ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺՎԵԼՈՒ ԵՆ
Զրույց պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
–Պարոն գնդապետ, հակառակորդն այս բնագծում ամեն օր խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, սակայն հուլիսի 4-ը տարբերվում էր: Տպավորությունն այնպիսին էր, ասես՝ հակառակորդը լայնածավալ գործողությունների էր նախապատրաստվում:
–Հարձակողական գործողություններ սկսելու համապատասխան նախադրյալներ չկային: Չկար ուժերի վերախմբավորում կամ կուտակում: Մենք անընդհատ դիտարկում ենք հակառակորդի խորքը, եւ տեղաշարժերի մասին տվյալները մեր տրամադրության տակ են: Սակայն, իսկապես, ապրիլյան մարտական գործողություններից հետո հակառակորդի պահվածքն այդ օրն աննախադեպ էր: Ժամը 13:35-ին 60 մմ ականանետով երեք արկ կրակեցին: Այնուհետեւ՝ ժամը 19:10-ին, նույն տրամաչափի ականանետով կրակ վարեցին մարտական դիրքի վրա: Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական զինուժը ժամը 20:20-ի սահմաններում Ալխանլի գյուղում տեղակայված կրակակետերից TR-107 կայաններով 5 արկ կրակեց՝ միաժամանակ կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ, պատասխան հարված հասցնելու խնդիր առաջադրվեց:
–Մարտկոցները պատրա՞ստ էին խոցելու հակառակորդի կրակակետերը: Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց՝ մարտակարգերը զբաղեցնելու համար:
–Մենք միշտ ենք պատրաստ ճնշելու հակառակորդի ակտիվությունը: Մեր զենքերը լիարժեք պատրաստ վիճակում են: Ոչ մի լրացուցիչ միջոց դուրս չենք բերել, ուժեր չենք ծավալել: Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, որ համալրված են ժամկետային զինծառայողներով, րոպեների ընթացքում իրականացրել են հրետանային հետախուզություն, եւս մեկ անգամ ճշգրտել են հակառակորդի նշանակետերը եւ ժամը 20:31-ին սկսել են պատասխան գործողությունը: Հաշվարկները ստույգ էին: Մարտկոցները գործել են բավականին դիպուկ: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են ընդամենը հինգ կրակոցով: Օգտագործվել է 60 մմ ականանետ եւ ՀՆՆ-9 տիպի նռնականետ: Հակազդիչ գործողությունն իրականացրած զինծառայողների անունները չեմ հրապարակի, բայց կարող եմ վստահաբար նշել, որ յուրաքանչյուրն իր պարտականությունը կատարել է հմտորեն:
–Ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե «հայկական զինուժը կրակել է խաղաղ բնակավայրի՝ Ալխանլի գյուղի ուղղությամբ, ինչին զոհ է դարձել երկու քաղաքացիական անձ»: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
–Ալխանլի գյուղը տեղակայված է առաջնագծից մոտ 2-2.5 կմ հեռավորության վրա: Առողջ բանականությամբ օժտված հրամկազմը նման տեղանքից ակտիվ գործողություններ վարելու հրաման չէր արձակի: Հակառակորդը դիրքավորվել էր ոչ միայն գյուղի հարեւանությամբ, այլ երկու կրակակետ էր տեղակայել շինությունների արանքում, որտեղից էլ անընդհատ հարվածի տակ էր պահել մեր մարտական դիրքերն ու հրամանատարական կետերը: Մենք ճնշել ենք հակառակորդի կրակային միջոցները: Սա է իրականությունը: Մենք խաղաղ բնակչությանը չենք հարվածել. ահաբեկչական ոճը հատուկ է միայն ադրբեջանական բանակին:
–Հակառակորդը սադրանքի դիմեց նաեւ հուլիսի 7-ին՝ նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջին անգամ շփման գծի հարավային հատվածում կիրառելով նաեւ 122 մմ–ոց Դ-30 հաուբից հրանոթներ: Ձեր ենթակա զորամասի հրետանին նորից ստիպված էր պատասխանել: Ի՞նչ կատարվեց այդ օրը:
–Հուլիսի 7-ին, երբ անձնակազմն իրականացնում էր ստորաբաժանումների հերթափոխ, հակառակորդն սկսեց ինտենսիվ կրակ վարել Դ-30 եւ Դ-44 տիպի հրանոթներից: Մեկ–երկու ժամվա ընթացքում արձակեցին 25 արկ: Ընտրված նշանակետերին չկարողացան դիպչել, բայց, ցավոք, մեկ վիրավոր ունեցանք: Մեր ստորաբաժանումը պատասխան կրակ վարեց Դ-44 հրանոթներից եւ լռեցրեց հակառակորդի կրակակետերը:
–Պարոն գնդապետ, վերջերս մեր պատասխանը, կարծես, շատ ավելի սուր է, այդպես է՞:
–Մենք այլընտրանք չունենք: Մեր զինծառայողների անվտանգությանը, կյանքին սպառնացող սադրանքները, առաջնագծում իրավիճակը լարելու ադրբեջանական փորձերը այսուհետ եւս խստորեն պատժվելու են:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում