«ԱՐԻ ՏՈՒՆԸ» ՈՉ ԹԵ ԾՐԱԳԻՐ, ԱՅԼ՝ ՆՊԱՏԱԿ
Հուլիսի 25-ին պաշտպանության նախարարությունը հյուրընկալել էր «Արի տուն» ծրագրի մասնակիցներին` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ: Մինչ այդ սփյուռքահայ երեխաները ծրագրի շրջանակներում այցելել էին Մատենադարան, Եռաբլուր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, զորամասեր, սովորել հայերեն…
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ողջունելով ներկաներին` կարեւորեց այս նախաձեռնությունը: Այդուհետ գերատեսչության ղեկավարը ներկայացրեց բանակի անցած դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը, թե ինչեր հաղթահարելով` այն կամավորական ջոկատների հենքի վրա վերածվեց կուռ կառույցի. «Մեր պետականության ամենամեծ քննությունը բանակաշինությունն էր»:
Նախարարը խոսեց նաեւ հայ զինվորի անսահման նվիրումի մասին, նշեց, որ Հայոց բանակը պատրաստ է պատժելու հակառակորդի ցանկացած արկածախնդրություն. «Մեր պայքարը մեր հողում ազատ ապրելու եւ արարելու պայքար է: Ավագ սերնդի շնորհիվ մեզ բախտ է վիճակվել գալ–հասնել 20-րդ դարի վերջը: Հիմա պիտի զարգացնենք, ծաղկեցնենք երկիրը»:
Նախարարը կոչ արեց աշխարհի տարբեր անկյուններից եկած հայորդիներին ամուր պահել ազգային ինքնությունը, հայի տեսակը, հա՛յ մնալ, հաճախակի գալ Հայաստան:
Նախարարը լիահույս է, որ «Արի տունը» ոչ թե ծրագիր, այլ նպատակ է դառնալու, հայրենադարձությունն էլ՝ իրողություն:
Միջոցառման ավարտին սփյուռքահայ երեխաները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնց նախարար Վիգեն Սարգսյանը տվեց սպառիչ պատասխաններ:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