Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՊԻՏԻ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՌՈՒՑԵՆՔ…



ՄԵՆՔ ՊԻՏԻ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՌՈՒՑԵՆՔ...Թուրք ռեժիսոր Սերդար Օնալի «Դըրդո մայրիկը եւ ընկուզենին» փաստագրական ֆիլմը Եղեռնի ժամանակ գրեթե ամբողջ գերդաստանը կորցրած եւ այժմ Սասնա Նիչ գյուղի իր տանը միայնակ ապրող Դըրդո մայրիկի մասին է: Մեկի, որին աշխարհի ոչ մի ուժ չկարողացավ պոկել արմատից: Նրա ութ զավակներից մեկը Հայաստանում է ապրում, մյուսները Ստամբուլում են: Ինքը իր հողի, իր տան, իր աղոթքի ու իր բարբառի ժամապահն է: 40 տարի  առաջ մի թուրք սպանում է Դըրդո մայրիկի ամուսնուն: Ինը  տարի թուրքական դատարանների դեմ հանուն արդարության պայքարելուց հետո 80-ի շեմը հատած Դըրդո մայրիկը վերջապես շահում է դատը: Եվ ի լուր աշխարհի ասում` ես հաղթեցի: Սա է ֆիլմի բովանդակությունը:

 Պարոն Օնալ, բարի գալուստ Հայաստան: Թույլ տվեք, ի հիշատակ մեր հանդիպման, Ձեզ նվիրել հայկական տարազ հագած այս խորհրդանշական հրեշտակը, որի գլխանոցին նուռ է պատկերված` իբրեւ կյանքի, ապրելու եւ հարատեւելու խորհրդանիշ, եւ ափերի մեջ սպիտակ խաղաղության աղավնի կա: Թող այս հայուհի հրեշտակը հովանավորի Ձեր բոլոր բարի ձեռնարկները, որոնցից մեկն էլ Դըրդո մայրիկի մասին ֆիլմն է:

Շնորհակալ եմ շատ:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում իմ երկրում:

Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում եւ միշտ էլ շատ ջերմ հյուրընկալության եմ արժանացել: Այստեղ մարդիկ շատ սիրալիր են, անմիջական, եւ ինչոր հաճելի խաղաղություն կա ամենուր: Երբ ես քայլում եմ փողոցով՝ մարդիկ ինձ հայերեն են դիմում: Եթե դուք քայլեք Ստամբուլի փողոցներով, ոչ ոք չի հասկանա, որ հայուհի եք: Բայց մի անգամ Հյուսիսային պողոտայում մի մարդ մոտեցավ ինձ ու սկսեց հետս թուրքերեն խոսել: Հարցրի` ինչպե՞ս իմացաք, որ թուրք եմ: Ասաց` Ձեր արտաքինից: Պարզվեց` խարբերդցի հայ է: Անթալիայում մի երեւանցի տղայի հետ ծանոթացա: Հետո այնքան մտերմացանք, որ սկսեցինք ընկերություն անել: Երեկ Երեւանում միասին շատ լավ ժամանակ անցկացրինք:

Պարոն Օնալ, ինչպե՞ս ծնվեց Դըրդո մայրիկի մասին ֆիլմ նկարելու մտադրությունը:

Մինչեւ 2012 թվականը ես ոչ մի հայ չեմ ճանաչել: Աղոտ լսել էի 1915 թվի իրադարձությունների մասին, բայց շատ քիչ բան գիտեի: Հետո ծանոթացա Դըրդո մայրիկի թոռան` Մերիի հետ: Մենք միասին ուսուցչություն էինք անում նույն դպրոցում: Մի զրույցի ժամանակ Մերին պատմեց իր տատի`Դըրդո մայրիկի կյանքի պատմությունը, որն ինձ շատ հուզեց: Ես ծանոթացա Դըրդո մայրիկի հետ, լսեցի նրան եւ որոշեցի նրա կյանքի պատմությունը պատմել ամբողջ աշխարհին:

Դըրդո մայրիկը ինձ համար իմ կորուսյալ հայրենիքի, իմ ցավի, իմ հույսի ու իմ պատմական հողերի հանդեպ իմ սիրո մարմնացումն է: Իսկ ի՞նչ է խորհրդանշում Դըրդո մայրիկը Ձեզ համար ու Ձեր ֆիլմում:

Ես, բնականաբար, չեմ կարող այս ամենին Ձեր աչքերով նայել: Դըրդո մայրիկը հայ կին է, որը ծանր ճակատագիր է ունեցել: Սակայն չի հանձնվել: Նրա դիմակայությունը այն իրականությանը, որտեղ ապրում է, հիացմունքի է արժանի: Նրա անհավասար պայքարը թուրքական դատարաններում հանուն արդարության, նրա հաղթանակը: Նրա հավատարմությունը իր օջախին, իր հայկական արմատներին, իր ընկուզենուն: Նրա լավատեսությունը, նրա ապրելու կամքը, հաղթելու վճռականությունը: Մի՞թե այս ամենը կարող է անտարբեր թողնել  որեւէ մեկին: Այս կերպարը մարմնավորում է հայի ուժը, կամքը, կենսունակությունը: Եվ հուզում է: Դըրդո մայրիկի հետ ծանոթանալուց հետո ես սկսեցի հետաքրքրվել հայերով, հայերի պատմությամբ, մեր երկու ժողովուրդների անցյալով:

