Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵ՛Ր



ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵ՛ՐՄաշտոցի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկա. Դավթաշեն և Աջափնյակ համայնքների բնակիչները եկել են ճանապարհելու զինակոչիկներին: Նրանք համբերատար սպասում են, մինչև զինկոմիսարիատում իրենց զավակները մեկ անգամ էլ բուժզննում անցնեն, պատրաստվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ այդ ընթացքում զինկոմիսար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, որն, ի դեպ, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմից է, իր առանձնասենյակում հերթով ընդունում է զինակոչիկներին, զրուցում, պարզում նրանց տրամադրվածությունը:  Հարցազրույցին սպասելիս  զինկոմիսարի սենյակում ականատես եղա մի հետաքրքիր դեպքի. ծնողները խնդրում էին, որ իրենց որդուն հենց այդ օրը զորակոչեն: «Տրամադրված է գնալու, պատրաստ է, պարոն գնդապետ»: Զինկոմիսարը նրանց բացատրեց՝ բուժհանձնաժողովում ինչոր աննշան խնդիր են նկատել, տղային պետք է կրկնակի քննության ուղարկեն:

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵ՛ՐԶորակոչի նախապատրաստական աշխատանքներն սկսել ենք դեռ ապրիլի կեսից,- ինձ է ներկայացնում գնդապետը,- ուսումնասիրել ենք զինակոչիկների ընտանեկան կազմը, առողջական վիճակը, նախասիրությունները, անցկացրել ենք բոլոր բժշկական հետազոտությունները, կատարել պատվաստումները: Հարկ եղած դեպքում լրացուցիչ հետազոտություններ ենք անցկացրել: Շատ տարբեր նախասիրություններ ու մասնագիտություններ ունեցող զինակոչիկներ ունենք: Կան նաև այնպիսիք, որ մեզ մոտ հաշվառվելուց հետո արտասահման էին մեկնել, բայց ժամկետը լրանալուն պես՝ վերադարձել են ծառայելու: Ազատամարտիկների զավակներ ունենք, նաև՝ մարզիկներ:

Այնուհետև գնդապետը մեկ անգամ էլ բոլոր զինակոչիկներին մի սենյակում հավաքելով՝ կարևոր խորհուրդներ է տալիս, ոգևորիչ խոսքեր ասում:

Մինչև տղաների շենքից դուրս գալը՝ զրուցում եմ զինակոչիկների՝ բակում հավաքված հարազատների հետ:

Ո՞ւմ եք այսօր ճանապարհում, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ մարդ եք ուղարկում բանակ,- հարցնում եմ մայրիկներից մեկին՝ Լուսինե Վահրամյանին: 

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵ՛ՐԹող անհամեստ չհնչի, բայց մենք այսօր մի հրաշալի անձնավորություն  ենք ճանապարհում բանակ:  Որդիս՝ Սարգսյան Լևոնը, բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի առաջին կուրսը: Ստեղծագործական միտք ունի, գրելու ձիրք: Իհարկե, շատ հպարտ եմ, որ այսօր ճանապարհում եմ որդուս, բայց նաև բնական է՝ անհանգստություն կա մեջս: Բայց, կարծում եմ, ամեն ինչ լավ է լինելու: Շատ լավ ենք տրամադրված:  Մեր լավատեսությունը փորձում ենք փոխանցել միմյանց: Ծառայությունը միանշանակ շատ կարևոր է տղամարդու համար,- շարունակում է Լուսինեն,- փոխվում է բնավորությունը, ինքնուրույն է դառնում, ինքնավստահություն է ձեռք բերում,- այնպիսի վստահությամբ է խոսում, ասես՝ մի քանի որդի է ճանապարհել բանակ:

Երկու եղբայր եմ ճանապարհել հայոց բանակ,- բացատրում է նա,- շատ լավ գիտեմ`  ճանապարհում ես երեխա, ընդունում ես տղամարդ: Շուտով կրտսեր որդուս հերթն էլ կգա: Այստեղ, կարծում եմ, չկա մի մայր, որ հպարտության զգացում չունենա այս կարևոր օրը: 

Զինակոչիկ Գոռ Կուրղինյանին ճանապարհելու է եկել մի մեծ բազմություն. հարազատները կատակում են՝ եթե ոչ ամբողջ ազգուտակը, ապա գոնե կեսն այսօր հաստատ այստեղ է:

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵ՛ՐՀասմիկ Վալաքյանը զինակոչիկի քույր է. «Ես, բացի քույր լինելուց, նաև Գոռի պատմության ուսուցչուհին եմ եղել ու «համեստորեն» ասեմ, որ նրա մեջ հայրենասիրությունը ես եմ սերմանել,- ժպտալով ասում է Հասմիկը: Ոչ միայն իրեն եմ այսօր ճանապարհում, այլև իմ մյուս չորս աշակերտներին: Բոլորն այստեղ են»: Զինկոմիսարիատի բակն այնքան մարդաշատ է, որ չկարողացանք գտնել տղաներին: Ուսուցչուհու հետ լուսանկարը չստացվեց:

Գոռի տատիկը՝ Գյուլգյազ Սարդարյանը, հպարտությամբ ասում է, որ տասը թոռան և  ութ ծոռնիկի մեծ մայրիկն է: «Բոլոր տղաներս էլ գնացել են բանակ, ծառայել ու ողջառողջ վերադարձել են, փա՜ռք Աստծու: Բոլորն էլ պատվով են ծառայել: Ոչ մեկի ո՛չ քիթն է ծռվել, ո՛չ էլ մազը»,- կատակում է տատիկը և ավելացնում:- «Թող Աստված պահապան լինի նաև այս թոռնիկիս՝ Գոռիս»:

Գոռի մայրը՝ Անահիտ Կուրղինյանն իր հերթին ասում է.

