Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՌՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ԵՌՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՀուլիսի 11-ից  13-ը «Զառ» ուսումնական կենտրոնում խաղաղապահ գործողությունների սցենարով եռօրյա զորավարժություն անցկացվեց: Ներգրավված էին Խաղաղապահ բրիգադի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և ինժեներասակրավորային առանձին խաղաղապահ գումարտակի դասակներից մեկի շուրջ 500 զինծառայողներ, ռազմական ու բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ: Զորավարժության ընթացքում, առաջին անգամ, ՆԱՏՕի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում հայկական ԶՈւ շարժական դաշտային հոսպիտալը` որպես ռազմաբժշկական ինքնուրույն միավոր, գնահատեցին Հյուսիսատլանտյան դաշինքի փորձագետները:

Եռօրյա զորավարժության ընթացքում բազմաթիվ պայմանական իրավիճակներ խաղարկվեցին: Երկրորդ օրն ամենահագեցածն էր իրադարձություններով:  Սցենարի համաձայն՝ կոալիցիոն ուժերի վերահսկողության գոտում մահապարտը պայթեցրեց իրեն ամրացված պայթուցիկը, որի հետևանքով 32 հոգի տարբեր ծանրության վիրավորումներ ստացան, որոնցից մի քանիսը մահացան: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավորներին տեղափոխեցին դաշտային շարժական հոսպիտալ, որտեղ կատարվեց վիրավորների տեսակավորումը` թեթև, միջին և ծանր վիրավորումներ, կազմակերպվեց անհրաժեշտ բուժօգնությունը: Ծայրահեղ ծանր 2 վիրավորներն անմիջապես ուղղաթիռով տարհանվեցին մասնագիտացված բուժհաստատություններ: 

Զորավարժության առանձնահատկություններից մեկն այն էր, որ սցենարի շրջանակում անվճար բուժօգնություն և խորհրդատվություն տրամադրվեց  ուսումնական կենտրոնին հարակից  համայնքների՝ հակամարտ գոտու ազգաբնակչության դերն ստանձնած բնակչությանը: Շուրջ հինգ տասնյակ քաղաքացիական անձինք այդ օրերին անհրաժեշտ իրական բուժօգնություն ստացան:

ԵՌՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶառ գյուղից ամուսիններ Գալուստ Վարդանյանն ու Նարինե Սմբատյանը վրանի մոտ իրենց դստերն էին սպասում: «Աղջկաս համար ուղեգիր էինք ուզում՝ ք. Աբովյան բուժման տանելու համար: Գյուղապետարանից տեղեկացրին, որ  նման նախաձեռնություն կա»,- ասում է Գալուստը:

Գալուստն ինքն էլ  էր ցանկանում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն անցնել:

«Պատերազմի մասնակից եմ, 1992 թվին Աբովյանի ջոկատի կազմում մասնակցել եմ Լաչինի միջանցքի ազատագրման գործողությանը: Կարո՞ղ եմ ես էլ ստուգվել»:-Բացատրում եմ, որ անկախ նրանից` պատերազմի մասնակից է, թե ոչ, բուժօգնություն կարող են ստանալ բոլոր դիմողները:

«Շատ հպարտ ենք, որ մեր բանակը նման հնարավորություններ ունի»,- ասում է Նարինեն:   

Վրանի ներսում` «Անհետաձգելի վիրաբուժության սենյակում», նրանց աղջկա ոտքի վիրահատական գործողությունն է իրականացնում  հոսպիտալի անհետաձգելի բուժօգնության բաժնի պետ, մայոր Արա Սիմոնյանը: Ավարտելով աշխատանքը` բժիշկն ասում է.  «Գյուղի բնակիչներին, որ այս օրերին իրենց առողջական խնդիրներով ներկայանում են դաշտային հոսպիտալ, օգնել և օգնում ենք ինչով հնարավոր է, թե՛ ախտորոշում, թե՛ խորհրդատվություն, իսկ հնարավորության դեպքում, նաև դեղորայք ենք տրամադրում»:

«Հոսպիտալի անձնակազմը,- ասում է շարժական հոսպիտալի ավագ բուժքույր Ալլա Նահապետյանը,- տարբեր զինվորական բուժհաստատություններից է: Համատեղ աշխատանքը հրաշալի է ստացվում. մեկ ընտանիքի պես ենք:  Մեկս մյուսին օգնելով, մեկս մյուսից ինչոր բան սովորելով` շատ լավ արդյունքների ենք հասնում: Խաղաղապահ զորքի հետ համագործակցությունն էլ բարձր մակարդակի վրա է»:  

Անհետաձգելի բուժօգնության սենյակի բուժքույրերից դրական էներգիա է ճառագում: «Չնայած բնակիչների ընդունման տարիքային սահմանափակում չկար, սակայն հիմնականում տարեց այցելուներ ենք ունեցել,- պատմում են նրանք,- առաջին հերթին՝ այս տարիքային խմբի համար, թերևս, կարևորն այն ուշադրությունն էր, որ մեզանից լիուլի ստացան»:

Դաշտային հոսպիտալի ռենտգեն բաժանմունքի ռենտգենլաբորանտ, ենթասպա Էդգար Ապրեսյանը բացատրում է. «Ցանկացած վիրավոր պարտադիր ռենտգեն կամ  սոնոգրաֆիկ հետազոտություն է անցնում մեզ մոտ»:

Մայոր Հայկ Հովհաննիսյանը, որ շուրջ մեկ ամիս առաջ մարդասիրական առաքելությամբ Սուդանի լեռներում փոխարինում էր «Ավրորայի» մրցանակակիր Թոմ Քաթինային, դաշտային շարժական հոսպիտալի կազմում հանդես էր գալիս որպես վիրահատարանի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ:

«Առանց վարժանքների որևէ հաջողության հասնել հնարավոր չէ: Իսկ դրանք պետք է լինեն հենց այսպիսին՝ իրականությանը հնարավորինս մոտ,- ասում է բժիշկը:- Քանի որ սա բուժանձնակազմի ներգրավմամբ առաջին զորավարժությունը չէ, կասեմ, որ նկատելի առաջընթաց կա. հատկապես` թիմի համագործակցված աշխատանքի տեսանկյունից»:

ԵՌՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶորավարժության ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներով օպերատիվ կարողությունների առաջին մակարդակի ինքնագնահատում անցավ նաև ինժեներասակրավորային առանձին խաղաղապահ գումարտակի դասակներից մեկը: Զորավարժության  ընթացքում դասակն իրականացրեց սցենարով խաղարկվող՝  տեղանքների, տրանսպորտային միջոցների ականազերծման մի շարք գործողություններ: 

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Լյովա Խաչատրյանը  նշում է. «Ամփոփելով եռօրյա  զորավարժության արդյունքները՝ վստահաբար կարող եմ ասել, որ ստորաբաժանումն առաջադրված խնդիրները կատարեց գերազանց: Իհարկե, թերություններ եղան, որոնց վերացման վրա, անշուշտ, աշխատելու ենք, քանի որ հաջորդ տարի ավելի լայնածավալ զորավարժության ենք մասնակցելու, որն արդեն կգնահատեն Հյուսիսատլանտյան դաշինքի փորձագետները»:

«Կարևոր եմ համարում, որ «Ազգբանակ» գաղափարախոսության շրջանակներում դաշտային հոսպիտալի մեր բժիշկներն այս երեք օրերին հնարավորություն ունեցան նաև հարակից համայնքների բնակիչներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու,- ասում է զորավարժության ղեկավար, գնդապետ Արթուր Երոյանը: Նրա խոսքով` զորավարժության ողջ ընթացքում  փորձագետների կողմից գնահատվել է շուրջ 450 առանձին տարր: Զորավարժության ընդհանուր ամփոփումն իրականացվել է տեղում` ազգային գնահատման խմբի և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների կողմից: Իսկ վերջնական արդյունքները հայտնի կդառնան միայն երկու ամիս անց՝ Հյուսիսատլանտյան  դաշինքի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շտաբում կատարվող ամփոփումից հետո: «Այս պահին զորավարժությունը գնահատվել է մոտավորապես 80 %-ով, և արդյունքները դրական են»,- շեշտեց գնդապետը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գնահատող խմբից բացի՝ հայ ռազմական բժիշկների գործողություններին խորհրդատուի կարգավիճակով հետևում էին նաև ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչները:

Դիտորդներից Կանզասի ազգային  գվարդիայի մայոր Բրեդ Ռիսը և լեյտենանտ Աննա Թըվարեսն ասացին, որ տպավորված են հայ բժիշկների թիմային գործողություններով: «Մեծ բավականություն ստացանք` տեսնելով, թե լարվածություն պահանջող գործողությունների ընթացքում նրանք ինչպես էին գործածում իրենց սարքավորումները: Ուրախալի է, որ մենք, բացի ուսումնասիրելուց և հետադարձ կապ ստանալուց, նաև հնարավորություն ունեցանք շատ բան սովորելու մեր հայ գործընկերներից,- ասաց մայոր Ռիսը,- կարևորն այն է, որ ամբողջ անձնակազմի ներգրավվածությունը ցանկացած առաջադրվող սցենարում շատ մեծ էր ու նշանակալի: Սա իրոք հրաշալի զորավարժություն էր` էներգետիկ հզոր լիցքով»:

Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն երկու ամիս անց: Որակավորման քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում մեր ռազմական բժիշկները ևս կներգրավվեն կոալիցիոն ուժերի կողմից աշխարհի հակամարտ գոտիներում իրականացվող մարդասիրական խաղաղապահ առաքելություններում:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/07/2017