Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ



Հատվածներ գրքից

 ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔՍկիզբը՝ նախորդ համարներում

 Հարկ է ընդգծել, որ հայդուկները մեծ դեր են ունեցել նաև զենք տեղափոխելու գործում: Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին Հայ հեղափոխական դաշնակցությունը հանձն առավ ընդհանուր ապստամբության համար ուժերի կազմակերպման գործը: Ընդ որում՝ բուն «էրգրի» մարտական ուժերի ու ռազմամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Սասունը, որտեղ դրա համար կային առավել նպաստավոր պայմաններ: Նման մարտավարություն որդեգրեցին նաև «Հնչակյան» և «Վերակազմյալ հնչակյան» կուսակցությունները: Ժողովրդի կազմակերպումը, զինումը և նրան ընդհանուր ապստամբության նախապատրաստելը պահանջում էր օտար աչքի համար անտեսանելի, լուռ, համբերատար ու տքնաջան աշխատանք: Ազատագրական շարժման հրատապ խնդիրներից մեկը ապագա ապստամբության կենտրոններում ուժերի ու միջոցների համակարգված կենտրոնացումն էր: 1900թ. սկսած՝ ավելի հաճախակի էին դարձել կանոնավոր զորքերի և համիդիե գնդերի հետ զինատար խմբերի բախումները: Դրանք թեև հայոց ազատամարտի պատմության նոր հերոսական էջեր էին, բայց պատճառ էին դարձել ազատամարտիկների, զենքի ու զինամթերքի մեծ կորուստների,  հետևաբար լրջորեն վնասել էին «էրգրի» զինման գործը: Անհրաժեշտ էին զենքի ու զինամթերքի փոխադրության նոր ուղիներ ու մեթոդներ: Արդեն 1900թ. Ատրպատականից Վասպուրական ազատամարտիկների զենքի փոխադրումը իրականացվում էր փոքր քանակներով` հաճախ ջորեպանների կամ քուրդ շալակավորների միջոցով: Գրեթե նմանատիպ մեթոդներով սկսել էին գործել նաև Անդրկովկասից ձգվող ԿարսԲասենԽնուսՍասուն և ԵրևանԱլադաղԱխլաթՍասուն զինատար ուղիները: Հատկապես այս երկու ուղիներով Սասունը մինչև 1904թ. զգալի քանակությամբ զենք ու զինամթերք էր ստացել, թեև ոչ բավարար խոշոր ապստամբության համար:   Կին նշանավոր և աննկուն զինատարներից էր հայդուկապետ Սևքարեցի Սաքոյի կինը՝ Մարո Ղարաքեշիշյանը: Այսօր քչերին հայտնի այդ հերոսուհու շնորհիվ բազմիցս զենք ու զինամթերք է փոխադրվել Արաքսից այն կողմ: Ծնվել և մեծացել է Թիֆլիսում: Դեռ փոքրուց ոգևորվել է արևմտահայ ազատագրական պայքարով: Մ. Ղարաքեշիշյանը պատերազմական տարիներին որոշել է իրեն նվիրել Արևմտյան Հայաստանի  ազատագրման սուրբ գործին: Ահա թե ինչու դպրոցն ավարտելուց հետո նա դարձել է զինատար խմբի առաջատարներից մեկը: Նկատի ունենալով նրա հերոսական կերպարը՝ կարող ենք ասել, որ միայն Մարոյի նման նվիրյալները կարող էին Ռուսաստանից և Միջին Ասիայից այդքան մեծ քանակի զենք տեղափոխել հենց իրենց՝ ռուսների միջոցով և այն ծառայեցնել ազգայինազատագրական պայքարի սուրբ գործին:  Երբ Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքոն, աշխուժորեն զբաղվել է զենք հայթայթելու և դեպի Ավետյաց երկիր տեղափոխելու բարդ ու վտանգավոր գործով, հանդիպել է շատ շատերի, դիմավորել է բազմաթիվ զինատար խմբերի, իսկ նրան անհրաժեշտ տեղեկությունները հասել են Մարո Ղարաքեշիշյանի միջոցով: Աննկուն հերոսուհի Մարոն 1900 թվականի սկզբին ձերբակալվել է Ռուսաստանից և Միջին Ասիայից զենք տեղափոխելիս, սակայն հայրենասեր հայորդու՝ Գևորգ Կարաքեշիշյանի տված գումարով Սամարղանդի զինվորական դատախազը բավարարվել է զենքը բռնագրավելով: Սակայն Մարոն շարունակել է նվիրական գործը Թիֆլիս վերադառնալուց հետո ևս:  1906թ. հայդուկապետ Սևքարեցի Սաքոյի հետ ամուսնանալուց հետո տեղափոխվել է Երևան: Ցավալի է, որ նրանց համատեղ կարճ կյանք էր վիճակված: Լեռնային կռիվներում հայդուկի մարմնի մեջ խրված գնդակը տարիներ հետո՝ 1909 թվականին, նրան գերեզման է տարել: Հենց նրա գերեզմանին սրբազան երդում տալով՝ Մարոն վերահաստատել է իրենց կյանքի գործը մինչև վերջ հասցնելու վճռականությունը: Ամուսնու մահից հետո նա կրկին Թիֆլիսում էր: Հովհաննես Թումանյանի օգնությամբ ծանոթացել է քաղաքի մեծահարուստների հետ, որոնց օգնությամբ հանգանակության գումարները հասցրել է աննախադեպ չափերի: ԹիֆլիսՂազախՔարվանսարաԴիլիջանԵրևանԴավալու ուղեգծով զինատար ֆուրգոնը Մարոյի ուղեկցությամբ հրացաններ ու փամփուշտներ է տեղափոխել Արևմտյան Հայաստան: Հայերեն, ռուսերեն, վրացերեն և թուրքերեն լեզուների տիրապետումը, բնածին համարձակությունն ու ծանր իրավիճակից դուրս գալու հնարամտությունը օգնել են նրան: Բայց միշտ չէ, որ մահացու վտանգը շրջանցել է խիզախ կնոջը: 1909թ. վերջերին նա ձերբակալվել է և շուրջ հինգ տարի անցկացրել Սամարղանդի  բանտում: Բանտից հետո քիչ բան է մնացել նրա երբեմնի շքեղ գեղեցկությունից. մազերը կիսով չափ ճերմակել են, դեմքը պատվել է կնճիռներով: Միայն ուժեղ ու կրակոտ աչքերն են նույնը մնացել: Նրա մեջ պահպանվել է ըմբոստ, մարտնչող ոգին

