ԱՄԵՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ ԺՊՏՈՒՄ ԷՐ ՎԱՐԴԱՆԸ…
Հերթական քննարկումն էր Դուշման Վարդանի տուն–թանգարանում: «Մեր գրադարանը» խմբի կողմից այս անգամ քննարկման թեմա էր ընտրվել Րաֆֆու «Ինքնախաբեություն» հոդվածը: Բակը մարդաշատ էր, և մի տեսակ անհանգստություն կար բոլորի շարժուձևի մեջ: Ներկաները և՛ ուրախ էին, և՛ հուզված… Այս քննարկմանը հատուկ հյուրերի ենք սպասում, և որքան մոտենում է նրանց գալու ժամը, անհանգստությունն ավելի ու ավելի է մեծանում:
Հյուրերը զինհաշմանդամներն են` ապրիլյան պատերազմի ժամանակ ու տարբեր տարիներին վիրավորված տղաները…
Բակի մեծ դարպասները բացվում են… դռների մեջ հայտնվում են անվասայլակներով տղաները` ժպիտները դեմքներին:
Զարիկ մայրիկը սրտի կսկիծը թաքցնելով` մոտեցավ տղաներին, հերթով համբուրեց նրանց ճակատները: Հերոս որդուն հայրենիքին տված մայրը ամեն զինվորի մեջ իր որդուն էր տեսնում:
Մտանք թանգարան: Այստեղ ամեն անկյունից ժպտում էր Վարդանը:
Վարդանի քույրը` Արմինեն, ներկայացնում է եղբորը, մանկությունից հուշեր է մեջբերում, տղաների համար կարդում Վարդանի շարադրությունը, որով ընդունվել էր իրավաբանական ֆակուլտետ: Նա անգիր գիտի ամեն տող, ամեն բառ, բայց հուզմունքը թաքցնելու համար անընդհատ հանում–դնում է ակնոցը: Ներսում մոտ հիսուն մարդ կար, սակայն քար լռության էր տիրում…
Այնուհետեւ խոսեց հերոսի մայրը: Նա պատմեց որդու մասին ամեն ինչ, թե ինչպես է առաջին անգամ հերոսացած վերադարձել Աֆղանստանից, թե ինչպես է շարժման առաջին օրից հարուստ փորձն ու ռազնական գիտելիքները ներդրել Արցախյան ազատամարտում:
Ահա հասավ Զարիկ մայրիկի խոսքի ամենասրտաճմլիկ մասը. պատմում է, թե ինչպես էր ամեն անգամ գնում Վարդան անունով զոհված հերոսներին դիմավորելու… Առաջինը` Վարդան Բախշյանին, երկրորդը` Վարդան Տերտերյանին, իսկ երրորդ անգամ որդուն` Վարդան Ստեփանյանին… Նա պատմեց նաև, թե ինչպես է որդու խոսքի համաձայն դաշույն դրել նրա գլխի տակ ու հավերժ անմահացած հերոս որդուն Եռաբլուրում հանձնել հայրենի հողին…
Քար լռությունը ի վերջո իր տեղը զիջեց զսպված արցունքներին…
Զարիկ մայրիկը մեկ անգամ ևս համբուրեց հերոս տղաների ճակատները և խոսքը ավարտեց որդու բառերով. «ԵՐՆԵԿ ՆՐԱՆ, ՈՎ ՄԱՍԻՍԸ ՏՈՒՆ ԿԲԵՐԻ»:
Լսարանում սկսվեց քննարկումը, որից հետո բակում կազմակերպվեց փոքրիկ խնջույք, թնդաց ազգային երգն ու պարը… Մթնոլորտը լցված էր Հայրենիքի սիրով…
Մութ էր, երբ դուրս եկանք թանգարանից: Դուրս եկանք հոգեպես բյուրեղացած ու քառապատիկ հայենապաշտ դարձած: Բոլորի ականջներում դեռ հնչում էր Զարիկ մայրիկի շուրթերով որդու խոսքը. «Երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի»…
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Բանակ և հասարակություն