ՏԱՏՍ
Ամանորին հաշված ժամեր էին մնացել։ Դրսում ձնագնդի էինք խաղում։ Ուրախությունս անսահման էր։ Զգացի, որ ձեռքերս սառչում են. վազեցի տուն՝ տաքանամ ու էլի հետ գամ։ Ձյունը թափ տալով հանգիստ մտա տուն, որ տատս չբարկանա վրաս։ Ներս մտա ու զգացի, որ տատս չի բարկանա, թեկուզ աշխարհի ձյունն էլ հետս տուն տարած լինեի…
Սեղանին բազմաթիվ նկարներ կային։ Տատս գլուխը տխրությամբ այս ու այն կողմ էր շարժում։ Հետո տատիս աչքերից արցունք կաթեց նկարների վրա։ Քարացած ժամանակը շարժվեց. տատս ինձ տեսնելով՝ անակնկալի եկավ։ Գուրգուրանքով մեկ ինձ էր նայում, մեկ նկարներին։ Հանեց թրջված շորերս, տարավ վառարանի մոտ, նստեցրեց գիրկը եւ սկսեց մազերս շոյել։ Ես չգիտեի՝ ինչպես ասեի, որ ինձ բաց թողնի, նորից գնամ խաղալու։ Չէ՞ որ նախատոնական օր էր, Նոր տարի, Ձմեռ պապն է գալիս, որի մասին շատ պատմություններ էր արել։
-Բալա ջան, հիմա մի քիչ կհանգստանաս, որ Ձմեռ պապին առույգ դիմավորես, նա չի սիրում քնկոտներին։
Հասկացա, որ պիտի քնեմ, բայց ինչպե՞ս՝ ախր դրսում ձյուն էր, ու ես շատ էի ուզում խաղալ… Անկողնում շուռումուռ էի գալիս, պտտվում ու այդպես էլ քնել եմ։ Ասես քնի մեջ լսեցի տատիս ձայնը.
-Թոռ ջան, վեր կաց, պետք է գնանք։
Դրսում հատուկենտ մարդիկ էին երեւում։ Նստեցինք ավտոմեքենա։ Չգիտեմ, տատս ինչ ասաց վարորդին, որն անչափ սիրալիր պատասխանեց։ Որոշ ժամանակ անց մեքենան կանգնեց, եւ մենք իջանք։
Ես զարմանքից քարացել էի, կարծես ամբողջ աշխարհի մարդիկ այդտեղ էին։ Տատս քայլում էր խրոխտ, եւ զգում էի, որ մերթընդմերթ ցավեցնելու աստիճան սեղմում է ձեռքս։ Ամեն մի շիրմի կողքով անցնելիս այնպիսի մի հոգոց էր հանում, կարծես աշխարհի բեռն իր ուսերին լիներ։ Քիչ անց քայլերը դանդաղեցրեց, կանգ առավ, ապա ձեռքս բաց թողեց.
-Զավակս, եկել եմ Նոր տարիդ շնորհավորելու, բայց իմացիր, մենակ չեմ, զավակդ էլ է հետս։
Ես հասկացա, որ դա հորս շիրիմն է։ Սկսեցի հեկեկալ։ Տատս սրբեց արցունքները, ապա թեքվելով իմ կողմը՝ արգելեց ինձ լաց լինել։ Տատս ծաղիկները դրեց հայրիկիս պատկերի առջեւ, համբուրեց։ Չեմ կարող ասել, թե ինչն ինձ ստիպեց խոսել։ Մեջս կարծես հրդեհ էր բռնկվել։ Նայեցի տատիս. «Տատ ջան, որ մեծանամ, զինվոր եմ դառնալու»։ Տատս ուշադիր նայեց վրաս՝ գրկեց ինձ ու ամուր սեղմեց կրծքին… Այդպես մնացինք այնքան ժամանակ, մինչեւ լսեցի, որ մեկը տատիս ասաց. «Մայրիկ ջան, գնացեք տուն եւ ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք»։
Ես դանդաղ իջա տատիս գրկից, մոտեցա հայրիկիս շիրմաքարին, համբուրեցի եւ շշնջացի. «Հայրիկ ջան, որ մեծանամ, ես էլ պիտի զինվոր դառնամ»։
Մի փոքր դադարից հետո տատս ձեռքս բռնեց, ու երկար նայելով նկարին, դանդաղ շարժվեցինք։ Բռնեցինք տունդարձի ճամփան։ Քայլում էինք լուռ։ Վերադարձի ճանապարհն ինձ համար շատ դժվար էր։ Ամանորի այդ օրը ես ավելի քան երբեւէ զգացի հորս ջերմությունն ու կարոտը,- այսպես ավարտեց իր պատմությունը Հովհաննես Փանոսյանը։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր