Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ…



ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ...Սկիզբը` նախորդ համարում

Քաղաքացիական պատերազմի ժամանակ Լինկոլնը բազմիցս նոր գեներալներ է նշանակել գլխավորելու Փոթոմաքի բանակը, եւ նրանցից յուրաքանչյուրը` Մաք-Քլելանը, Փոուփը, Բերնսայդը, Հուկերը, Միդը, չափազանց վատ էին կատարում իրենց պարտականությունները, ինչը հուսահատեցնում էր Լինկոլնին։ Երկրի կեսը անխնա դատապարտում էր այդ ապաշնորհ գեներալներին, բայց Լինկոլնը պահպանում էր հանգստություն` «առանց չարության որեւէ մեկի հանդեպ եւ գթասիրտ բոլորի նկատմամբ»։ Նրա սիրած ասացվածքներից մեկն էր. «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք»։

Իսկ երբ տիկին Լինկոլնը կամ ուրիշ մեկը խիստ էր արտահայտվում հարավցիների մասին` Լինկոլնն ասում էր. «Մի՛ քննադատեք նրանց, նման հանգամանքներում մենք եւս կվարվեինք ճիշտ այնպես, ինչպես նրանք»։

Եվ, համենայն դեպս, եթե որեւէ մեկը երբեւիցե իրավունք է ունեցել քննադատելու, ապա, իհարկե, դա եղել է Լինկոլնը։ Բերենք միայն մեկ օրինակ։ Գեթիսբուրգի ճակատամարտը տեղի ունեցավ 1863 թվականի հուլիսի առաջին երեք օրերի ընթացքում։ Հուլիսի 4-ի գիշերը, երբ հորդառատ անձրեւները հեղեղել էին ամբողջ տեղանքը, գեներալ Լին սկսեց նահանջել դեպի հարավ։ Իր պարտված բանակի հետ հասնելով Փոթոմաք գետին՝ Լին իր առջեւ տեսավ հորդացած գետը, որն անցնել հնարավոր չէր, իսկ թիկունքում հաղթանակած ֆեդերալ բանակն էր։ Նա հայտնվել էր ծուղակում, որից փրկություն չկար։ Լինկոլնը դա հասկացավ։ Նրա առջեւ բացվում էր Լիի բանակը գերի վերցնելու եւ անմիջապես պատերազմին վերջ դնելու հրաշալի, երկնքից առաքված բարեպատեհ հնարավորությունը։ Այդ պատճառով էլ, հուսավառված, Լինկոլնը Միդին հրամայեց ռազմական խորհուրդ չհրավիրել, այլ միանգամից գրոհել Լիի բանակի դեմ։ Իր հրամանը նա տվեց հեռագրով, որից հետո Միդի մոտ ուղարկեց հատուկ սուրհանդակ` պահանջելու անհապաղ գործողություններ։

Իսկ ինչպե՞ս վարվեց գեներալ Միդը։ Նա գործեց իրեն հանձնարարվածին տրամագծորեն հակառակ։ Ուղղակիորեն խախտելով Լինկոլնի հրամանը, նա ռազմական խորհուրդ հրավիրեց, բայց անորոշության մեջ լինելով, անվերջ ձգձգում էր։ Հեռագրերում ամեն տեսակի պատրվակներ էր նշում եւ կտրականապես հրաժարվում էր գրոհել Լիին։ Ի վերջո, գետի ջուրը իջավ, եւ Լին իր բանակով Փոթոմաքով նահանջեց։

Լինկոլնը մոլեգնում էր. «Սա ի՞նչ է նշանակում,- բացականչում էր նա, դիմելով որդուն` Ռոբերտին, -Տե՛ր Աստված, ի՞նչ է սա նշանակում։ Բավական էր միայն ձեռքներս երկարեինք, եւ նրանք կլինեին մեր տրամադրության տակ։ Սակայն ես ոչնչով չկարողացա ստիպել մեր բանակին տեղից շարժվելու։ Ստեղծված իրադրության պայմաններում գրեթե ցանկացած գեներալ կարող էր Լիին պարտության մատնել։ Եթե ես գնայի այնտեղ, ապա ի՛նքս կջախջախեի նրան»։

Սաստիկ հիասթափված՝ Լինկոլնը նստեց եւ Միդին նամակ գրեց։ Մի մոռացեք, որ կյանքի այդ շրջանում նա ծայրաստիճան հանդարտ էր եւ զուսպ իր արտահայտություններում։ Այդ պատճառով էլ սույն նամակը, որ գրել է Լինկոլնը 1863 թ., հավասարազոր է խիստ նկատողության։

Միդը երբեք չտեսավ այդ նամակը, որովհետեւ Լինկոլնը չուղարկեց: Նամակը գտնվեց պրեզիդենտի թղթերում նրա մահից հետո։

Ես կարծում եմ, եւ դա միայն ենթադրություն է, որ ավարտելով նամակը, Լինկոլնը լուսամուտից դուրս է նայել եւ ինքն իրեն ասել. «Մեկ րոպե։ Միգուցե պետք չէ այդքան շտապել։ Այստեղ՝ Սպիտակ տանը հանգիստ նստած, ինձ համար բավական հեշտ է Միդին հարձակման հրաման տալ, իսկ եթե ես լինեի Գեթիսբուրգում եւ տեսնեի այնքան արյուն, որքան Միդն է տեսել վերջին շաբաթվա ընթացքում, եւ եթե ականջներս լսած լինեին վիրավորների ու մեռնողների տնքոցներն ու սուր ճիչերը, հնարավոր է, որ ես նույնիսկ չէի ձգտի սկսելու գրոհը։ Եթե Միդի նման անվստահ բնավորություն ունենայի, գուցե եւ վարվեի ճիշտ նրա նման։ Համենայն դեպս, ինչ եղել է, եղել է։ Եթե ուղարկեմ այս նամակը, այն կթեթեւացնի իմ հոգին, բայց Միդին կստիպի ինչ-որ ձեւով արդարանալ։ Նա կսկսի մեղադրել ինձ։ Դա տհաճ զգացումներ կառաջացնի, կանդրադառնա, իբրեւ հրամանատար, նրա հետագա ծառայության որակի վրա եւ, հնարավոր է, որ կստիպի նրան թողնելու զինվորական ծառայությունը»։

Այսպիսով, ինչպես արդեն ասացի, Լինկոլնը նամակը մի կողմ դրեց, քանզի սեփական դառը փորձով գիտեր, որ խիստ քննադատությունը եւ հանդիմանությունները համարյա միշտ էլ անօգուտ են։

Շարունակելի

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Հոգևոր-մշակութային


19/07/2017