ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ
«Նուբարաշեն» զինավանի ակումբում կայացավ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքների ամփոփումը:
Ելույթ ունեցավ 5-րդ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Փիլոյանը, որը ներկայացրեց զորամիավորումների զորամասերի շտաբների պատրաստության և զորքերի ղեկավարման վիճակը եւ դրանց բարելավման ուղիները:
Շտաբի պետը նշեց այն ծավալուն աշխատանքը, որը տվել է դրական արդյունքներ: Նա շեշտեց, որ չպետք է բավարարվել ձեռքբերումներով, այլ հիմնվելով դրական փորձի վրա` անհրաժեշտ է շարունակել, հասնել էլ ավելի բարձր արդյունքների:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Օհանյանը մանրամասնորեն ներկայացրեց մարտական պատրաստության վիճակը: Փաստեց, որ իրականացվել են նախանշված բոլոր միջոցառումները, արդյունքներն էլ գոհացուցիչ են: 2-րդ եռամսյակում պլանավորվել և իրականացվել է վաշտի վեց գումարտակի՝ մարտական կրակով ցուցադրական, մարտավարական զորավարժություններ, որոնց ընթացքում կիրառվել են մի շարք նորարարություններ՝ ելնելով ապրիլյան պատերազմի գործողությունների փորձից: Զեկուցողը նշեց, որ անհրաժեշտ է առաջիկայում ևս զարգացնել ձեռք բերածը և փնտրել խնդիրների լուծման առավել արդյունավետ ուղիներ:
Հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը վերլուծելով 2-րդ եռամսյակի զինվորական կարգապահության, դաստիարակչական աշխատանքների վիճակը` արձանագրեց, որ առկա է ցուցանիշների դրական տեղաշարժ, որը բոլոր օղակի հրամանատարների ամենօրյա նպատակաուղղված անհատական դաստիարակչական աշխատանքների արդյունքն է:
Ամփոփիչ խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ–մայոր Կ. Աբրահամյանը շնորակալություն հայտնեց բարձր արդյունքներ ցուցաբերած զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներին, հորդորեց չբավարարվել արձանագրած ցուցանիշներով: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր հրամանատար պետք է ամեն օր, ամեն ժամ զբաղվի ինքնակրթությամբ, գիտակցի, որ միայն բարձր պատասխանատվությամբ է հնարավոր գրանցել հաջողություններ: Հրամանատարը նշեց, որ պետք է խուսափել առաջադրանքների լուծման հին, չարչրկված եղանակներից, փնտրել նորը ու կիրառել առաջավոր փորձը` իսպառ բացառելով ձևական մոտեցումները:
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Ազգային բանակ