Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ…



Ապրելով հայ ժողովրդի ծոցում՝ եզդի ժողովուրդը դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ ու ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները։ Եզդի ժողովրդի ճակատագիրը հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում սերտորեն եւ անքակտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագրի հետ։ Դրա վառ ապացույցը դարձավ Արցախյան շարժումն ու պատերազմը։ Եզդիները միացան հայ ժողովրդի ազատագրական պայքարին ճիշտ այնպես, ինչպես 1915թ. աշխարհամարտին նրանք իրենց ճակատագիրը կապեցին հայ ժողովրդի հետ եւ չսխալվեցին։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը դարձավ հայ եւ եզդի ժողովուրդների փորձաքարը, այդպես էլ Արցախը դարձավ երկու ժողովուրդների նորօրյա բարեկամության վկայագիրը։

Եզդի ժողովրդի մեծ զավակ, աշխարհի եւ ՀՀ եզդիների ազգային միությունների նախագահ, եզդիների ազգային պատմագիտության եւ աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանը արժանիորեն շարունակեց եզդի ժողովրդի լեգենդար զավակ Ջհանգիր Աղայի գործը, որը նախորդ դարի առաջին տասնամյակին չխնայելով կյանքն ու ունեցվածքը, անվարան կանգնեց հայ ժողովրդին կողքին, մասնակցեց Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերին եւ իր ու իր ժողովրդի անունները հավերժորեն թողեց ոչ միայն եզդի, այլեւ հայ ժողովրդի հիշողության մեջ։

Ազիզ Թամոյանի, կամ, ինչպես եզդի ժողովուրդն է նրան անվանում, Ազիզե Ամարի, ժողովրդի առաջնորդի եւ զորավարի տաղանդը փայլեց հատկապես Արցախյան շարժման ընթացքում։ Նա իր խելամիտ ու հեռատես գործողություններով նոր էջ բացեց եզդի եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ՝ դառնալով այդ մեծ բարեկամության խորհրդանիշը։

Երբեք չեն մոռացվի Ազիզ Թամոյանի ելույթները Կոտայքի մարզի Զովունի գյուղում եզդիական Ամո թաղամասում տեղի ունեցած հանրահավաքներում, երբ նա բարձրաձայն արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ կանգնել հայ ազատատենչ եղբայրների կողքին եւ միասին կռել հաղթանակը։ Այդ հանրահավաքներում, որին մասնակցում էին հազարավոր եզդիներ, Ազիզ Թամոյանն իր կրակոտ ու սրտառուչ խոսքով ոտքի հանեց իր ազգակից երիտասարդներին ու ծերերին։ Հանրահավաքային ալիքը Կոտայքի մարզի Ամո թաղամասից անցնում է հանրապետության մյուս եզդիաբնակ շրջանները։ Եվ ամենուրեք՝ Արտաշատում եւ Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում Ազիզ Թամոյանը ոգեշնչում է երիտասարդությանը եւ կազմակերպում կամավորական ջոկատ ու տանում պայքարի՝ հանուն ազատության եւ հաղթանակի։ Եվ եզդի կամավորական ջոկատը իրենց առաջնորդի հրամանատարությամբ առաջին մկրտությունն ստանում է Երասխավանի մարտերում, այնուհետեւ ակտիվ մասնակցություն է բերում Ոսկեպարի պաշտպանական գործողությունների ժամանակ։ Եզդի կամավորականները միաժամանակ համագործակցել են հայկական ջոկատների, մասնավորապես «Սասունցի Դավիթ» ջոկատի հետ՝ օժանդակելով զենքով եւ զինամթերքով։ Թամոյանի գլխավորած ջոկատում ընդգրկված են եղել տարբեր տարիքի մոտ 500 ազատամարտիկ եզդիներ, որոնք հայկական ջոկատների հետ միասին մասնակցել են Նոյեմբերյանի, Կրասնոսելսկի շրջանների մարտական գործողություններին։ Ակնառու է եղել նրանց ավանդը ինչպես Լաչինի միջանցքի, այնպես էլ Մարտակերտի եւ Հադրութի շրջանների մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերում։ Ընդհանուր թշնամու դեմ պայքարում 30-ից ավելի եզդի քաջորդիներ զոհվեցին՝ հերոսացնելով իրենց եւ իրենց սնող ժողովրդին։ Նրանցից 3-ի՝ Իսմայի Շառոյանի, Թեմուր Զեյդինյանի եւ Գագիկ Հաջոյանի աճյունները հանգչում են Եռաբլուրում՝ Արցախյան ազատամարտի հայ հերոսների կողքին։

Արցախյան ազատամարտի եզդի կամավորականների եւ նրանց առաջնորդի վաստակը չի մոռացվել ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ հայ ժողովրդի հիշողությունից։ Արցախյան ազատամարտում ունեցած մեծ ներդրման համար վերջերս մոտ 10 եզդի ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պաշտպանության նախարարության մեդալների։ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով տարբեր կարգի մեդալների են արժանացել ազատամարտիկներ Ռզա Օզմանյանը, Ռզգան Մուրադյանը, Ռուստամ Բրոյանը, Մշիր Նադոյանը, Ուսուբ Սարհանգյանը, Ռզգո Սարհանգյանը, Մաջիթ Թամոյանը, Օզման Քալոյանը եւ կին ազատամարտիկ Ասյա Խատոյանը։ Արժանին է մատուցվել նաեւ եզդի ժողովրդի հմուտ ու խոհեմ առաջնորդին ու զորավարին՝ Ազիզ Թամոյանին։ Ժողովուրդը իր աննկուն ու քաջ որդուն երկու անգամ՝ 1992 եւ 2007թթ. շնորհել է ազգային հերոսի պատվավոր կոչումը։ Բարձր է գնահատվել նրա սխրանքը նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից. նա պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» եւ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։

-Այս բարձր պարգեւներն ինձ են տրված,- «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքում գրում է Ազիզ Թամոյանը,- սակայն դրանք առաջին հերթին պատկանում են մեր ամբողջ ժողովրդին՝ աշխարհի բոլոր եզդիներին։ Այս պարգեւները Արցախյան ազատամարտում մեր փոքրաթիվ ժողովրդի ունեցած ակտիվ մասնակցության գնահատումն է։ Դրանք Հայաստանի իշխանությունների եւ հայ ժողովրդի ազգային փոքրամասնությունների նկատմամբ ունեցած հարգանքի վկայությունն են, եւ դա չի կարող անարձագանք մնալ մեր ժողովրդի կողմից։ Մեր ավանդապաշտ ու ավանդապահ ժողովուրդը հայ ժողովրդին հավասար վաստակել է այս հողի վրա ապրելու եւ բարգավաճելու իրավունքը։

Այսպիսին է եզդի ժողովուրդը, եւ այսպիսին է այդ ժողովրդի արժանի զավակ Ազիզ Թամոյանը։ Եվ ահա ինչու հայ ժողովուրդը գիտե ամուր սեղմել եղբայրաբար մեկնված ձեռքը։ Ըստ Ազիզ Թամոյանի, թեեւ եզդիների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է երկու միլիոնը, բայցեւայնպես միայն Հայաստանում ապրող մոտ 41 հազար եզդի բնակչությունն ունի ազգային, հոգեւոր, գիտամշակութային կյանքով ապրելու բոլոր հնարավորությունները. «Մեր կենտրոնական սրբավայրը գտնվում է Հյուսիսային Իրաքում՝ Եզդիստանի տարածքում, Լալըշ կոչվող վայրում, որտեղ, սակայն, մենք զրկված ենք որեւէ հոգեւոր-մշակութային կյանք կազմակերպելուց։ Մինչդեռ Հայաստանում մենք ունենք թերթ, ամենօրյա ռադիոհաղորդումներ։ Իսկ ամենակարեւորը՝ 2002թ. մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովը ճանաչեց եզդիների լեզուն։ Դա հաստատեց եւ ընդունեց նաեւ Եվրախորհուրդը։ Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ` եզդի երեխաների համար դասագրքեր են ստեղծվում եւ այլն։