Վերադարձից ընդամենը օրեր հետո կրկին առաջվա զինատարն էր: Երկու անգամ հաջողությամբ զենք է հասցրել Նորշեն: Նրա անունը վաղուց հայտնի էր ֆիդայական աշխարհում: Սևքարեցի Սաքոյի զենքի ընկերները, այդ թվում` ֆիդայապետ Նիկոլ Դումանը, իմացել ու ողջունել են, որ նա ազատվելով բանտից, շարունակել է իրագործել սրբազան երդումը:  1914 թվականի հոկտեմբերին, Սևքարից Դիլիջանով հրացաններ ու փամփուշտներ տեղափոխելիս ավազակային հարձակման արդյունքում, Մարոն կնքել է իր մահկանացուն: Նա կռվել է մինչև վերջ՝ սպանելով այդ ավազակներից մեկին:

Բիթլիսցի հարուստ ընտանիքի զավակ էր Շողերը, որի առաքելությունն ազգի ազատագրության սուրբ գործին զինվորագրվելն էր: Բիթլիսցի քաջ հայդուկ Մուշեղի հետ ամուսնանալուց հետո ավելի ոգևորված էր գործում: Հայ մատնիչ Խաչոյին սպանած Մուշեղի մասին տեղեկություն ստանալու համար ոստիկանները Շողերին ծեծել էին, սակայն ոչինչ չկարողանալով կորզել նրանից՝ բանտարկել էին: Անսասան Շողերը, ժամանակակցի վկայությամբ, որպես «էգ առիւծ մը` խրոխտ կեցուածքով», քաջաբար պատասխանել էր. «Եթէ ֆէտային կը փնտռեք, ան, մատնիչ Խաչօն սպաննելով, փախաւ»:

Ազատագրական պայքարում աչքի է ընկել նաև կին զինատար հայդուկ Ծաղիկը: Վերջինս զինակցել է Դերիկի վանքի հայդուկների հետ, մասնակցել է նաև Դերիկի 1894 թվականի ինքնապաշտպանական կռիվներին և զենքի փոխադրմանը: Զենքի փոխադրման գործում մեծ դեր է խաղացել նաև Ուզունլուծի (Յոզղաթ) հերոսուհի Գոհարիկ Մարգարյանը: 1890-1908թթ.  Գոհարիկն ամենատարբեր միջոցներով և մեթոդներով զենք ու զինամթերք է տեղափոխել Արևմտյան Հայաստան՝ անգամ ջահերի մեջ թաքցնելով դրանք: Ի դեպ, այդ ջահթաքստոցներից մեկը պահպանվել է և այժմ Երևանի Զորավար Անդրանիկի անունը կրող ֆիդայական շարժման թանգարանում է: 

Կին հայդուկներից հայտնի են եղել նաև ՀայոՀայաստանը, Սաթենիկ Մատինյանը (Ծաղիկ), Սաթո Օհանջանյանը, Սատան Սիմեյանը, Գայլ Շահենը, Խազալը, Մավին, Աղավնի Վարպետյանը, Սրբոն, Սևոն, Իսմոն և ուրիշներ, որոնց գործունեության մասին, ցավոք, դարձյալ քիչ բան է մեզ հասել: Տարբեր աղբյուրներում հիշատակվում են նաև ֆիդայուհիներ Խաթուն Գոնտրաջյանի, Կոբեցի Շուշանի, Մարիամ Չիլինգարյանի, Խանում Քեթենջյանի, Ազնիվ Պուճագյանի անունները:  Փոքր Հայքի ֆիդայուհիներից և Արամի մտերիմ գործընկերներից էր Սեբաստիայի Թոտորակ գյուղից Էլմաս Դարբինյանը (Մալեմզյան), որին կոչել են «Հորքուր». «Հնչակեան բոլոր խմբապետները գիտէին, թե ով է Հօրքուրը, և ինչ է անոր դերը…»,- փաստագրել է ժամանակակիցը:

Մալաթիայի գավառում Արիֆ բեյի գազանությունների դեմ պայքարում աչքի է ընկել ֆիդայուհի Վարդուհին: Երբ մի անգամ Արիֆ բեյն իր խմբով եկել է Մալաթիայի գավառ, տեսել է գեղեցկուհուն և առևանգել է նրան: Սակայն վերջինս կարողացել է հընթացս ձիուց թռչել և փախչել: Այնուհետև խուսափելով բեյի հետապնդումներից՝ եղբոր՝ Պետոյի հետ հեռացել է լեռները, դարձել է հայդուկ, ստեղծել իր խումբն ու վրեժ լուծել:

 Շարունակելի

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Հոգևոր-մշակութային


02/08/2017