Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ



ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հուլիսի 10-11-ը գեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման  ենթակա զորամասում անցկացվեց ԶՈՒ եւ ՊՆ իրավաբանների մասնագիտական հավաք:

Մասնակցում էին ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, վարչության  իրավական ապահովման բաժնի պետ, գնդապետ Արտակ Վարդանյանը, 1-ին զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը, զորամասերի հրամանատարներ, Գորիսի, Սիսիանի եւ Կապանի զինդատախազության, քննչական ծառայությունների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, զորամիավորումների ավագ սպա իրավաբաններ, սոցիալիրավական աշխատանքների գծով օգնական սպաներ:

ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրեց զինված ուժերում տարվող լայն եւ օրեցօր հստակեցվող աշխատանքների, կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունների, նոր փոխհարաբերությունների մասին:

Նա իրավաբաններին հորդորեց քայլել ժամանակին համընթաց՝ կարեւորելով զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, առաջնային համարելով հատկապես զինծառայողների իրավական հարցերի լուծումը:

Վերլուծելով վարչություն ներկայացված  կիսամյակային հաշվետվությունները,  զորամիավորումներում իրականացված իրավական աշխատանքների արդյունքները, հայտնաբերված թերությունները, բացթողումները, ինչպես նաեւ հանցանքներն ու զանցանքները, դեպքերպատահարները` դրանք նվազագույնի հասցնելու  ուղղությամբ տրվեցին  հանձնարարականներ, համապատասխան ցուցումներ եւ խորհուրդներ:

Հավաքի ընթացքում անդրադարձ եղավ զորամասային օղակներում իրավաբանների կատարած համատեղ աշխատանքներին, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումներին, իրավական պատրաստվածությանը,  կիսամյակի ընթացքում դրական տեղաշարժերին եւ փոփոխություններին՝ փաստաթղթային վարույթում ծառայողական քննությունների, իրավական աշխատանքների  անցկացման վերահսկողության  առումներով:

ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը դրական գնահատելով զորամիավորումներում իրավագիտակցության բարձրացմանն ուղղված կիսամյակային  հավաքների դերը` առաջնային համարեց կատարված աշխատանքների վերլուծությունը, փորձի փոխանակումը զորամասային օղակների եւ զորամիավորումների իրավաբանների միջեւ, տեղեկատվության տրամադրումը, նոր մոտեցումների ներդրումը:

Հավաքների կարեւորությունը մեծ է,-ասաց Սասուն Սիմոնյանը,- այն միաժամանակ պարտավորեցնում է զորամիավորումների իրավաբան սպաներին՝ հաշվետու լինել կիսամյակում եւ տարվա ընթացքում կատարված աշխատանքների շուրջ, հաշվետվություն ներկայացնել, տեղեկացված լինել եւ մասնակցություն ունենալ ԶՈՒում եւ ՊՆում տարվող միասնական աշխատանքներին:

Նպատակներից մեկը հետեւյալն է. իրավաբանների աշխատանքը պետք է լինի ոչ միայն զորամիավորումներում իրավական գործունեության ապահովումը, այլեւ՝ զորամասային օղակներում հրամանատարների, սոցիալիրավական գծով սպաների աշխատանքի գնահատումը, ուղղորդումը, մեթոդաբանական օգնությունը: Իսկ մենք մեթոդաբանության, միասնականության խնդիր, ցավոք, դեռ ունենք:

 1-ին զորամիավորման լրատվական ծառայություն

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ազգային բանակ


19/07/2017