ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԸ
Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի նախապատրաստական գումարտակի զորանոցներում նորից աղմկոտ է՝ հերթական համալրումն է: Հենց այստեղ են ուսումնական մի քանի ամիսների ընթացքում անփորձ նորակոչիկներից բանիմաց ու կարող զինվոր կոփում: Այստեղ են երիտասարդները զենք կրելու, մարտական խնդիր կատարելու իրավունք վաստակում:
Ապրիլից հետո տղաները բանակ են գալիս ավելի տրամադրված
Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը՝ մայոր Հովհաննիսյանը, երկու, երեք, հինգ, տասը օր առաջ բանակ զորակոչված տղաների հետ է զրուցում: Ընկերային անկեղծ հարաբերությունների, կարգապահության նշանակության մասին է խոսում: Երբ դասամիջոց է հայտարարվում, մայոր Հովհաննիսյանին խնդրում ենք ներկայացնել, թե ինչ փուլերով է անցնում երիտասարդը զորամաս ժամանած ավտոբուսից իջնելուն պես:
–Նորակոչիկներին դիմավորում են ստորաբաժանման սպաներն ու սերժանտները: Բարի գալուստ ենք մաղթում եւ ուղեկցում բուժկետ: Այստեղ նրանք պարտադիր բուժզննում են անցնում: Պարզում ենք՝ ջերմություն, գանգատ ունեցողներ կա՞ն: Այդ ընթացքում զորամասի ճաշարանում հյուրասիրություն է կազմակերպվում: Չնայած նոր հրահանգի համաձայն՝ տղաները սնվում են հավաքակայանում, այնուամենայնիվ, զորամասում եւս մեկ անգամ ճաշում են: Այնուհետեւ նորակոչիկներին ուղեկցում ենք զորանոց, որտեղ նոր, արդուկած սպիտակեղենով հարդարված անկողիններն են: Երկժամյա հանգիստ է տրվում, իսկ եթե նորակոչիկներն ուշ են ժամանում, ուրեմն հանգիստը կազմակերպվում է ըստ կարգացուցակի` ժամը 22:00-ին: Հաջորդ փուլում տղաներին ենք հանձնում հողաթափեր, հիգիենայի պարագաներ, ինչպես նաեւ՝ համազգեստի բացակայող լրակազմը: Իրականացվում է դրոշմավորում՝ նորակոչիկի զինվորական գրքույկի թվային տվյալները գրառվում են համազգեստի վրա: Եթե նա, օրինակ, շփոթի գլխարկը, հեշտությամբ կկարողանա գտնել այն: Նորակոչիկները չեն մասնակցում առավոտյան մարմնամարզական միջոցառումներին, փոխարենը կազմակերպվում է զբոսանք: Ծանոթանում են զորամասի առօրյային, մարտական ուղուն, տեղակայված օբյեկտներին, աշխարհագրական դիրքին, հակառակորդի տեղակայման ուղղությանը: Կազմակերպվում են անհատական զրույցներ եւ գրառումներ ենք կատարում նորակոչիկի՝ հայրենիքի պաշտպանի գրքույկում: Բոլորի մասին, որքան հնարավոր է, շատ տեղեկություններ ենք հավաքում, ինչը թույլ է տալիս հետագայում ստորաբաժանումներով տեղաբաշխելիս ճիշտ կողմնորոշվել, իմանալ՝ ով ինչ հնարավորություն ունի: Հստակեցնում ենք կապը ծնողների հետ, կարճատեւ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում ենք, որ նրանց զավակը անվնաս ժամանել է զորամաս: Երրորդ օրը ներկայացնում ենք համազգեստի կրման, արտաքին տեսքին վերաբերող նրբությունները: Բացատրում ենք՝ ինչ է շարային կեցվածքը, սովորեցնում ենք շարքում տեղ զբաղեցնել: Հետագայում ստորաբաժանումներն առաջնորդվում են մանրամասն մշակված դասացուցակով: Չորսշաբաթյա պարապմունքներից հետո նորակոչիկները երդվում են: Յուրաքանչյուրին տրվում է իր զենքն, ու սկսվում է հնգամսյա նախապատրաստական գործընթացը: Այն եզրափակվում է ավարտական քննությամբ եւ բաշխումով: Տղաները համալրում են մարտական գումարտակները՝ լիովին տիրապետելով իրենց վստահված զենքին, ունենալով զինվորին հատուկ փորձ ու հմտություններ, մարտավարական գիտելիքներ: Ուսումնական ծրագիրը բարդ չէ եւ համապատասխանում է զինվորական ծառայության տարիքի տղաների մտավոր ու ֆիզիկական հնարավորություններին:
Նորակոչիկը միջավայրին, պարտականություններին, ծառայության պայմաններին հարմարվում է երկու–երեք ամսվա ընթացքում: Նա նոր կապեր է ստեղծում, ընկերներ է ձեռք բերում, հաղթահարում տան կարոտն ու ամբողջովին նվիրվում ծառայությանը: Նշեմ, որ ապրիլյան մարտագործողություններից հետո տղաները բանակ են գալիս ավելի տրամադրված, ավելի հետաքրքրված են ծառայությամբ: Զորամաս ժամանելուն պես՝ հարցնում են՝ ե՞րբ ենք բարձրանալու դիրքեր:
