ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ 2017»-Ի ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Մերձմոսկվայում հուլիսի 29-ին հանդիսավորությամբ մեկնարկեցին երրորդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։
«Միջազգային բանակային խաղեր 2017»–ն անցկացվում է 5 երկրների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի 21 զորավարժարաններում։
Բացման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով։ Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձևում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը և Մարոկոն։ Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաև Հայաստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։