Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՄԲԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ «ՓԱՌԱՀԱՄԱՐԸ»



Սմբատ Բագրատունին (ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են) 6-րդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր զորավարներից էր, քաղաքական գործիչ, որն անձնվիրաբար պայքարեց Հայաստանի անկախության համար՝ դիմադարձ կանգնելով բյուզանդական կայսր Մորիկի ուծացման քաղաքականությանը, որը նպատակ ուներ ռազմական, վարչական եւ եկեղեցական մի շարք միջոցառումներով վերջնականապես ծնկի բերել հայերին, այսպես ասած՝ «բյուզանդականացնել»։ Պատերազմներում տարած բազում հաղթանակների եւ անձնական քաջության համար Սմբատ Բագրատունին դարձել է լեգենդար հերոս, փառաբանվել միջնադարյան պատմիչների երկերում։ Ստորեւ՝ մեկ էջ նրա կյանքից, որը քաղված է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսի «Պատմությունից»։

Հայաստանը 6-րդ դարի վերջին գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության տակ, եւ Մորիկ կայսրը լայնորեն օգտագործում էր հայկական ուժերը՝ պարբերաբար զորահավաքներ կազմակերպելով եւ հայերին ուղարկելով իր թշնամիների դեմ կռվելու։ Այդպես եղավ 591 թվականին՝ կայսրը Սմբատ Բագրատունուն հրամայեց անցնել իր հեծելագնդի գլուխ եւ մեկնել Թրակիա՝ կռվելու ավարների եւ սլավոնների դեմ։ Լինելով հեռատես ռազմական գործիչ՝ Սմբատ Բագրատունին լավ հասկանում էր այդ քայլի կործանարար բնույթը հենց հայերի համար եւ հրաժարվում է կատարել կայսեր հրամանը։ Դա ապստամբություն էր, որին միանում են նաեւ մի շարք հայ նախարարներ։ Զայրացած կայսրը բոլոր ուժերը գործադրում է՝ ճնշելու ապստամբությունը, եւ, ի վերջո, դա նրան հաջողվում է։ Սմբատ Բագրատունուն շղթայակապ բերում են Կ. Պոլիս, որը կայսրության մայրաքաղաքն էր, որտեղ հայրենասեր ու քաջարի զորավարին խստագույն պատիժ էր սպասում. նրան պետք է մերկացնեին եւ նետեին կրկեսի ասպարեզ՝ գիշատիչ գազանների հոշոտմանը։

Պատմիչ Սեբեոսը պատկերավոր նկարագրում է այն, ինչ տեղի է ունենում կրկեսում։ Սմբատ Բագրատունուն մերկ, միայն անդրավարտիքով, նետում են կրկեսային ասպարեզ եւ նրա վրա բաց թողնում մի արջ։ Սկսվում է «մենամարտը», եւ Սմբատը՝ ուժեղ եւ հաղթանդամ տղամարդ, արջի գլխին իջած բռունցքի հզոր հարվածով տապալում է նրան։ Այնուհետեւ ասպարեզ են բերում մի ցուլ, որի եղջյուրներից բռնելով՝ Սմբատը բարձր աղաղակով, որով կրկնապատկում է իր ուժերը, պոկում է դրանք եւ կենդանուն մնում է փախուստով ազատվել «հակառակորդի» ձեռքից։ Հետո գալիս է առյուծի հերթը։ Սեբեոսի խոսքով՝ Սմբատին «աստծո օգնությամբ հաջողվում է» հեծնել առյուծին եւ սեղմելով կոկորդը՝ խեղդել։

