ԱՎԱՐՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»
Հուլիսի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երեւանյան ամենասիրված ու սպասված փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
Ավանդույթի համաձայն տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի արարողությունը Սուրբ Աննա եկեղեցում:
Շառլ Ազնավուրի հրապարակում անվանի հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի, Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:
Այս տարի «Ոսկե ծիրանի» հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել Կաննի կինոփառատոնում ընտրված լավագույն ֆիլմերը, Լոնդոնում, Լոկարնոյում, Վենետիկում եւ Բեռլինում մրցանակ շահած ֆիլմերը:
Փառատոնում ցուցադրվեց նաեւ «Հրաշագործի աշունը» խորագրով տեսանյութը` նվիրված հայ անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցին:
Փառատոնն այս տարի ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից:
Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել էր հարյուրից ավելի ֆիլմ:
♦♦♦
Փառատոնի բացումը կատարվեց հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիր Համո Բեկնազարյանի 1927 թ. նկարահանված «Խասփուշ» համր ֆիլմով: Պարսկաստանում խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմական թեմայով կինոնկարն է: «Խասփուշը» այս տարի ցուցադրվեց որակապես նոր մակարդակով` թվայնացումով: Ու քանի որ այն համր ֆիլմ է, հնարավորություն էր ստեղծվել մի հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալու. ֆիլմը ցուցադրվեց Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:
♦♦♦
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Փակման արարողությունը նշանավորվեց նաև նրանով, որ «Ոսկե ծիրանի» «Վարպետ» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ջո Բեռլինգերը: Միջոցառումը եզրափակվեց նրա «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:
Հավելենք, որ Սասնո լեռներում ապրող Դըրդո մայրիկի վերաբերյալ թուրք ռեժիսոր Ս. Օնալի վավերագրական ֆիլմը արժանացել է «Արծաթե Ծիրան» մրցանակի:
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Հոգևոր-մշակութային