Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶՍՊԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ



ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶՍՊԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸՀատված ՀՀ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ելույթից

Ադրբեջանի հակադրումը ԵԱՀԿ հանձնառություններին ներառում է ԵԱՀԿ բոլոր երեք հարթությունները։ Ադրբեջանի ղեկավարությունը որեւէ առիթ բաց չի թողնում ներկայացնելու իր երկիրը որպես բազմամշակութայնության ջատագով։ Իրականում, Ադրբեջանի կողմից հայկական մշակութային եւ պատմական ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ավերումը եւ վերացումը հակառակն են վկայում։ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) 2016 թվականի զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ անսալով ատելության այս հռետորաբանությանը»։ Նմանօրինակ քարոզչության մթնոլորտում մեծացած հենց այս սերունդն է, որ կրկին ու կրկին ազգային ատելության հողի վրա զազրելի հանցագործություններ է իրականացնում։ Ինչպե՞ս կարող է Բաքվի ղեկավարությունը խոսել բազմամշակութայնության մասին եւ միաժամանակ «բոլոր հայերին Ադրբեջանի համար մեկ թշնամի» անվանել։ Հավանաբար, Բաքուն սա համարում է ինքնահռչակ «խելամիտ ուժի» դրսեւորում։ Խելամիտ ոչինչ չկա միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերի մեջ։ Շատ երկրներ քաջատեղյակ են Ադրբեջանում առկա իրողությանը, եւ հայկական ծագում ունեցող իրենց քաղաքացիներին նախազգուշացնում են զերծ մնալ Ադրբեջան այցելություններից, որտեղ նրանք մոլեգին ռասիզմի խտրական քաղաքականության զոհը կարող են դառնալ։

2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների հանդեպ իրականացված վայրագություններով, մարմինների անդամահատումներով, ԴԱԻՇի ոճով գլխատումներով. գործողություններ, որոնք դատապարտվեցին միջազգային հանրության կողմից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախաձեռնեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները՝ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները հաղթահարելու, ինչպես նաեւ բանակցային գործընթացի առաջխաղացման համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով։

Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ, մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց, ինչն այնուհետեւ վերահաստատվեց Սանկտ Պետերբուրգում. ներդնել ԵԱՀԿ մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար, որը կարող էր նաեւ ծառայել որպես իրավիճակի սրման կանխարգելման մեխանիզմ, ինչպես նաեւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի կարողությունները։ Վերահաստատվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, ընդգծվեց 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի անշեղորեն կատարման անհրաժեշտությունը։

Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են։ Հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը եւ Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու վերոնշյալ բարձր մակարդակի համաձայնությունները։ Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում։ Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները։

ԵԱՀԿ շրջանակներում վստահությունը նախեւառաջ ենթադրում է վստահություն հենց կազմակերպության եւ իր կարողության հանդեպ՝ արձագանքելու Եվրոպայում անվտանգության ահագնացող մարտահրավերներին։ Վստահ ենք, որ եռանախագահների առաջարկությունների հիման վրա ԵԱՀԿն պետք է ամրապնդի իր ներկայությունը հակամարտության գոտում՝ այն դնելով առավել տեւական եւ ամուր հիմքերի վրա։ Այս առնչությամբ ԵԱՀԿն պետք է աջակցի հակամարտության բոլոր կողմերին հրադադարի ռեժիմը հարգելու, ռազմական սրումից խուսափելու եւ վստահություն կառուցելու հարցերում։ ԵԱՀԿն պատմության դասերի հիման վրա ստեղծված կազմակերպություն է, իսկ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ պատերազմը կարող է անվտանգության մթնոլորտի թյուր ընկալման եւ սխալ հաշվարկի հետեւանք լինել, մինչդեռ խաղաղությունը վստահության վրա է հիմնված։ Ադրբեջանն այլ ճանապարհ է ընտրել։

Ժողովուրդներն իրավունք ունեն իմանալու՝ ով է նրանց տանում կորստի եւ տառապանքի ճանապարհով։ Անկողմնակալ եւ պատասխանատու ձեւով անվտանգության սպառնալիքների բացահայտումը կարեւոր է այս կազմակերպության նկատմամբ վստահության ամրապնդման առումով։

Իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մատնանշեցին Ադրբեջանին՝ որպես բռնությունը նախաձեռնող կողմ։ Սա եռանախագահների՝ ուղղակիորեն Ադրբեջանին հասցեագրված առաջին կոչը չէր։ Նախկինում եռանախագահներն իրենց մի շարք հայտարարություններում բացեիբաց կոչ են արել Բաքվին զերծ մնալ իրադրության սրումից, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչող քննադատությունները եւ հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։ Ի պատասխան Ադրբեջանի՝ 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի վավերականությունը հարցականի տակ դնելու վերաբերյալ պնդումների՝ եռանախագահները հստակորեն հայտարարեցին, որ այդ համաձայնագրերն անժամկետ են եւ պետք է խստորեն պահպանվեն։

Այնուամենայնիվ, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը՝ կառչած մնալով բանակցային սեղանին իր խիստ ապակառուցողական վարքագծին եւ հակամարտության գոտում սադրիչ գործողությունների քաղաքականությանը։ Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնիսկ հասցեական կոչերը;

Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց՝ ռմբակոծելու Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան՝ ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել:

Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաեւ կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը։

Այս զարգացումները եւս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը։

Մենք հանձնառու ենք ԵԱՀԿ շրջանակներում խաղաղության, անվտանգության եւ համագործակցության առաջմղմանը ու շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերում։

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


19/07/2017