Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄՈՌԱՑ ԴԱՍԵՐ



-Աշխարհ եկած հինգ երեխաներից ամեն մեկն իր բաժին երջանկությունն էր լույս աշխարհ բերել, լցրել հայրական օջախը։ Ռուբեն ու Հասմիկ Չալյան ամուսինների հարկի տակ թեւածում էր երջանկությունը։ Մայրն ուսուցչուհի էր, հայրը՝ զինվորական։ Հետո Գանձակից տեղափոխվեցին Հայ Պարիս։ Հայրը դարձավ զինվորական ֆոտոլրագրող, իսկ Հասմիկ մայրը ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդում գյուղի դպրոցում։ Երբ դժբախտ պատահարի զոհ դարձավ ընտանիքի հայրը, Հասմիկ մայրն իր ուսերին վերցրեց ընտանիքի ողջ հոգսը,- պատմում-վերհիշում է Յուրա Մանուկյանը, ապա շարունակում։ -Հինգ երեխաներն էլ՝ Ծովիկը, Գալյան, Օլյան, Սերգեյն ու Անդրեյը, ստացան բարձրագույն կրթություն։ Շահումյանի կռվի օրերին զավակները Հասմիկ մոր կողքին էին, ավելի ճիշտ՝ մայրն իր դուստրերի հետ որդիների՝ Սերգեյի եւ Անդրեյի ջոկատի տղաների կողքին էր, որոնք անհավասար կռիվ էին մղում թշնամու դեմ։ Այնտեղ էր նաեւ Օլյա աղջկա դուստրը՝ Քրիստինեն, որին Հասմիկ տատն ուղղաթիռով ուղարկեց Վարդենիս, որտեղ գտնվում էր ավագ դուստրը։ Հասմիկ մայրը, դուստրերը մինչեւ վերջ մնացին հայրենի Շահումյանում։ Երբ որդիները, նրանց մարտական ընկերները, խորհուրդ էին տալիս տեղափոխվել ապահով վայր, այդ համեստ հայրենասեր հայուհին մեղմ ժպիտով ասում էր. «Ես իմ որդիների կողքին պիտի լինեմ։ Մայրական շունչը, աղոթքը նրանց ուժ կտա, պահապան կլինի»։
Այդպես մինչեւ 1992-ի ամառը՝ հունիսի 13-ը, երբ ոտքով ողջ բնակչության հետ դուրս եկավ Շահումյանից։ Դուրս եկավ, սակայն ուշքն ու միտքը կռվող տղաների, իր որդիների հետ էր, որոնք սարսափ ու ահ էին տարածում թշնամու վրա։
Լռությամբ ինչ ապրումներ, ինչ տառապանք տարավ հայ մայրը մինչեւ որդիների վերադարձը, որքան ծանր տարավ Սերգեյ որդու վիրավորվելը…
Երբ 2007-ին Երեւանում իր մահկանացուն կնքեց Հասմիկ մայրը՝ բազմամարդ սգո թափորը նրան ուղեկցում էր վերջին հանգրվան։ Տխուր էին բոլորը։ Սակայն տխրության հետ նաեւ հպարտ էին, քանի որ իրենց հուշերում ամբողջացնում էին մի հայուհու կերպար, որն իր կյանքն ապրեց համեստ, առաքինի, մինչեւ վերջին շունչը՝ հայոց պատմության անմոռաց, անկրկնելի դասեր թողնելով իր զավակներին, իր սաներին, մեզ՝ ապրողներիս…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Հոգևոր-մշակութային


10/08/2011