ԲԱՆԱԿԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
Ապրիլյան մարտագործողությունների մասնակից զինվորներին ճանապարհեցին տուն
Նրանք այսօր վերջին անգամ հագնում են զինվորական տաբատները, շապիկներն ու կապում հարմար դարձած կոշիկների քուղերը: Վերջին անգամ հարդարում են անկողինը, հետո աթոռակներից անշտապ վերցնում զինվորական գլխարկներն ու գոտիները: Դուրս են գալիս զորանոցից, որ հիմա անծայր է թվում: Քայլում են դեպի ճաշարան՝ բանակային երգի համերաշխ ելեւէջների տակ: Մի՞շտ էր թեյն այսքան յուրահատուկ բուրում, թե այսօր է ուրիշ: Առավոտյան արեւը փայլեցնում է շարահրապարակը: Տղաները վերջին անգամ տողանի են կանգնում: Զորամասի անձնակազմը մեկ մարդու նման հայացքն ուղղում է ապրիլյան կռվով անցած նրանց շարքին: Զինվորական նվագախումբը զորացրվող զինվորների պատվին է կատարում Արցախի հիմնը: Երկու տարի առաջ այս հնչյունների ներքո նրանք երդվեցին պաշտպանել հայրենիքը: Այն ժամանակ այնքան տարբեր էին, իսկ հիմա այնքան նման են իրար: Այն ժամանակ պատկերացնո՞ւմ էին արդյոք, որ մեկը գնդացրորդ է դառնալու, մյուսը՝ նռնականետորդ, երրորդը՝ հրաձիգ, չորրորդն էլ դիպուկահար, որ վարպետությունը մարտադաշտում են ապացուցելու, որ դիմադրելու են հակառակորդին, գրոհներ են ետ մղելու, նետվելու են առաջ, որ իրենց մասին խոսելիս ասելու են՝ Ռուդիկ Մովսիսյանի, Արմենակ Ուրֆանյանի, Տիգրան Պողոսյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Քյարամ Սլոյանի մարտական ընկերներն են:
Նրանց տուն ճանապարհելու եկած միավորման հրամանատարը՝ գնդապետ Արթուր Հարությունյանը, համոզված է՝ քաղաքացիական կյանքում էլ տղաները լինելու են նույնչափ հայրենասեր, նույնչափ արդարամիտ, նույնչափ պատվարժան, որքան սահմանին էին: Ափսոսում է, որ նորեկները քսանամյա մարտիկների հետ շփվելու, ընկերանալու հնարավորություն չեն ունենալու. «Մեր հենակետերն ուժեղ էին ձեզնով: Հակառակորդը գրոհեց մեր ուղղությամբ, բայց դուք չընկրկեցիք, չերկմտեցիք, կռվեցիք: Գիտեմ՝ եթե թշնամին նորից փորձի, կանգնելու եք մեր կողքին՝ զբաղեցնելով ձեր տեղը մարտակարգում»:
–Ճիշտ այդպե՛ս,-միաձայն արձագանքում է շարքը:
Գնդապետ Հարությունյանը մի առաքելություն էլ ունի՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով մեքենա պետք է նվիրի զորացրվող զինվորին: «Սերժանտ Գարիկ Հովհաննիսյան».-հայտարարում են շարահրապարակով մեկ: Շարքից դուրս է գալիս ամրակազմ ու ջլուտ մի երիտասարդ: Դեմքին անկեղծ ժպիտ կա, համազգեստին՝ «Արիության» մեդալ:
Ջոկի հրամանատարն էր Գարիկը՝ 116 դիրքի վերադարձման ակտիվ մասնակիցը: Ապրիլյան այդ օրը հակառակորդի հուժկու կրակի տակ դիրքավորվել էր թմբի վրա՝ բաց տեղանքում: Հայտնաբերել էր հատուկջոկատայինների գրոհող խումբն ու նշանոցի մեջ առել: Դիպուկահարի իր զենքով խոցել էր մի քանիսին՝ չիմանալով, որ երկուսն առանցքային զինվորականներ են: Տեսնելով անշնչացած հրամանատարներին՝ մեծ խումբը փախել էր: Գարիկն էլի կկրակեր, բայց արկը պայթել էր, հարվածի ալիքը՝ շպրտել նրան: Երբ ուշքի էր եկել, հասկացել էր՝ վիրավոր է: Բայց համառել էր՝ «բուժկետ չեմ գնալու»: Դիրքը նորից մերն էր, ուզում էր այնտեղ մնալ:
–Երբ ասացին՝ պատերազմ է, տղաներ են զոհվել, դիրք ենք կորցրել եւ պետք է գնանք ու ետ վերցնենք, ես պատրաստ էի: Ես պատրաստ էի մինչեւ վերջին շունչս կռվելու այդ հողակտորի համար, –ասում է սերժանտ Հովհաննիսյանը ու շարունակում,-անհրաժեշտության դեպքում՝ նորից կվերցնեմ զենքս:
Վստահ չէ, որ մայրաքաղաքային կյանքին շուտ կհարմարվի, դիրքում ամեն բան այնքան հստակ էր՝ իր տեղը, իր անելիքը, իր զենքը… Բայց արդեն ծրագրեր է կազմում՝ ուզում է աշխատել, ուսումնասիրել զբոսաշրջության չօգտագործված ներուժը: Նոր մեքենայով կշրջի Հայաստանի տեսարժան վայրերով, իսկ մինչ այդ, մի պտույտ է կատարում զորամասի շարահրապարակով՝ ընկերների ու հրամանատարների չդադարող ծափողջույնների ուղեկցությամբ: Հետո նորից շարք է վերադառնում:
Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գ. Մուրադյանը զինվորներին հանձնում է պատվոգրեր ու կրծքանշաններ. դրանք միշտ կհիշեցնեն ապրիլյան դժվարին օրերը, փառավոր մարտական ուղի անցած զորամասը: Նրա խիստ դեմքը հուզվում է, խառնվում. Արցախի հյուսիսարեւելյան սահմանն անառիկ պահած իր զինվորներին դժվարությամբ է հրաժեշտ տալիս: Գրկախառնվում է ամենքի հետ, երկար սեղմում յուրաքանչյուրի ձեռքը: Վերցնում է բարձրախոսն ու… չէ, երկար ճառեր արտասանելու անհրաժեշտություն չկա. «Շնորհակալություն, տղե՛րք: Շնորհակալություն, որ ավելի կորովի, ավելի խիզախ, ավելի քաջ եղաք, քան մենք կարող էինք պատկերացնել: Բարի վերադարձ տուն»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ
Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ազգային բանակ