Մենք արդեն զինվորներ ենք
Մտնում ենք լսարան: Նորակոչիկները տարբերանշաններն են կարում համազգեստին, զուգահեռ զրուցում են սպաների ու սերժանտների հետ: Առաջին մի քանի օրերը շատ բան են սովորեցրել նրանց՝ որ առօրյան այստեղ խիստ կանոնակարգված է, որ հրամանները պետք է կատարվեն անվերապահորեն: Բայց դեռ պիտի հմտանան իրենց գործառույթներում:
Արման Բաղդասարյանը երկրորդ օրն է զորամասում: Ասում է` դեռ մի դժվարության է հանդիպել՝ ասեղը թելել չի կարողանում. «Հնարավորինս արագ պիտի յուրացնեմ զինվորի մասնագիտությունը: Նպատակս է նաեւ կոփվել ֆիզիկապես»:
Մյուս զրուցակիցս՝ Ալյոշա Ներսիսյանը, զինվորական ճաշն է հավանել. «Առաջին օրը վերապահումով ճաշարան մտա: Մտածեցի՝ երեւի բան չուտեմ, բայց այնքան ախորժելի էր կարտոֆիլով ու մսով ապուրը, իսկ աղցանը՝ համեղ, որ հավեսով կերա: Ու հասկացա, որ բանակի մասին լսածներս չեն համապատասխանում իրականությանը»:
Սեդրակ Սեդրակյանին նայողն էլ միանգամից կկռահի՝ մարզիկ է: Չենք սխալվում. «2014 թ. Թուրքիայում 54 կգ քաշային կարգում քիք–բոքսինգի չեմպիոն եմ ճանաչվել: Ծառայությունս հատուկ նշանակության ստորաբաժանումում եմ պատկերացնում: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, եւ ես անթերի կկատարեմ բոլոր հրամանները: Նաեւ՝ տնեցիներիս խնդրում եմ չմտահոգվել, զորամասում ամեն բան լավ է»:
Գարիկ Ներսիսյանը մայրաքաղաքից է, բայց շատ էր ուզում պաշտպանության բանակում ծառայել. «Եթե թմբուկից որեւէ թիկունքային զորամասի համար քաշեի, հաստատ կհրաժարվեի: Ես պիտի դիրքեր բարձրանամ, մարտական հերթապահություն իրականացնեմ, եւ չնայած չեմ ճանաչել իմ ավագ ընկերներին, բայց պետք լուծեմ նրանց վրեժը»:
Սուրեն Մարտիրոսյանն ուզում է շնորհակալություն հայտնել. «Գոհ եմ հրամանատարներից, մեզ այնքան ջերմ ընդունեցին: Այնքան համբերատար են՝ մի բանը երկու–երեք անգամ հարցնում ենք, սիրով, պատրաստակամորեն բացատրում են»:
Ռոման Դանիելյանը տղաների հետ միանգամից է ընկերացել. «Աշխատանքային, ընկերական, ընտանեկան մթնոլորտ է այստեղ: Ինչքան համախմբված լինենք, այնքան ուժեղ կլինի մեր վաշտը»:
Տղաները շարունակում են ամրացնել տարբերանշանները. պետք է հասցնել մինչեւ կեսօր: Չենք կտրում նրանց իրենց գործից: Բարձրանում ենք երկրորդ հարկ՝ ծանոթանալու նորակոչիկների կեցության պայմաններին: Զորանոցը լուսավոր է, ընդարձակ ու մաքուր: Ոչ մի ավելորդ իր, ոչ մի խառնաշփոթ՝ զինվորական կարգուկանոնով: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հակոբյանը ծանոթանում է նոր անձնակազմին: Նրան լսում են լուրջ, կլանված: Ավարտում է խոսքը.
–Հարցեր կա՞ն:
–Ոչ մի կերպ, պարոն ավագ լեյտենանտ,- արդեն զինվորի ձայնով պատասխանում են նորակոչիկները:
–Ես հարց ունեմ,- ասում եմ,- զորամասում ի՞նչն եք հավանել:
Տղաները խորամանկ լռում են: Հետո մեկն անակնկալ վրա է բերում.
–Վաշտի հրամանատարի անունը. Արցախ է:
Բոլորն անխոս համաձայնում են: Հետո հետեւում ենք կրտսեր սերժանտ Արթուր Շառոյանի գործողություններին՝ ցույց է տալիս, թե ինչպես պետք է հարդարել անկողինը: Այստեղ ամեն ինչ իր կարգը, իր հերթականությունն ունի: Հարդարանքը պետք է ձիգ լինի, ինչպես զինվորը շարքում:
Վան Հովհաննիսյանը վստահեցնում է՝ վեճեր չեն եղել, թե ով զինվորական երկհարկանի մահճակալի որ հարկում պառկի. «Համերաշխ ենք: Սկզբից էր անսովոր, մտածում էի՝ մի զորանոցում այսքան մարդ ոնց ենք քնելու: Բայց շուտ հասկացա՝ բանակում չպետք է ուշադրություն դարձնել կենցաղային մանրուքներին»:
Մի կարեւոր բացահայտում էլ Նարեկ Բարսեղյանն է արել. «Ժամին չնայել, օրերը չհաշվել. այս կարգախոսով եմ ծառայելու»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում