Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵՀԲՈՒԹՅԱՆՆԵՐ



Հայ հին նշանավոր գերդաստանների շարքում իրենց արժանի տեղն ունեն Բեհբությանները (Բեհբութովները), որոնք ապրել եւ գործել են Վրաստանում։

Գերդաստանի անվանադիր նախահայրը եղել է Խոջա Բեհբութը (16-րդ դար), որը պատմության մեջ հիշվում է նշանակալից փաստով՝ կառուցել է Հավլաբարի (Թիֆլիսի հնագույն թաղամասերից մեկի) հայկական եկեղեցին, որի շուրջը տարածվել է Խոջիվանքի գերեզմանատունը՝ հայոց մեծերի պանթեոնը։ Այստեղ են թաղված Րաֆֆին, Թումանյանը, Մուրացանը եւ շատ այլ նշանավոր հայեր։

Բեհբությանները մեծ ազդեցություն են ունեցել վրաց արքունիքում, եւ պատահական չէր, որ 1714թ. սկսած` ժառանգաբար վարել են Թիֆլիսի մելիքի կամ մամասախլիսի, այսինքն՝ քաղաքագլխի պաշտոնը։ Նրանցից առաջինը՝ Աշխարհաբեկը, 1723թ. սպանվել է Թիֆլիս ներխուժած թուրքերի կողմից։ Նրան փոխարինել է որդին՝ Բարսեղը, որն առավել հայտնի է եղել Մելիք Աղա անունով։ Նրանք են հիմնել Թիֆլիսի հայոց Կուսանաց վանքը։ Հիշարժան է նաեւ այն փաստը, որ Մելիք Աղան դեռեւս դեռահաս թագաժառանգ Հերակլին ուղեկցել է պարսից Նադիր Շահի արքունիք, մասնակցել շահի հնդկական արշավանքին, աչքի ընկել արիությամբ, որի համար արժանացել է բարձր պարգեւի՝ ադամանդակուռ սրի եւ ստացել պարսից արքունիքի որսապետի պաշտոնը։

Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը հաջորդաբար վարել են Մելիք Աղայի որդիները՝ Հովհաննեսը եւ Հովսեփը։ 1801-ին, երբ Վրաստանը միացվեց Ռուսաստանին, Հովսեփը դարձավ արքունի խորհրդական, գլխավորեց Վրաստան ներխուժած պարսկական զորքի դեմ մղվող կռիվները, եւ հաղթանակի համար բարձր պարգեւներ ու գնդապետի կոչում ստացավ ռուսաց Ալեքսանդր Ա կայսրից։

Ռուսական բանակի ականավոր զորավար դարձավ Հովսեփի որդին՝ Բարսեղ Բեհբութովը, որը 1856թ. ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում։ Նա 1812թ. Հայրենական պատերազմի մասնակից էր, եղել է Կովկասի կառավարչապետ Ա. Երմոլովի համհարզը, Իմերեթիայի կառավարիչ (1825-27թթ.), Հայկական մարզի կառավարիչ (1830-38թթ.), զբաղեցրել պետական եւ զինվորական բարձր պաշտոններ, պարգեւատրվել ադամանդակուռ սրով եւ բազմաթիվ շքանշաններով։

Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ էր նաեւ Բարսեղի եղբայրը՝ Դավիթ Բեհբութովը, որը հաջողությամբ շարունակել է գերդաստանի զինվորական ավանդույթները, երկար ժամանակ ծառայել Լեհաստանում։

Գերդաստանը տվել է նաեւ մշակույթի գործիչներ։ Նրանցից էր ռեժիսոր Վալերի Բեհբութովը (1885-1961), որը Բարսեղի զարմիկն էր։ Աշխատել է ռուսական շատ թատրոններում, ստեղծել է թատերախումբ եւ հյուրախաղերով եղել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ 1928-ին հյուրախաղերով եղել է նաեւ Երեւանում։

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Պատմության էջերից


10/08/2011