Կրկեսում հավաքված բազմությունը բուռն ծափերով ողջունում է Սմբատի անօրինակ հաղթանակները եւ խնդրում «հանդիսանքին» ներկա կայսրին՝ ներում շնորհել հայ դյուցազնին։ Նույնը խնդրում է նաեւ Սմբատի ուժով հիացած կայսրուհին, եւ կայսրը ոչ միայն տեղի է տալիս, այլեւ, Սեբեոսի պատմելով, ներում շնորհելուց հետո Սմբատի պատվին խնջույք է կազմակերպում։ Այստեղ, անշուշտ, իր դերն է խաղացել այն, որ կայսրը միշտ էլ բարձր է գնահատել Սմբատ Բագրատունու զորավարական տաղանդը, եւ մեկ անգամ չէ, որ հայ զորապետը, կռվելով բյուզանդական կողմից, հաղթանակներով էր վերադարձել ռազմադաշտից։

Սեբեոսը, ըստ երեւույթին, կասկած ունենալով, որ պատմությանը կարող են չհավատալ, բերում է այն հավաստի դարձնելու մանրամասներ. Սմբատ Բագրատունին բնականից ունեցել է դյուցազնական արտաքին, ամուր, գեղեցիկ կազմվածք, հզոր ուժ։ Պատմիչն այսպիսի օրինակ է բերում. մի անգամ անտառով անցնելիս Սմբատը բարձրացել է մի հաստաբուն ծառ եւ ոտքերը կախելով՝ գետնից կտրել իր ձիուն, ու դա զարմանք է պատճառել բոլորին։ «Անհատավալի ուժ»,- պատմիչի այս վկայության առթիվ այսպես է արտահայտվել Ղեւոնդ Ալիշանն իր «Հայապատում» գրքում։

Սմբատ Բագրատունու կրկեսային «փառահամարն» զբաղեցրել է անվանի պատմաբաններին ու բանասերներին։ Մանուկ Աբեղյանը, օրինակ, զորավարի հետ կապված պատմությունը համարել է ժողովրդական առասպել», «լեգենդային պատմվածք»։ Ռուս պատմաբան Յուրի Կուլակովսկին իր «Բյուզանդիայի պատմությունը» աշխատության մեջ Սեբեոսի նկարագրության մասին գրել է. «Այն ավելի շատ նման է էպոսի, քան պատմության»։

Այնուամենայնիվ, կան նաեւ հակառակ կարծիքներ։ Այնպիսի նշանավոր հայագետներ, ինչպիսիք են Մաղաքիա Օրմանյանը, Արշակ Ալպոյաճյանը, Հրաչյա Աճառյանը, Մխիթարյան Միաբանության վաստակաշատ բանասեր Վարդան Հացունին կրկեսային դեպքի մասին Սեբեոսի հաղորդածը համարել են պատմական իրողություն՝ Սմբատի մասին գրելով սիրով ու ազգային հպարտության զգացումով։ Նշանավոր պատմաբան Ստեփան Մալխասյանցը եւս մանրամասն քննարկել է Սմբատի հետ կապված պատմությունը եւ հանգել է այն եզրակացության, որ Սեբեոսի վկայությունը «իրական անցքի նկարագրություն է»։ Հետաքրքիր են նրա հետեւությունները. «Ցուլը, անշուշտ, պառաված է եղել», իսկ զոհի վրա թռչելով՝ առյուծը հավանաբար վրիպել է, որից էլ օգտվելով՝ Սմբատը ճարպկորեն հեծնել է նրան եւ իր հզոր ուժով խեղդամահ արել։ Արջին սպանելը նույնպես հավանական է՝ այդ գազանն ունի նուրբ ճակատոսկր, եւ Սմբատը, իմանալով դա, ուժեղ հարվածով ջարդել է այն։

Ըստ էության՝ Սմբատ Բագրատունու կրկեսային մենամարտերը որպես պատմական իրողություն է ներկայացնում նաեւ «Հայկական սովետական հանրագիտարանը», որից տեղեկանում ենք, որ Մորիկ կայսրը ստիպված կատարել է հանդիսականների պահանջը եւ ներում շնորհել Սմբատ Բագրատունուն, բայցեւ, երկյուղելով անընկճելի հայ զորավարից, նրան աքսորել է Աֆրիկա` զինվորական տրիբունի համեստ պաշտոնով։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Պատմության էջերից


10/08/2011