունյանին:
…Այսօր բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը հավիտենական հանգիստ գտավ հայրենի Ուջան գյուղում, իր ծնողների շիրիմների կողքին… Թափորը կանգ առավ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ, ապա՝ բանաստեղծի հայրական տան առջև և հետո ձգվեց–հասավ մինչև հանգստարան…
.. Նրա չափ «հեռացող չկար հեռացողների մեջ, և դարձող չկա դարձողների մեջ»: Ղուկասը գնաց, եւ կիսատ մնացին մեր զրույցները…
Գևորգ Ասատրյան
ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Այս դաշտում 1918 թվի մայիսին
տեղահանված ու արնածոր վերքերով հայերը,
որ ռամիկ էին, զինվոր ու գիտնական,
համախումբ շուռ եկան, նայեցին
իրենց հոշոտելու եկած թուրքերի աչքերի մեջ:
Տեսան, որ թուրքերը մահկանացու են
սովորական,
որոնց կարելի է խփել, շանսատակ անել:
Այս դաշտում 1918 թվի մայիսին հայերը
հաղթեցին թուրքերին՝
հետագա բոլոր դարերի համար:
♦♦♦
ԱՂՈԹՔ
Հա՛յր մեր, որ երկնքում ես, ի՞նչ մեղք էինք գործել, որ մեր աշխարհի վրա բաց թողեցիր թուրանական սելավը: Ինչո՞ւ այդ պատիժը դրեցիր մեր ճակատագրի մեջ, ինչո՞ւ պիտի մեր թռչունը թռչի վանդակը թեւից կախ: Հայր մեր, հեռացրու ամոթի այս բաժակը մեզնից եւ ամենքից, հանձնիր դժոխքի հրին:
Տե՛ր, ի՞նչ հաճույք ես ստացել` մարդու այս տեսակը ստեղծելով, անգամ մենք` մահկանացուներս, երբ մի բան ենք սարքում, եւ այն գեղեցիկ է ստացվում, ուրախանում ենք. դու արդյո՞ք ուրախացել ես թուրքին ստեղծելով: Թե՞ դա քո ձեռքի գործը չէ, քեզանից ծածուկ, քեզ ի հակառակ` նրան արարել է չար ոգին, որպեսզի նա գլխատի աջ ու ձախ, ծանակի ծերերին ու փոքրերին, որպեսզի ոչնչացնի քրիստոնեական ամեն վկայություն իր արյունոտ ճանապարհին, եւ նրա միջոցով չար ոգին սեփական թագավորությունը հաստատի երկրի վրա:
Հա՛յր մեր, երկնքում չար ոգին չունի ուժ եւ իշխանություն, թող երկրի վրա էլ չունենա: Հեռացրո՛ւ նրան մեր հացից, մեր օրորոցից, մեր հավատքի տներից: 600 տարին բավական չէ՞ միթե մեզ փորձության ենթարկելու համար, իսկ մի դար է` աշխարհ ես բերել թուրքի նոր տեսակ` ադրբեջանցի` ազերի անունով, հարցնում եմ, ի՞նչ հաճույք քեզ` տիեզերքի տիրակալիդ, թուրքի տեսականին բազմացնելուց:
Հա՛յր մեր, մնա՛ հաստատուն քո բարձունքներում եւ մի՛ ենթարկվիր սատանայի փորձություններին այնպես, ինչպես Որդիդ իմաստնաբար վանեց նրան իրենից, երբ առաջին անգամ աշխարհ եկավ:
♦♦♦
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ
Գիշերվա խավար փորում
խեղդվում են լամպերը,
մի քանի ձեռքեր օղի են լցնում
կոպիտ բաժակների մեջ,
մի քանի աչքեր հառնվում են ծխամած օճորքին,
իբրեւ թե` Աստծուն:
Պատին չգիտես երբվանից
կանգ է առել ժամացույցը,
ժամանակը գալիս–գնում է այստեղ
շրջիկ խանութի նման,
որից բան չեն առնում
փող չլինելու պատճառով…
Լուսաբացին դեռ կրակում են թուրքերը
