Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ



ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸԶորակոչը շարունակվում է: Արաբկիրի զինկոմիսարիատի առաջ հավաքվել են հարազատբարեկամ, ընկերծանոթ՝ բանակ ճանապարհելու իրենց տղաներին:

Զինկոմիսարիատում զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանը տեսուչ, ավագ ենթասպա Արմեն Գրիգորյանի հետ մի վերջին անգամ ստուգումճշտում են զինակոչիկների փաստաթղթերը:

Զորակոչն ընթանում է բնականոն հունով,- նշում է Արաբկիրի զինկոմ, գնդապետ Ա. Քարամյանը: –Մեր տարածքն առանձնանում է ուսանողների մեծ թվով, նորակոչիկների կրթական մակարդակը բարձր է, ավելի իրազեկված են, գիտեն իրենց իրավունքները:

Լավ են ծառայում մեր զինվորները,- լրացնում է փոխգնդապետ Հակոբյանը,- ապրիլյան օրերին տղաներից շատերն աչքի ընկան, հերոսացան

♦♦♦ 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸԶորակոչվող տղաների տրամադրությունը բարձր է, կատակում են, ծիծաղում, հարազատների` արդեն կարոտած հայացքներն էլ որսալով՝ անուշանուշ ժպտում ու գոտեպնդող տաք խոսքեր ասում:

 Զրուցում եմ նորակոչիկների, նրանց հարազատների հետ:

Մովսեսյանների ընտանիքը բանակ է ճանապարհում կրտսեր որդուն՝ Հայկին:

 Երկրորդ թոռս է բանակ գնում, ուրախ ճանապարհենք, ուրախ էլ դիմավորենք,- հպարտություն, հուզմունք խառնած՝ ասում է Հայկի տատիկը՝ Անժելա Մովսեսյանը:

 Տրամադրությունս մարտական է, այսօրվանից զինվորի մայր եմ,- ժպտում է մանկավարժ Լուսինեն,- գիտեմ՝ դժվար է լինելու, խաղաղ չեն մեր սահմանները, բայց մեր երկիրը հենց մեր որդիները պետք է պաշտպանեն: Ինձ ոգեւորել է ծառայելու նրանց վճռականությունը, նրանց նվիրումը: Բանակը հզոր է դառնում նաեւ մեր որդիներով: Աստծու ամենահաս աջն ու մայրական աղոթքները մեր որդիներին պահապան

Հայկի եղբայրը՝ Դավիթը, արդեն ծառայել է, հազար խորհուրդ է տվել եղբորը՝ ուշադիր ու զգոն լինել, ընկերների հանդեպ անկեղծ եւ նվիրված. սահմանին դա շատ կարեւոր է:

Հայկը բանակ է գնում բարձր տրամադրությամբ. «Կցանկանայի կապի կամ հակաօդային պաշտպանություն իրականացնող զորամասում ծառայել, թեեւ, ուր էլ գնամ, մեկ է՝ մեր հողն է, մեր ջուրը, մեր հայրենիքը»:

Զորակոչիկ Համլետ Սարգսյանը Հայկի դասընկերն է. «Մեր դասարանի առաջին բանակ գնացողներն ենք, շատ կուզեի՝ դասընկերոջս հետ նույն զորամասում ծառայել: Խոհարարական եմ սովորել, հնարավոր է՝ բանակում խոհարար էլ լինեմ»:

Համլետի մայրը՝ Տիգրանուհի Գեղամյանը, վստահ է, որ որդին պատվով է կատարելու իր զինվորական ծառայությունը, հայրը՝ Դավիթն էլ ասում է. «Հպարտ եմ, որ որդիս հայրենիքի սահմաններն է պաշտպանելու»:

 Զինվորի պապը՝ Վոլոդյա Գեղամյանը, չի թաքցնում հուզմունքը. «Ես լրագրող եմ, բայց, հավատացեք, բոլոր բառերն անզոր են արտահայտելու, թե ինչ է զգում առաջին զինվոր թոռանը բանակ ճանապարհող պապի սիրտը, մի լավ երգի տողերն են միայն պտտվում հիմա գլխումս. «Ես ցավը տանեմ հայոց բանակի ամեն զինվորի»…. Վստահ եմ՝ էս մեր զինվոր բալեքի, թոռների լավ ծառայության շնորհիվ խաղաղվելու է աշխարհը, վաղն ավելի հանգիստ է լինելու, քան այսօր: Համլետի փոքր եղբայրն էլ պապի ասածն է լրացնում «Եղբայրս իր զինվոր ընկերների հետ խաղաղություն կբերի, ես էլ կգնամ խաղաղությունը պահպանելու»:

Ու պաշտպանելու,- Համլետի տատիկն է,- բոլոր զինվորներին խաղաղ երկինք

Զինակոչիկներով լի ավտոբուսը շարժվում է դեպի կենտրոնական հավաքակայան: Բանակ են գնում մեր զավակները՝ խաղաղությունը պահպանելու, պաշտպանելու ու նաեւ՝ պարտադրելու….

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 

Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/07/2017