Ազիզ Թամոյանը ուսել է իր ժողովրդի առաջնորդը լինելու ծանր լուծն ու ի պատիվ իրեն ահա երկու տասնամյակ նվիրումով ու փառքով առաջ է տանում։ Եվ կարելի է առանց վարանելու ասել, որ նա, որպես սեփական ժողովրդի ծոցից դուրս եկած առաջնորդ, ամեն ինչ արել է՝ ճանաչել տալու համար իր փոքրաթիվ ազգն ու կարողացել է վառ պահել նրա հավատը գալիք լուսեղեն օրերի հանդեպ։

Թերեւս քչերն իմանան, որ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը եղել է եզդի ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը։ Հայտնի է, որ նա շատ մտերիմ շփումներ է ունեցել եզդի համայնքի ներկայացուցիչների հետ, հատկապես երկար զրուցել եզդի ցեղապետների հետ, ծանոթացել, գրի առել այդ ժողովրդի բանավոր ստեղծագործությունները, ժողովրդական զրույցներն ու ավանդությունները։ Աբովյանին հատկապես հետաքրքրել է հայ եւ եզդի ժողովրդի զենքի բարեկամությունը։ Ահա թե նա ինչպիսի տողեր է գրել Շեյխ Միրզայի եւ Քեշիշ Պոլոյի (քահանա Պողոս) ռազմական համագործակցության մասին. «Ինչպես պատմում է ականատեսներից մեկը, դեռեւս նորերս արիության ու քաջագործության հրաշքներ են ցույց տվել եզդի ցեղապետ Միրզա Աղան ու հայ Պողոս քահանան։ 1828թ. Ռադովան բերդի մոտերքում՝ Մոսուլից ոչ հեռու, յուրաքանչյուրն իր համայնքով մոտենում է թուրքերի ու քրդերի 30 հազար զինվորից բաղկացած բանակին եւ իրենց փոքրիկ զորամասերով գրեթե ոչնչացնում նրանց ամբողջ բանակը»։ Ավելին, Խաչատուր Աբովյանը գրի է առել հայ եւ եզդի հերոսներ Պողոս քահանայի եւ Միրզա Աղայի սխրագործությունները փառաբանող երգը, որ եզդիները երգել են ու դեռ երգում են։ Ներկայացնում ենք Խաչատուր Աբովյանի գրառած երգն ամբողջությամբ։

Ռադովանում սունկ է բուսնում,
Միրզա-աղայի ձին խրխնջում է։
Քեշիշ Պոլոն գոչեց Շեխ-Ղասումին.
«Ես ոչնչացրի քո բանակը,
Գլխատեցի նիզակներով զինված երեսուն դերվիշ»։
Ռադովանի մոտով գետ է հոսում։
Շեխ-Ղասումի բանակը նրա միջով անցավ։
Քաջ Միրզա աղան եւ Քեշիշ Պոլոն
գոչեցին նրանց. «Մենք ձեզնից
նիզակահարել ենք հազար ձիավոր»։

Ռադովանում կան խաղողի այգիներ,
Շեխ-Ղասումի բանակը ներս մտավ այնտեղ,
Քեշիշ Պոլոն գոչեց նրան.
«Ձեր գլուխները սոխի գլուխներ են մեզ համար»։

Դոլանում թուզ է բուսնում,
Շղթայակապ է Միչոյի սուրը։
Միչոն կանչեց. «Աստված է վկա,
ի՛մ քաջեր, ի՛մ եղբայրներ։
Մեր նիզակները ջախջախվել են,
Ատրճանակների կայծքարերը կոտրատվել են,
Սրերը ձեռքներդ առե՛ք
Եվ պաշտպանեցե՛ք մեր ընտանիքի թիկունքը։
Ոտքի կանգնեցրե՛ք Միչոյին։
Գոտեպնդե՛ք նրան սրով Մսուրի,
Որպեսզի անհավատը սարսափի
Եվ մեզ չբռնի»։

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/08/2011