Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑ ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ



ԱՅՑ ՀԵՐՈՍԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՔաշաթաղի շրջանի 2 բնակավայրերից՝ Աղանուսից եւ Ապարանից 12 աշակերտներ կրթություն են ստանում Աղանուսի հիմնական դպրոցում, որն սկսել է գործել 1996 թվականից, իսկ 2001թ.-ից անվանակոչվել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի «Սասունցի Դավիթ» (հետագայում՝ «Սասնա ծռեր») ջոկատի զոհված ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով: Աղանուսը շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրերից է, գտնվում է շրջկենտրոն Բերձորից 10 կմ հարավ: Յուրաքանչյուր տարի Աղանուս են այցելում հերոսի մարտական ընկերները, եղբայրը, որդին եւ հնարավորինս օժանդակում կրթօջախին, նվերներ բերում աշակերտների համար:

Օրերս հերթական այցով այստեղ էին Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արտակ Նավասարդյանը, սոցապ բաժնի վարիչ Գոհար Ավետիսյանը, ՀՀ երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Դավիթաշենի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արսենի եղբայր Լեւոնը եւ որդին՝ Սամվելը: Նրանց դիմավորեցին դպրոցի տնօրեն Աելիտա Խաչատրյանը, ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ: Այս անգամ Աղանուսի դպրոցի նորոգման նպատակով բերել էին ներկանյութեր, իսկ աշակերտների համար՝ գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկներ եւ այլն: Հերոսի որդին՝ Սամվելը, հպարտությամբ է միշտ այցելում թեկուզ փոքրաքանակ աշակերտ ունեցող, սակայն իր հոր, նրա մարտական ընկերների կյանքի գնով ազատագրված հայոց պատմական հողում գործող դպրոց:

«Սասնա ծռեր» ջոկատը Մարտակերտի տարածքում 1993 թվականին տվել է 17 զոհ, որոնց շարքում էին հրամանատար Սամվել Գեւորգյանը եւ շարքային Արսեն Հակոբյանը: ԵԿՄ Դավիթաշենի բաժանմունքի փոխնախագահ Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ մարտի ժամանակ Արսենն ու եղբայր Լեւոնը միասին են մարտնչել: Իմանալով, որ մարտական ընկերները ծանր դրության մեջ են ընկել, կան զոհվածներ, Արսենն շտապել է օգնության եւ զոհվել: Աղանուսի հանդիպումից հետո դավթաշենցիները մեկնեցին Ստեփանակերտ: Այցի ընթացքում եղան նաեւ Մարտակերտում, քաղաքին նվիրեցին կոյուղիներ մաքրող հատուկ մեքենա: Հուլիսի 3-ին այցելեցին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ, որտեղ «Սասունցի Դավիթ» ջոկատի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթող է կանգնեցված: Նախատեսված է նաեւ հանդիպումներ զորամասերում:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Բանակ և հասարակություն


26/07/2017