ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Առավոտյան արդեն մարդաշատ էր զինկոմիսարիատի բակը: Գալիս էին զինվորացու տղաները հարազատների, ընկերների, բարեկամների ուղեկցությամբ: Գալիս էին բարձր տրամադրությամբ: Զինկոմիսարիատի անձնակազմն զբաղված էր օրվա խնդիրներով: Զինկոմ, գնդապետ Գևորգ Մխեյանը երեք տարի է, ինչ ղեկավարում է զինկոմիսարիատը: Տեղեկացրեց, որ անցած զորակոչերն անցել են կազմակերպված, առանց որևէ խնդիրների: Ծանուցագիր ստացած բոլոր զորակոչիկները ներկայացել են ժամանակին և մեկնել բանակ: Կարևորեց այն, որ զորակոչիկները գալիս են բարձր տրամադրությամբ: Զորակոչի բաժնի աշխատակիցները վերջնական տեսքի էին բերում նորակոչիկների փաստաթղթերը, զրուցում տղաների հետ, հետաքրքրվում խնդիրներով: Բաժնի պետ, փոխգնդապետ Ջիվան Ավետիսյանն ասաց, որ կազմակերպվածությունը բարձր է, պլանը կատարել են հարյուր տոկոսով: Զորակոչն ընթանում է ավանդույթի համաձայն` ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով: Մեր զրույցի պահին փոխգնդապետը ներկայացրեց նորակոչիկ Ա. Վարդանյանին, որը եկել էր Տոմսկից՝ հայրենիքին պարտքը տալու: Մարտարվեստի է տիրապետում նորակոչիկը և գիտակցում է` ինչի համար է տուն եկել: Այսօր շատ տղաներ կան, որ Հայաստանից դուրս են բնակվում, և ուրախալի է, որ շատերն են նույն գիտակցությամբ հայրենիք գալիս: Բժշկական հանձնաժողովում զրուցեցի նորակոչիկների հետ: Վերին Գետաշեն գյուղից է Տարոն Սիմոնյանը, իսկ Նորիկ Մաթոսյանը` Աստղաձորից:
–Մեր պարտքն է երկու տարի հսկել Հայոց սահմանը,- ասացին տղաները,- գնում ենք բարձր տրամադրությամբ, մարտական ոգով:
Ավագ բժիշկ Հրաչյա Խաչատրյանը զրուցում է բոլորի հետ, տղաները բողոք չունեն: Բուժքույր Նարինե Հովեյանը ստուգում է զորակոչիկների ջերմությունը, տալիս խորհուրդներ: Գեղհովիտից են երկվորյակ եղբայրներ Ռուբիկ և Ռուդիկ Կարապետյանները, Գեղամ Ըռքոյանը, Արամ Ազիզյանը: Բոլորն էլ հավատ ներշնչեցին. գնում են՝ դառնալու երկրի զինվորը, պաշտպանը: Մի խումբ երիտասարդներ օդ էին թռցնում նորակոչիկ Միքայել Մանուկյանին: Բարձր է բոլորի տրամադրությունը: Ընկերներն են, հարազատները, եղբայրը` Նարեկը, որն արդեն ծառայել է բանակում ու վերադարձել: Եղբորն ու բոլոր նորակոչիկներին մաղթեց բարի ճանապարհ ու վերադարձ:
Աստղաձորից է Գառնիկ Ալեքսանյանը:
–Աստված մեզ հետ,- ասում է Գառնիկը ու հավելում, որ պատրաստ է ծառայելու ցանկացած զորամասում: Հայրը հպարտորեն նշում է.
–Տղաներ ենք ունեցել, պահել, մեծացրել, որ նաև զինվոր դառնան, մեզ պաշտպանեն, տղայիս ու բոլոր զորակոչիկներին, սահմանի զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն:
Վերջապես զինկոմիսարիատի աշխատակիցները կարդում են անուն–ազգանունները, ու տղաները ողջագուրվում են ճանապարհողների հետ, տեղավորվում ավտոբուսներում: Ծափերի ու ուրախ կանչերի, երաժշտության ներքո շարժվում են ավտոբուսները` տանելով Հայոց երկրի հերթական զինվորներին: Ու հավատում եմ` նման ոգով դաստիարակված ու մեծացած հայորդիները տեր են լինելու մեր ազատությանն ու անկախությանը:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Ազգային բանակ