հայկական գյուղերի ուղղությամբ –
լույսը բացվելուն պես տներից
դուրս են թռչում փոքրիկները
անկանոն կրակահերթերի նման:
Նրանց հետեւից` հորթուկները, հավերը,
մեծերի սաստը,
կյանքն ամբողջովին:
Կանգ առած ժամացույցի շուրջ
կուչ է գալիս մի տագնապ,
որին ասում են հարաբերական անդորր,
եւ որին ոչ ոք այլեւս չի հարցնում`
թե երբ է մեկնելու այստեղից:
♦♦♦
ԱՐՑԱԽԻ ՄԻ ՁՈՐՈՒՄ
Մեր ջախջախված հրանոթը
ընկած էր լեռնալանջին,
երկու մասրենու թուփ
անուշահոտ տերեւներով ծածկել էին
նրա իրանը աշխարհից,
բայց հենց կրակում է թշնամին սահմանի այն
կողմից,
ջախջախված հրանոթը ցնցվում է,
կենդանանալու շարժումներ անում`
մասրենու անուշահոտ պսակից ազատվելու:
♦♦♦
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
Զինվորը վերադարձել էր պատերազմից,
տանը խնդություն էր անչափելի,
հայրը դուրս քաշեց գոմից սպիտակ գառը
եւ դանակը դրեց վզին` որպես մատաղ,
գոհություն Աստծուն:
Զինվորը չէր կարող տեսնել
անմեղ արյունը թափվող,
եւ գլուխը շրջեց, գնաց պարտեզի կողմ:
Մայրը հետեւեց որդուն`
ձեռքերը տարածած` աշխարհը գրկելու չափ,
նրան հետեւեց հայրը` դանակը նետած մի կողմ,
ապա դեպի պարտեզ շարժվեց գառը`
արբած հյութալի խոտի բուրմունքից
եւ ապրիլյան արեւի խուտուտից գժված:
♦♦♦
ԳԵՆԵՐԱԼ ՄԱԶՄԱՆՈՎ
Աշխարհի ամենավատ դերը տվեց Աստված…
Դե արի՛
մարտադաշտը լքող զինվորներին բացատրի՛ր,
հասկացրո՛ւ, որ հողը հայր ու մայր է, երեխա է,
ներկա ու ապագա է – աշխարհանցման մեջ
հնարավո՞ր բան է:
Նրանց սիրտը փախել է տեղից, գեներա՛լ, դե
արի՛, սիրտ դի՛ր տեղը:
Չի՛ լինի, չեղավ:
Հիմա այս խաղաղ օրերի մեջ ես լսում եմ հաճախ
խուճապահարների ոտնաձայներ–գլխակորույս
փախչում են գաղափարից, վեհանձնությունից,
հայրենական սիրուց: Հետեւից կարծում են`
թուրքը չի հասնի:
Ես այսօր էլ տեսնում եմ քեզ, գեներա՛լ`
անկանոն փախչողների առջեւը ելած,
նրանց դեպի ետ, դեպի մարտադաշտ հորդորելիս,
դեպի ծնող, պատմություն, հող ու ներկա շրջելիս:
Իսկ փախչողների հորձանքը զարհուր, քեզ
ոտնատակ տալով,
քշվում է անսանձ օտար հեռուներ:
Դու ոտքի ես կանգնում փոշու ամպի մեջ,
մեն–մենակ, խարանող ճակատագրի առաջ,
եւ ատրճանակը դարձյալ տանում ես դեպի
քունքդ, գեներա՛լ:
♦♦♦
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ
Երբ նա զինվոր էր, նրա ուսերին մանուկներ էին նստած,
եւ նա բերքառատ ծառ դարձած` կռվում էր թուրքերի դեմ:
Երբ նա սպա էր, նրա գիրկը լցված էր
գաղթական ժողովրդով
եւ անցկացրեց նրանց անդունդների վրա
կապած պարանների վրայով:
Երբ նա գեներալ էր, նրա ոտքերը խրված էին
արցունքի ծովի մեջ,
եւ չկար մի նավ, որ դուրս բերեր նրան փրկության ափ:
Նրա սիրտը դրոշ էր, որ մնաց Հայաստանի լեռներում,
Նա Հայաստան ուղարկեց իր սուրը՝ որպես պատգամ
չհանձնվելու:
Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Հոգևոր-մշակութային