Եվ անպայման ինքներդ Ձեզ հարց տվեցիք` ի՞նչ է ուզում դրկից այս ազգը, այդ ի՞նչ ցավ է, որ չի բթանում նրանց սրտում, ու նույն ուժգնությամբ փոխանցվում է սերնդեսերունդ:

Անշուշտ, ես բազմաթիվ պատմություններ եմ լսել այդ ցավի մասին ու խորապես հուզվել եմ: Ես իսկապես ցավում եմ կատարվածի համար:

Ինչպես հայ գրողներից մեկը կասեր` Ձեր ցավակցությունը փոքրիկ սպեղանի է իմ ահռելի վերքի վրա, բայց սպեղանի է: Ձեր փոքրիկ տաք շունչը հալեցրեց այն բարակ սառույցը, որ կար հայ լրագրողի ու թուրք ռեժիսորի արանքում րոպեներ առաջ: Մենք սիրառատ ազգ ենք: Մենք ատել չգիտենք: Ատելը հակառակ է մեր բնությանը ու ներսից քայքայում է մեր հոգու կառույցը:

Իմ ու Ձեր արանքում նստած է Դըրդո մայրիկը: Նա Սասնա Նիչ գյուղից հասել է Երեւան, որ մասնակցի իր մասին փաստագրական ֆիլմի ցուցադրությանը:

Իմ ու Ձեր արանքում նստած է իմ ու Ձեր պատմությունը` Դըրդո մայրիկի տեսքով: Բայց տեսեք` նա մի ձեռքով գրկել է Ձեզ, մյուս ձեռքն իմ ուսին է դրել: Եվ ականջիս թաքուն շշնջում է` վատ բան չասես հյուրին, չնեղացնես:

Որովհետեւ նա կամուրջ է իմ ու Ձեր միջեւ: Նրա միջոցով մենք խոսում ենք իրար հետ: Սա պատմության բեռը մի օր ցած դնելու միակ ճանապարհն է մեր երկու ժողովուրդների համար: Մենք` արվեստագետներս, մշակույթի մարդիկ, ես եւ Դուք պիտի կամուրջ կառուցենք մեր երկու ժողովուրդների միջեւ:

Ինչպե՞ս ընդունվեց ֆիլմը Թուրքիայում:

Ֆիլմն առաջին մրցանակի արժանացավ Ստամբուլի 36-րդ միջազգային կինոփառատոնում: Բոլոր ցուցադրությունների ժամանակ դահլիճը լեփլեցուն էր: Ստամբուլում մարդիկ շատ հավանեցին ֆիլմը: Երբ ֆիլմն ավարտվում էր, հանդիսատեսը չէր հեռանում դահլիճից, մարդիկ հարցեր էին տալիս, հետաքրքրված էին նաեւ լրագրողները: Եղել են դեպքեր, երբ սրահի ադմինիստրացիան խնդրել է հանդիսատեսին ազատել դահլիճը, քանի որ արդեն եկել է մյուս ֆիլմի ցուցադրության ժամանակը: Մենք ապրում ենք կողք կողքի եւ չենք կարող անտեսել իրար: Իմ ֆիլմը դիտելուց հետո շատ շատերն են սկսել հետաքրքրվել հայերով:

Մարդկանց պետք է թույլ տալ հասնելու ճշմարտությանը իրենց ընտրած ճանապարհով, ոչ թե պարտադրել սեփական ճշմարտությունը: Ես նկատի ունեմ թուրքական իշխանություններին:

Գիտեք, վերջին շրջանում այդ առումով առաջընթաց կա: Թուրք ռեժիսորները հաճախ են անդրադառնում հայերին, 1915 թվականի դեպքերին: Երեւի Դուք այստեղ՝ Հայաստանում չեք իմանա դրա մասին, բայց թուրք հասարակությունը տեսնում է դա:

Այստեղ մեզ հետ է գրող Վրեժ Սարուխանյանը: Նա արմատներով սասունցի է եւ բազմաթիվ իրապատում պատմվածքներ ունի Էրգրի մասին: Մենք մեր արեւմտյան հողերին Էրգիր ենք ասում: Այդ պատմվածքներում դաժան տեսարաններ կան, բայց ինձ հատկապես ցնցեց մի պատմություն, մի պատկեր: Ուրեմն` Էրգրից բռնագաղթած ու Թալինի Աշնակ գյուղում վերաբնակեցված  ծերունիները հավաքվում, նստում են քարերին, թիկունքը տալիս են արեւին ու սկսում են մրցելկռվում են, թե ում գյուղն էր ավելի  լավը: Կռվում են Սասնա բարբառով, գոռալով, ձեռնափայտը իրար վրա շպրտելով:

Անցյալում են ապրում:

Այո՛: Ու մենք` Էրգրից հեռացած հայի երրորդ, չորրորդ սերունդը իրեն սասունցի է կոչում, մշեցի, վանեցիՊարոն Օնալ, ուրախ եմ, որ հանդիպեցինք, շնորհակալ եմ, որ զրուցեցինք:

Շնորհավորում եմ Ձեզ՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում «Արծաթե Ծիրանի» արժանանալու կապակցությամբ:

Շնորհակալ եմ, ես շատ երջանիկ եմ, որ ֆիլմը հաջողություն ունեցավ նաեւ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում: 

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Հոգևոր-մշակութային


26/07/2017