Շատ լավ, քաջ, հայրենասեր, հայրենիքին նվիրված տղա ենք ճանապարհում բանակ: Երբ զորակոչվելու ժամանակը եկավ, ու սկսեցինք մի քիչ անհանգստանալ, ինքն էր մեզ հանգստացնում:

Շուտով զինկոմիսարի ուղեկցությամբ շենքի դիմաց բեմի նմանվող հարթակին են կանգնում զինակոչիկները: Շենքի բակում խմբված մարդիկ բարձր, հերոսներին վայել ծափողջույններով են դիմավորում նրանց: Տղաները մի քիչ շփոթված են, բայց ակնհայտորեն հպարտ են ու ուրախ:

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵ՛ՐՀառա~ջ, «չերեմուշկի» պարծանքներ, – զինակոչիկներին ոգևորում են ընկերները, որ կա՛մ արդեն վերադարձել են բանակից, կա՛մ շուտով իրենք էլ են համալրելու զինված ուժերի շարքերը: 

 Հարգելի՛ հարազատներ, շնորհավորում եմ ձեզ,- խոսում է գնդապետ Բաղրամյանը:- Մենք ձեզ հետ միասին հաստատ հպարտանալու շատ առիթներ ենք ունենալու ձեր զավակներով: Քիչ առաջ այս տղաներից  յուրաքանչյուրի հետ առանձնազրույց ունեցա և տեսա, որ տրամադրությունները մարտական են, ոգին՝ բարձր: Բարի ճանապարհ իրենց, անփորձանք թող ծառայեն ու վերադառնան: Կտեսնեք, թե որքան շուտ կանցնի այս երկու տարին: Իրենց համար հատկապես, քանի որ ծառայությունը հագեցած և հետաքրքիր է լինելու:  Ձեզ, սիրելի՛ ծնողներ, ցանկանում եմ, որ, եթե անգամ հուզվելու լինեք, միայն հպարտության հուզմունք լինի: Այսուհետև ցանկացած օր,  24 ժամ շարունակ զինկոմիսարիատի դռները ձեզնից յուրաքանչյուրի համար բաց են լինելու,-շարունակում է Ա. Բաղրամյանը:- Պատրաստ եմ ցանկացած  հարցով ձեզ ընդունելու, ձեր կողքին լինելու, քանի դեռ մեր տղաները ծառայության մեջ կլինեն: Բարի ճանապարհ, տղանե՛ր ջան, բարով ծառայեք ու վերադառնաք:

Հետո արդեն զինվորական ավտոբուսը մտնում է զինկոմիսարիատի բակ, և զինակոչիկները, թողնելով պատվավոր բեմը, իջնում, միանում են իրենց ճանապարհելու եկած հարազատներին ու ընկերներին: Բակի մի կողմում ընկերները վերվեր են թռցնում նորաթուխ զինվորին: Բոլորը իրենց սիրելի զինվորին գիրկն առնելու հերթին են սպասում` օրհնանքներով ու բարեմաղթանքներով ողողում նրանց:

Ահա և Լևոնը՝ հարազատներով շրջապատված:

Շատ բարձր տրամադրությամբ գնում եմ պաշտպանելու իմ հայրենիքը, իմ երկրի սահմանները, իմ ընտանիքը,- ասում է Լևոնը,- հետո դառնում է հուզված մորը,- Մա՛մ, համբերի՛, երկու տարի է, էլի, կծառայեմ, կվերադառնամ,- ասում է զորակոչիկն ու քնքշորեն գրկում մորը:

Երբ տղաներով լեցուն ավտոբուսն սկսում է շարժվել, զարմանքով գետնին տարօրինակ հետքեր եմ նկատում: Զինկոմիսարիատի զինծառայողներից մեկը ժպիտով բացատրեց. «Այդպիսի սովորույթ կա. հում ձուն խփում են գետնին, երբ ավտոբուսը շարժվում է. բարի ճանապարհ մաղթելու ձև է»:

Ավտոբուսն ընթանում է առաջ, իսկ մարդկանց բազմությունը բուռն ու չդադարող ծափողջույններով  ուղեկցում է զինակոչիկներին:

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵ՛ՐՏղաներն ուղևորվում են դեպի կենտրոնական հավաքակայան: Այնտեղից արդեն ամեն մեկը կմեկնի վիճակահանությամբ իրեն բաժին ընկած զորամաս և կգրավի փառքով ու պատվով զորացրված  իր ավագ ընկերների տեղը` մեր երկիրը ամեն կողմից անառիկ պահելու հաստատակամությամբ:

Ահա և զինվորացած Լևոնը. նկարը մայրն է ուղարկել կենտրոնական հավաքակայանից: Ինչ էլ սազում է չէ՞ զինվորական համազգեստը:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Լուս.՝  Ա. ՄԻՐԻՄԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Ազգային բանակ


12/07/2017