ԹԵՀՐԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պատրաստվում է է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ: Իրանի բարձր ղեկավարությունը հավանություն է տվել մեր երկրի հետ սահմանին տնտեսական ազատ գոտի ստեղծելու ծրագրին, ըստ որի` Հայաստանի հետ համատեղ կօգտագործվի Նորդուզ–Մեղրի անցակետը: Սպասվում է, որ արդյունքում կշահեն երկու կողմերը: Ազատ այս գոտին հնարավորություն կտա ակտիվացնելու ոչ միայն երկու պետությունների հարևան տարածաշրջանների միջև ապրանքաշրջանառությունը, այլ ընդհանրապես՝ մեծացնելու նաև ռազմաքաղաքական համագործակցությունը: Նորդուզ–Մեղրի անցակետի համատեղ ազատ գործադրման մասին պայմանավորվածություններ եղել են նաև անցյալում. Հայաստանի ու Իրանի քաղաքացիները պետք է առեւտուր անեին: Սակայն այն մի քանի անգամ բացվեց–փակվեց, հետո հայտարարվեց, որ այլևս չի գործում, քանի որ սպասելիքները չեն արդարացել:
Թեհրանում նոր շունչ է առնում նաև Հայաստան–Իրան երկաթուղու և մեր երկրի տարածքով իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցելու ծրագրերը: Այդ երկու ծրագրերը կարող են նպաստել Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Հայաստանի Հանրապետության հանդեպ Իրանի Իսլամական Հանրապետության հետաքրքրվածության նորացումը մեծապես պայմանավորված է տարածաշրջանային իրավիճակով: Իրանը ձգտում է վերականգնել տարածաշրջանային առաջնորդի` իր դերակատարումը, սակայն կրկին անգամ կանգնած է ԱՄՆ վարչակարգի նոր պատժամիջոցների և ճնշումների վտանգի առջև: Եվ եթե Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին Վաշինգտոնը մի փոքր թուլացրել էր ճնշումը Թեհրանի նկատմամբ, ապա նոր նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրվանից ոչ միայն չբացառեց նոր պատժամիջոցների կիրառումը, այլեւ նույնիսկ ավելի կոշտ գործելաոճը:
Թեհրանին մեծապես մտահոգում են նաև վաշինգտոնյան տարածաշրջանային գլխավոր դաշնակից Սաուդյան Արաբիայում ծավալվող գործընթացները: Փաստացի, հունիսի 21-ին Սաուդյան թագավորությունում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել «պատերազմի» ճամբարը՝ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի գլխավորությամբ: Թե՛ թագավոր Սալման բեն Աբդել Ազի ալ Սաուդը, թե՛ նրա որդին կողմնակից են Իրանի դեմ ոչ միայն քաղաքականության կոշտացմանը, այլեւ նույնիսկ ռազմական ճանապարհով վիճելի հարցերի հանգուցալուծմանը: Հեղաշրջման արդյունքներն արդեն իրենց զգացնել են տալիս Եմենում, որտեղ անուղղակի պատերազմ է Րիադի և Թեհրանի միջև: Սաուդյան Արաբիան ավելի է մեծացրել իր մասնակցությունն այդ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմում, որը կարող է հանգեցնել շիաների՝ ընդդիմադիր ճամբարի պարտությանը: Իրանի համար իրավիճակի որոշակի բարելավում տեղի ունեցավ միայն Քաթարի և Սաուդյան Արաբիայի միջև սկանդալի շնորհիվ: Արդյունքում՝ Պարսից ծոցում ուժերի հավասարակշռությունը մի փոքր կփոխվի դեպի իրանական կողմը:
Բնականաբար, Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականության ուժեղացման գործում անմասն չէ Թել Ավիվը և հրեական լոբբին: Իսրայելն ավելի է ակտիվացրել համագործակցությունն Ադրբեջանի հետ ռազմարդյունաբերական ոլորտում՝ տրամադրելով ռազմատեխնիկական նոր միջոցներ: Երուսաղեմում հունիսի 21-ին պաղեստինցիների և հրեաների միջև նոր բախումները, բնական է, կարող են ավելի սրել Իսրայելի և Իրանի միջև անհանդուրժողականությունը` հանգեցնելով նաև Իրանի դեմ հրեական պետության դաշնակիցների տրամադրվածության նոր վատթարացմանը: Բնական է, որ եթե տարածաշրջանային իրավիճակը կրկին բարդանա, ապա Իրանի համար շատ հուսալի հարևան ու ելք դեպի արտաքին աշխարհ մնում է Հայաստանը:
Եվ հենց այդ հանգամանքով է պայմանավորված Հայաստանի նկատմամբ Իրանի հետաքրքրությունների նոր մեծացումը: Թեհրանի համար առավել քան կարևոր է իր կողքին այնպիսի Հայաստան ունենալը, որը կսանձի Ադրբեջանին: Եվ, ըստ այդմ, Թեհրանը պատրաստ է աջակցելու հայկական կողմին տնտեսական դաշտում: Միանշանակ, Իրանը տարածաշրջանային միակ երկիրն է, որը շահագրգրված է նաև Ղարաբաղյան հիմնահարցում ներկայիս ստատուս քվոյի պահպանմամբ:
Այսպիսով՝ հայ–իրանական համագործակցությունը թևակոխում է նոր փուլ, պայմանավորված թե՛ Երևանի և թե՛ Թեհրանի առջև կանգնած մարտահրավերների լրջացմամբ: Իրանական կողմը պատրաստ է յուրաքանչյուր քայլի, որը հետագայում կնպաստի իր անվտանգության ապահովմանը:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Տարածաշրջան