ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ եղել է արցախա–ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ–կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ:
Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:
Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում: Շրջելով հոսպիտալի բաժանմունքներում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել: