Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ



ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸԶրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ  հետ

 Պարոն գնդապետ, զրույցն ուզում եմ սկսել ամենից շատ քննարկվող հարցով՝ ի՞նչ է կատարվում Արցախի սահմանին: Հրետանային զենքերի կռի՞վ է:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում նորից լարվածության աճ է նկատվում:  Ակտիվացել են փոքր տրամաչափի հրետանային միջոցները: Հակառակորդը հաճախ է օգտագործում ականանետներ, ՀՀՆ-9, վերջերս նաեւ` ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Այս ամենն ստեղծում է տպավորություն, թե  հրետանային մարտեր են: Սակայն, այդ բնորոշումը մի քիչ չափազանցված է, քանի որ այսօր չի  գործարկվում երկու կողմերի հրետանային ներուժը: Հակառակորդի գլխավոր հարվածի ուղղություններում կամ մեր համապատասխան ուժերի կենտրոնացման տեղամասերում միջադեպերը լոկալ են: Կարծում եմ՝ հակառակորդի սադրանքներն ավելի քաղաքական ենթատեքստ ունեն, քան մարտավարական բնագծում որեւէ հաջողություն գրանցելու:

Հուլիսի 4-ին Ադրբեջանը ՏՌ-107 կայանքից հրթիռակոծեց Արցախի դիրքերը: Պաշտոնական հաղորդագրությունում նշվեց, որ հակառակորդը  այդ զինատեսակը վերջին անգամ օգտագործել էր քառօրյա պատերազմի ժամանակ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

Ես այդ կայանքը բնորոշում եմ որպես «խուլիգանական զենք»: Ինչո՞ւ:  Այն հիմնականում կիրառում են ոչ կանոնավոր բանակները: Հրթիռի տրամագիծը 107 մմ է, խոցման հեռահարությունը՝ 11 կիլոմետր, ճշգրտությունը ցածր է: Շարժունակ է՝ հակառակորդը հիմնականում տեղադրում է մեքենաների թափքում: Այն ավելի հոգեբանական ներազդեցության գործիք է:  Մեր ինժեներական կառույցները թույլ են տալիս պաշտպանվելու այդ զենքից: Անհրաժեշտ է միայն ժամանակին կազմակերպել անձնակազմի պաշտպանությունը, հետախուզում իրականացնել եւ ոչնչացնել կրակակետը: Կարող ենք մարտական հերթապահությունում ընդգրկված միջոցներով շարքից հանել ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքները, ինչն էլ արվել է:

Ի դեպ, ադրբեջանական մամուլը վայնասուն  էր բարձրացրել, թե  խաղաղ բնակավայրի վրա ենք կրակել:

Հակառակորդն ընտրել է ստոր մարտավարություն. կարծես միտումնավոր՝ կրակակետերը տեղակայում է հատկապես խիտ բնակեցված բնակավայրերում: Ճնշելով դրանք՝ չի բացառվում, որ արկերից մեկը վնասի նաեւ տները: Դիտարկենք սովորական արկի տեխնիկական տվյալները. ցանկացած բեկոր մոտ 200 մետր հարվածի շառավիղ ունի: Իսկ հակառակորդը կրակային  միջոցը տեղակայում է բնակելի տեղամասից 80 մետր հեռավորության վրա: Եթե անգամ գերճշգրիտ գործենք, վնասելու հավանականությունը մեծ է: Այսինքն՝ ադրբեջանական բանակն ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք անխուսափելիորեն հարվածի տակ են դնում սեփական բնակչությանը: Մենք ոչ մի պասիվ զենքի վրա կրակ չենք բացում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ճնշել կամ ոչնչացնել ցանկացած ակտիվ կրակակետ: Արցախի պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում միայն, երբ հակառակորդին արժանի հակահարված ենք տալիս: Կտրուկ գործողությունները շատ ավելի արդյունավետ  են, քան սաստող կոչերը:

Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆն հրապարակեց տեսանյութ՝ նշելով, որ ձեռք են բերել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի  արդիականացված հրթիռներ: Հակազդման  ի՞նչ միջոցներ ունենք:

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸՆախ ասեմ, որ այդ համակարգի հնարավորությունները չափազանցված են: Կրակի առավելագույն հեռավորությունը 6 կմ է, այն կարելի է խոցել հարվածային զինատեսակներով: Այն կիրառողը ավելի վտանգված է, քան դրանից պաշտպանվողը: Ապրիլյան մարտագործողությունների ժամանակ մեր ստորաբաժանումների կողմից  իրականացվել է խոցում, մեկ միավոր էլ վնասել ենք: Նշված զինատեսակի կիրառումից կորուստներ չենք ունեցել: Վստահեցնում եմ, որ դրանք ժամանակին հայտնաբերելու եւ ոչնչացնելու բոլոր հնարավորություններն ունենք: Այնպես որ, ակտիվ մարտագործողությունների ժամանակ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները պարզապես չեն հասցնի կրակային դիրք զբաղեցնել:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդումը, թե Ադրբեջանն արդեն  ունի հակահրթիռային զենք, որն  ունակ է հարվածելու հայկական կողմի «Իսկանդերից» արձակված հրթիռները:

Դատարկաբանությո՛ւն: Բացահայտ սուտ է` ուղղված մեղմելու իրենց հասարակության մեջ տիրող ահուսարսափը: Նա պարզապես որոշել է գլուխ գովել եւ հերթական անգամ ի ցույց է դրել մասնագիտական գիտելիքների ցածր մակարդակը: Անգամ աշխարհի գերհզոր բանակների ներկայացուցիչները չեն պնդում, որ ունակ են «Իսկանդեր» խոցելու: Այդ համակարգի հրթիռի արագությունը հետագծի սկզբնական հատվածից հետո վայրկյանում 2100 մետր է: Նման արագությունը անհնար է կասեցնել Ադրբեջանի սպառազինությունում առկա համալիրներով:

Պարոն հրամանատար, նաեւ մեր համալրումներից  խոսենք: Հրթիռահրետանային ի՞նչ նոր միջոցներ ենք ձեռք բերել ապրիլից հետո:

Թե՛ ապրիլյան մարտագործողությունների ժամանակ, թե՛ դրանից հետո հետախուզության միջոցների բավական ծանրակշիռ համալրում ենք ունեցել: Սա մեզ հնարավորություն է տալիս նկատելու անհրաժեշտ շարժերը, ուղղությունները, կուտակումները, իսկ մեր քաղաքական ղեկավարությանն ու բանակի  հրամանատարությանը՝ ճշգրիտ որոշումներ ընդունելու: Ես կիլոմետրերը չեմ նշի, միայն ասեմ, որ խոսքը ստրատեգիական խորությունների մասին է: Ինչ վերաբերում է կրակային միջոցներին, ապա համալրվել ենք գերճշգրիտ, գերհզոր հրթիռներով, որոնք բազմապատկել են մեր՝ մասշտաբային խնդիրներ լուծելու հնարավորությունները: Չբացելով փակագծերը՝ ավելացնեմ, որ տարբեր ուղղություններում ունենք ժամանակակից զենքեր, որոնք հնարավորություն են ընձեռում, օրինակ,  խոցելու հակառակորդի տանկերը մի քանի անգամ ավելի մեծ խորությունում:

Պակաս կարեւոր չէ կրակակետերի ապահովությունը: Ապահով դիրքից կրակ վարողը շահում է, քանի որ իր գործողություններում ավելի ազատ է:

Բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում էին  հրետանային կրակակետերի, դիտակետերի ամրաշինական աշխատանքները: Միջոցներ են ձեռնարկվել, եւ  կարճ ժամկետում բացերը վերացվել են: Ամրապնդվել են հրետանային ստորաբաժանումների համար նախատեսված ամրաշինական կառույցները: Կրակային ցանկացած միջոցի համար ստեղծվել, կահավորվել են թե՛ կրակային, թե՛ պահեստային, թե՛ խուսավարման տեղամասեր: Մեր պաշտպանությունը հիմա բազմաշերտ է: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք մեր  կենսունակության աստիճանը: Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը:

Պարոն գնդապետ, շնորհակալ եմ զրույցի համար:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ազգային բանակ


19/07/2017